Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, ի՞նչ ռիսկեր է այն պարունակում բիզնեսի համար, ո՞ւմ կարող է այն վերաբերել, ի՞նչ օրենսդրական լուծումներ կան. այս եւ այլ հարցերի շուրջ երեկ հերթական քննարկումն էր կազմակերպվել «Մանթաշյանց» բիզնես ակումբում։
Բանախոսները «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության տնօրեն Մուշեղ Խաչիկյանը եւ ընկերության իրավական հարցերով փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գեւորգ Դանիելյանն էին։ Քննարկվող թեման արդիական եւ կարեւոր էր գործարարների համար, թերեւս դրանով է պայմանավորված, որ ակումբի անդամները բազում հարցեր ուղղեցին բանախոսներին, քննարկեցին կոնկրետ դեպքեր, իրավիճակներ, լուծումներ։ «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության տնօրեն, փաստաբան Մուշեղ Խաչիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 5 ամսվա անդամակցության ընթացքում սա երկրորդ սեմինարն է «Մանթաշյանց» ակումբի անդամների համար, որի նպատակը գործարարներին առկա օրենսդրական կարգավորումների մասին իրազեկելն է։ Առաջին նման քննարկումը վերաբերում էր սնանկության վարույթին, երեկ կայացած քննարկումը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի առանձնահատկությունների մասին էր, իսկ երրորդ քննարկումը հավանաբար կկայանա ապրիլի վերջին, այն նորից կլինի սնանկության վարույթի մասին՝ հաշվի առնելով վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունները։ Փաստաբանը շատ արդյունավետ է համարում նման քննարկումները, գործարարները բավականին հետաքրքրված են եւ ակտիվորեն մասնակցում են նման ձեւաչափով հանդիպումներին։ Ընկերության իրավական հարցերով փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գեւորգ Դանիելյանը նշեց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը վիճահարույց է օրենսդրական լուծումների տեսանկյունից, օրենքի հիմնավորումները համարժեք չեն օրենսդրական լուծումներին, օրինակ՝ հիմնավորումներով արտացոլված է հանցագործությունների դեմ պայքարի խնդիրը, մինչդեռ օրենսդրական լուծումները նախատեսում են վարույթ նախաձեռնելու հիմքեր, որոնք որեւէ աղերս չունեն հանցագործությունների հետ ընդհանրապես։ ՀՀ վաստակավոր իրավաբանը շեշտեց, որ այլ նպատակներով եւ այլ հիմքերով այս ինստիտուտի կիրառումը ոչ միայն չի բխում Սահմանադրությունից, այլեւ միջազգային իրավանորմերից։ Պրոֆեսորը մտահոգիչ համարեց այն, որ օրենսդրությունը բացառում է ընթացակարգային կանոնների խախտումների որեւէ իրական հետեւանք, այսինքն՝ խնդիրն այն է, որ կոնկրետ քննակվող օրենքը որեւէ հետեւանք չի նախատեսում, իսկ մյուս օրենքները հետեւանքներ են նախատեսում միայն խիստ սահմանափակ խախտումների համար։
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀԵՏ ԵՆ ԿԱՊՈՒՄ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ գրասենյակի եւ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց պայթուցիկ տեղադրելու դեպքով անձինք են ձերբակալվել։
Իրավապահ համակարգում պայթուցիկի տեղադրումը «Դաշնակցության» անդամների անվան հետ են կապում։
Չի բացառվում, որ այս դեպքերը կապ ունեն միմյանց հետ։
Նշենք, որ երեկ ԱԱԾ հատուկջոկատայինները վաղ առավոտյան ներխուժել են ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանի տուն եւ բերման ենթարկել նրան:
Այս մասին հայտնել է վերջինիս որդին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից Արամ Սարգսյանը:
«Ընկերնե՛ր ջան, արտառոց դեպքի առիթով եմ գրում։ Առավոտից էնպիսի մղձավանջի մեջ ենք ամբողջ տնով, որ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել։ Առավոտյան ժամը 7-ին ամենավայրի ձեւով մեր տուն են ներխուժել ԱԱԾ հատուկջոկատայինները` մինչեւև ատամները զինված։ Բոլորիս պառկեցրել են գետնին, բոլորիս տեռորի են ենթարկել, ինձ հարվածել են, խեղճ մորս լեղաճաք են արել, էնպես էին վախեցրել։ Ամբողջ տունը խուզարկել, տակնուվրա են արել, մի քանի ժամ տեւած քննչական գործողություններից հետո հորս` դաշնակցական Գագիկ Սարգսյանին, բերման են ենթարկել։ Հիմա չգիտենք` որտեղ է, ինչ վիճակում է։ Հայրս ազնիվ, պարկեշտ, բացառիկ հայրենասեր մարդ է։ Ով նրան ճանաչում է, լավ գիտի։ Առայժմ ոչինչ պատճառների մասին չեն ասել, բայց վստահ եմ, որ իր ընդդիմադիր քաղաքական հայացքների ու քաղաքական ակտիվության հետ է կապված։
