ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՊԱՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5 տոկոս: Այդ մասին ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

 

Կենտրոնական բանկի  կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանվել է 10, իսկ բանկերից ներգրավվող դրամական միջոցների տոկոսադրույքը՝ 7 տոկոս: Խորհրդի գնահատմամբ՝ վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի եւ  գների կայունության նպատակի իրագործման համար: ԿԲ-ի կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն՝ 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել եւ 2024 թվականի փետրվարին կազմել է -1.7 տոկոս: Նմանապես շարունակել է նվազել նաեւ 12-ամսյա բնականոն գնաճը, որը հունվարին կազմել է -0.4 տոկոս:

«Համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնաճային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա շարունակում են զգալիորեն թուլանալ։ 2024 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական առեւտրային գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել, իսկ տարեկան գնաճը՝ նվազել։ Այնուամենայնիվ, գնաճային միջավայրը պահպանվում է բարձր մակարդակներում՝ պայմանավորված աշխատաշուկայից ածանցվող գնաճային ճնշումներով: Սպասվում է, որ առաջիկայում հիմնական գործընկեր երկրների կենտրոնական բանկերը կպահպանեն դրամավարկային քաղաքականության զսպող դիրքը, ինչը կարող է ռիսկեր ստեղծել համաշխարհային պահանջարկի կրճատման եւ գնաճի նվազման համար: Մերձավոր Արեւելքում աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում մատակարարման շղթաների խաթարման, ինչպես նաեւ Չինաստանում ֆինանսատնտեսական խնդիրների սրման հետեւանքով առկա են Համաշխարհային տնտեսական աճի դանդաղման եւ միջազգային ապրանքահումքային շուկաներում գների տատանողականության հետ կապված ռիսկեր»,- նշեց Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահը նկատեց, որ 2023 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է տնտեսական ակտիվության բարձր մակարդակը, ինչին շարունակել է նպաստել շինարարության եւ առեւտրի ոլորտների բարձր աճը:

«Հայաստանում գնաճը շարունակում է մնալ ցածր, ինչին հիմնականում նպաստել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացված զսպող դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները եւ դրամի արժեւորման հետեւանքները: Միաժամանակ աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն նպաստել է համախառն պահանջարկի եւ առաջարկի միջեւ անհավասարակշռության կրճատմանը, ինչն էլ արտահայտվել է  աշխատավարձերի եւ կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների եւ ծառայությունների գնաճի ու գնաճային սպասումների նվազմամբ»,- մանրամասնեց նա:

Մեծ անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, ԿԲ խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Հավասարակշռելով դրանց ռիսկերը՝ խորհուրդը որոշել է շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը։ Խորհուրդը շարունակելու է դիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի եւ գների կայունության նպատակի ապահովման համար:

Նախկինի պես ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշում է կայացնելու տարեկան 8 անգամ:

 

 

 

 

ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԱՊԱԳԱՅՈՎ ՄՏԱՀՈԳ

Համացանցում ակտիվ շրջանառվում են լուրեր, որ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան փակվում է, սակայն թե՛ Կոնսերվատորիայի ռեկտորը, թե՛ ԿԳՄՍՆ-ն հերքում են այդ փաստը՝ նշելով, որ վերանորոգվելու է Կոնսերվատորիան։

 

Կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում նախօրեին տարածվել էր հայտարարություն, որում նշված էր, որ տեղի է ունենալու համակոնսերվատորիական ժողով։

ԶԼՄ-ների մուտքը ժողովին արգելված էր, սակայն Կոնսերվատորիայի բակում հավաքված շատ մարդիկ հայտնեցին իրենց դժգոհությունը։

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայլիյանն ասաց, որ ինֆորմացիան տարատեսակ է, եւ այս խնդրով այսօր նրանք չէ, որ պետք է զբաղվեին։

«Մենք այսօր չպետք է զբաղվեինք նման աբսուրդային խնդրով, ինչպիսին է Կոնսերվատորիայի շենքի լուծարումը, Կոնսերվատորիա չլինելը։ Ես կարծում եմ, որ Կոնսերվատորիայի չլինելու հարցն է այսօր, որովհետեւ այդ ուսանողական քաղաքը, որի մասին խոսք է գնում, շատ լավ է, թող կառուցվի այդ քաղաքը։ Այդ քաղաքը, որպես ալտերնատիվ տարբերակ, ժամանակակից տարբերակ, շատ լավ է, բայց պոկել քաղաքի սրտից իր ավանդական Կոնսերվատորիան, որը շատ մեծ նշանակություն ունի քաղաքի համար, մեր մշակույթի համար, մեր մշակույթի սիրտն է Կոնսերվատորիան»,- ասաց Մայիլյանը։

Մայիլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շենքը կարող էր վերանորոգովել, ինչի մասին էլ նրանց տեղեկացրել են։

«Մենք կարծես տեղեկացված էինք, որ պետք է վերանորոգում լինի. այդ չակերտավոր նորոգումը, ի դեպ, որը հիմա մյուս կորպուսում է տեղի ունենում, արդեն կարծեմ երկրորդ կամ երրորդ տարին է, որ մեզ բոլորիս համար դժվարություններ է ստեղծել»,- նշեց Աննա Մայիլյանը։

Անդրադառնալով Կոնսերվատորիայի քանդմանը՝ Մայիլյանն ասաց. «Լավ, չի քանդվելու, հրաշալի հյուրանոցի շենք է։ Կվերանորոգվի, կդառնա հյուրանոց։ Սենյակները արդեն պատրաստ են, կարելի է համապատասխան ինչ-որ խողովակներ բերել, ամեն մի սենյակում զուգարան, «դուշ» դնել, վերջանում է հարցը»։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՌՆԿՈՒՄ՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Վերջին ժամանակաշրջանում  Իջեւան քաղաքում տարածվել են վեներական հիվանդություններ։ Դրանք տարածվել են գլխավորապես  թեթեւ վարքի տեր երկու ջահել կանանց միջոցով։ Ըստ Իջեւանից ստացված տեղեկությունների՝ վեներական հիվանդություններով  վարակվածները տարբեր տարիքի, զբաղմունքի տեր բազմաթիվ  անձինք են, դրան  թվում նաեւ Իջեւանի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտ տղաներ կան։  Դպրոցականները բուժման համար Իջեւան քաղաքի բուժհաստատություններ  չեն դիմել։

 

 

 

ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Նախկինում  Տավուշի մարզպետները ամեն ամիս մարզի Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի տարածաշրջաններում քաղաքացիների ընդունելություն էին կատարում, լսում նրանց  խնդիրները, ըստ հնարավորի՝ լուծում տալիս դրանց։  2021թ. ապրիլի 8-ից ցայսօր Տավուշի մարզպետ  պաշտոնավարող Հայկ Ղալումյանին  նախկինում տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ հարցնելով՝ որպես  Տավուշի մարզպետ, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում ինչ ժամանակացույցով է քաղաքացիների ընդունելություն կատարում, վերջին անգամ այդ համայնքներում ե՞րբ է քաղաքացիների ընդունելություն  կատարել։ Տավուշի մարզպետարանից պատասխանել են. «Կապված ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կանոնադրության փոփոխության հետ, փոփոխություններ են կատարվում նաեւ ներքին կանոնակարգերում, այդ թվում՝ նաեւ քաղաքացիների ընդունելության կանոնակարգն է թարմացվում, եւ այս պահին դեռեւս ֆիսքված ժամանակացույց չկա։ Քաղաքացիներին բոլոր բնակավայրերից, ըստ անհրաժեշտության, մարզպետի աշխատակազմում, համայնքապետարանների աշխատակազմում հերթագրում են, եւ ՀՀ Տավուշի մարզպետը նրանց ընդունում է կա՛մ մարզպետարանում, կա՛մ բնակավայրերում, որոնցում հաճախակի է լինում աշխատանքային այցերով»։ 2024թ. փետրվարի 21-ին նոր հարցում ենք ուղարկել  մարզպետին՝ նրան հարցնելով՝  քաղաքացիների ընդունելության կանոնակարգը թարմացնելուց հետո ներկայումս Տավուշի մարզպետը մարզի Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան խոշոր համայնքներում քաղաքացիների ընդունելությունն ինչ ժամանակացույցով է  կատարում։ Մարզպետարանից շատ անորոշ, ապառնի ժամանակին առնչվող պատասխան են տվել՝ նշելով. « ՀՀ Տավուշի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա յուրաքանչյուր ամսվա 1-ին եւ 2-րդ կեսին ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում կամ մարզի որեւէ համայնքապետարանում»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս