ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ՝ ԴԵՍՊԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019-ի մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 69-րդ կետը հետեւյալն էր. «Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել, եւ դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը։

 

Սա, իհարկե, չի նշանակում, որ տեսականորեն բացառվում են քաղաքական նշանակումները դեսպանների պաշտոնում, բայց դրանք միջազգայնորեն ընդունված շրջանակներից երբեք դուրս չեն գա»։ Իրականում Նիկոլ Փաշինյանը կարեւորագույն նշանակություն ունեցող երկրներում նշանակել է բացառապես իր թիմակիցներին, որոնք չունեն դիվանագիտական կրթություն: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչ Լիլիթ Մակունցը (ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը), Գերմանիայում դեսպան է ՔՊ-ական, նախկին պատգամավոր, գերմաներենին տիրապետող Վիկտոր Ենգիբարյանը, Իսպանիայում դեսպան է մեկ այլ ՔՊ-ական նախկին պատգամավոր, իսպաներենին տիրապետող Սոս Հակոբյանը, Ռուսաստանի Դաշնությունում՝ մի քանի ամիս պաշտպանության նախարար աշխատած Վաղարշակ Հարությունյանը, եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Հայաստանի անկախ Հանրապետության դիվանագիտական  պատմության մեջ 2023 թ. դեկտեմբերին տեղի  ունեցավ աննախադեպ դեպք՝ Հայաստանի քաղաքներից մեկում կոալիցիոն կառավարումը խզելու պատճառով, նեղ քաղաքական խնդիրներից ելնելով, պաշտոնանկ արվեց դեսպան։ Մասնավորապես՝ 2023թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր ստորագրեց, որով Միսակ Բալասանյանը հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Միսակ Բալասանյանն Իրաքում դեսպան էր նշանակվել 2023թ. սեպտեմբերին։ Նա Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։ ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան» դաշինքը հաղթող էր ճանաչվել Գյումրիում։ Նրանք կոալիցիոն հուշագիր ունեին «Քաղաքացիական պայմանագրի» հետ, բայց 2023 թվականի դեկտեմբերին ՔՊ-ն խզեց հուշագիրը, որից հետո Սամվել Բալասանյանի որդին հետ կանչվեց դեսպանի պաշտոնից: Իհարկե, Միսակ Բալասանյանը եւս կադրային դիվանագետ չէր եւ նշանակվել էր ՔՊ-ի քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված միայն։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԿԳՈՐԾՈՒՂՎԻ ԺՆԵՎ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը կգործուղվի Ժնեւ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությունը մասնակցելու է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում լինելու են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՔՊ-ականներ Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանը եւ «Հայաստան» խմբակցությունից Լեւոն Քոչարյանը:

ԱԺ պատվիրակության գործուղման ճանապարհածախսը, օրապահիկը եւ ներկայացուցչական այլ ծախսեր կիրականացվեն պետական բյուջեի հաշվին։

 

 

 

ԳՆԱԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 15-ին՝ ուրբաթ օրը, գնալու է խորհրդարան:

ArmLur.am-ը Ազգային ժողովից տեղեկացավ, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում արտգործնախարարը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի՝ արտաքին քաղաքականության հատվածը:

Նշենք, որ արդեն հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանն է գնալու խորհրդարան՝ ԱԺ նիստին ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու:

 

 

 

ՄՈՍԿՎԱՆ ՏԵՂՅԱԿ Է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան տեղյակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, որ Հայաստանը, հնարավոր է, դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։

«Իհարկե, մենք լսել ենք այս հայտարարությունները։ Առջեւում, բնականաբար, շատ աշխատանք է սպասվում։ Մեզ անհրաժեշտ են շփումներ մեր հայ գործընկերների հետ ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով։ Կպարզաբանենք ու կխոսենք պարոն վարչապետի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) հայտարարություններին համահունչ»,-ասել է խոսնակն՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին նախօրեին արված հայտարարություններին։

Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Մոսկվան կշարունակի կապերը Երեւանի հետ եւ կպարզաբանի իրավիճակը ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի շարունակական անդամակցության հարցում։

 

 

 

ՓԱԼՈՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնում է, որ միանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA) եւ մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք կոչ են անում Միացյալ նահանգներին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության համար։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Միանում եմ ANCA-ին եւ մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք ԱՄՆ-ին կոչ են անում Ալիեւին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպանական քաղաքականության համար։ Վաղուց արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը քայլեր ձեռնարկի՝ նրա (Ալիեւի) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու եւ Ադրբեջանին անվտանգության ոլորտում հետագա ցանկացած աջակցություն կանխարգելելու ուղղությամբ», – գրել է կոնգրեսականը։

 

 

 

 

ՄՏՔԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, շեշտվել է 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության եւ սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարեւորությունը: Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացը հանրաճանաչ սկզբունքների՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության հիման վրա կյանքի կոչելու հարցում Հայաստանի Հանրապետության հետեւողական մոտեցումը:

Արարատ Միրզոյանը եւ Լուիս Բոնոն մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի, առաջիկա միջոցառումների եւ գործընկերության հետագա զարգացման հարցերի շուրջ:

 

 

 

ԱՌԿԱ Է ՄԵԾ ՆԵՐՈՒԺ

Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ կողմերը բարձր են գնահատել երկու մայրաքաղաքների միջեւ հաստատված փոխգործակցությունը, իրականացվող փորձի փոխանակման ծրագրերն ու ընդգծել, որ առկա է մեծ ներուժ՝ նոր ուղղություններ ու ոլորտներ ընդգրկելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Գիորգի Շարվաշիձեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու եւ օժանդակելու երկուստեք կապերի խորացման բոլոր նախաձեռնություններին եւ ծրագրերին:




Լրահոս