Չգիտեմ` ինչ էինք արել, որ մեր հայրենի պետության «ժողովրդավար» իշխանությունները մեզ վերաբերվում են որպես ամենավտանգավոր հանցագործի. նույնիսկ Նաիրի Հունանյանի հետեւից էդպես չեն գնացել, բայց առայժմ էս հարցը մի կողմ եմ դնում։
Հիմա ավելի կարեւոր են գործնական քայլերը։ Չգիտեմ` ինչ կարելի է անել նման իրավիճակում։ Եթե ընկերներիս մեջ որեւէ մեկը իրավաբանական, փաստաբանական կամ այլ օգնություն կարող է ցույց տալ, ինչ-որ խորհուրդ կարող է տալ, խնդրում եմ գրել»։
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 12-ին՝ ժամը 12.22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երեւանի Մամիկոնյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 2006 թ. ծնված Ռ. Հ.-ին, որը, գիտակցության չգալով, մահացել է:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 12-ի ժամը 11.30-ին Ռ. Հ.-ն Մամիկոնյանց փողոցի քոլեջի մոտ վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի եւ չպարզված մի խումբ անձանց հետ, որոնք ոտքերով, ձեռքերով, մահակներով հարվածներ են հասցրել Ռ. Հ.-ի մարմնի տարբեր մասերին, այդ ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել Ռ. Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մահ:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երեւան քաղաքի վարչության, Արաբկիրի եւ Սիսիանի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ի ժամը 12-ի սահմաններում 21-ամյա երիտասարդը Սիսիան քաղաքում հայտաբերվել եւ քննության ներկայացնելու նպատակով ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու եւ քննության ներկայացնելու ուղղությամբ:
Էջի նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԾԵԾԵԼ ԵՆ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Տաշիր քաղաքի ռազմական ոստիկանապետը ծեծի է ենթարկել Արցախի քաղաքացի Ժորա Սաֆարյանին, որը ունեցել է ՊԲ մեքենա, որի առգրավվելու շուրջ իրավապահ մարմինները գործընթաց են սկսել։ Ըստ էության, Ժորա Սաֆարյանը հրաժարվել է իր մեքենան հանձնել, որից հետո վիճաբանություն է սկսվել, ու քաղաքացուն ծեծել են։
Ոստիկանության բաժնում եւս Ժորա Սաֆարյանին խոշտանգման են ենթարկել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրան անգիտակից տեղափոխել են Տաշիրի հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` Հակակոռուպցիոն կոմիտեն Արցախի կառավարության միջոցներով ձեռք բերված ՊԲ մեքենաներն առգրավելու գործընթաց է սկսել:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՊԲ մեքենաների մասով քրեական վարույթ կա նախաձեռնված յուրացման մասով, սակայն ուշագրավն այն է, որ զինվորականներից շատերը դիմել են դատարան, ու դատարանը որոշում ունի կայացրած՝ որեւէ մեկը չի կարող արցախցուն զրկել իր մեքենայի տիրապետումից, սակայն նախաքննական մարմինը դատարանի որոշումը մի կողմ է թողել, ու առգրավվում են արցախցիների մեքենաները:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել ոստիկանության լրատվության բաժնի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Ավելի ուշ կհրապարակենք նաեւ ոստիկանության պատասխանը։
ԽՈՒՍԱՓԵԼ Է ԶՈՐԱԿՈՉԻՑ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հովակիմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. փետրվարի 13-ին կցագրվել է ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանում, որից հետո ենթակա է եղել ՀՀ ԶՈՒ զորակոչման 2022թ. ամառային զորակոչին, սակայն նշված զորակոչի ընթացքում՝ համապատասխան բժշկական հետազոտություններ անցնելուց հետո, նրան ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ տրվել է տարկետում բուժման համար՝ 10 ամիս ժամկետով:
Տարկետման ժամկետը լրանալուց հետո՝ 2023թ. ամառային զորակոչի ընթացքում, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրված ուղեգրերի հիման վրա, համապատասխան բժշկական հետազոտություններ անցնելուց հետո Հ.Ղազարյանը բժշկական հանձանաժողովի եզրակացությամբ ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, սակայն հրաժարվել է ստանալ զորակոչման ծանուցագիրը եւ խուսափել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված 2023թ. ամառային զորակոչից: