ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ՝ ԴԵՂԱՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրմանը:

 

«Չէի կարող անմասն մնալ մի շարք դեղերի՝ դեղատոմսով բաց թողնելու որոշմանը, որը ուժի մեջ է մտել մարտի 1-ից, քանի որ առնվազն 2 անգամ (2018 եւ 2019թթ.) իմ նախաձեռնությամբ է դեռեւս 2017թ. ընդունված այդ որոշումը հետաձգվել մինչեւ մեր առողջապահական համակարգը (թե՛ բուժաշխատողները, թե՛ էլեկտրոնային ենթակառուցվածքները) պատրաստ կլինի այն հնարավորինս սահուն ներդնելուն:

Այն, որ բազմաթիվ դեղեր պետք է դեղատներից բաց թողնվեն միայն դեղատոմսով, շատ հիմնավորված որոշում է, ինչպես աշխարհի շատ երկրներում: Այլ նպատակներից զատ, նման որոշումը երկու հիմնական նպատակ ունի, որպեսզի քաղաքացիները ինքնաբուժումով չզբաղվեն հենց իրենց իսկ վնաս չտալու համար, ինչպես նաեւ հակամիկրոբային (անտիբիոտիկներ) դեղերի չարաշահման պատճառով չունենանք անտիբիոտիկակայուն միկրոբներ, որոնց վրա այլեւս չեն ազդի եղած անտիբիոտիկները:

Միեւնույն ժամանակ չեմ կարող չարձանագրել, որ այս համակարգի նեդրումը կրկին իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու: Բազմաթիվ են ահազանգները թե՛ մեր քաղաքացիներից, թե՛ բուժհիմնարկներից, թե՛ դեղատներից այնպիսի համակարգային խնդիրների մասին, որոնք թույլ չեն տալիս այս կարեւոր համակարգի ներդրումը համարել սահուն: Խնդիրները թե՛ կանոնակարգային են, թե՛ ենթակառուցվածքային`

– բազմաթիվ դեղատներ մինչ օրս միացված չեն «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության համակարգին, ինչը պետք է արվեր մինչեւ որոշման՝ ուժի մեջ մտնելու օրը: Դեղատների բուժանձնակազմը, ցանկալի կլիներ, որ անցներ վերապատրաստման դասընթացներ:

– Բազմաթիվ են բողոքները, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգը անհասանելի է դառնում բուժաշխատողների եւ դեղատների համար հավանաբար համակարգի սերվերների թողունակության պատճառով: Սերվերները պետք է հզորացվեին մինչեւ համակարգի ներդրումը:

– Բազմաթիվ են ահազանգերը, երբ բժիշկները անհամաչափ շատ ժամանակ են ծախսում մեկ դեղատոմսի դուրսգրման վրա, եւ, հետեւաբար, մեծ հերթեր են գոյանում միայն դեղատոմսի դուրսգրման պատճառով: Դեղատոմսի դուրսգրման համակարգը բուժաշխատողների համար պետք է լիներ հնարավորինս մատչելի (user-friendly), եւ բոլոր բուժաշխատողները պետք է անցնեին վերապատրաստման դասընթացներ՝ դրանից օգտվելու մասին:

– Համակարգը եւ կարգավորումները պետք է հնարավորություն տային բժշկին առանց պացիենտի այցելության դեղատոմս դուրս գրելու, ինչպես աշխարհի շատ երկրներում, որոնք ունեն էլեկտրոնային առողջապահական համակարգեր: Եթե բժիշկը գիտի իր պացիենտի հիվանդությունը, հատկապես՝ քրոնիկ հիվանդությունների դեպքում, ոչ մի խնդիր չի կարող առաջանալ նման դուրսգրումների պատճառով: – Դեղատներից ահազանգեր կան, որ նրանք չունեն հասանելիություն դեղատոմսով դուրս գրվող դեղերի մեկ միասնական ցանկի, որպեսզի առանց ավելորդ ջանք գործադրելու արագ հասկանան՝ ինչպես վարվել: Նաեւ ահազանգեր կան, որ որոշ դեղատոմսով դուրսգրվող դեղեր ներմուծված չեն «ԱՐՄԵԴ» համակարգ:

– Մեծ բաց կա բժշկական գաղտնիքի հասանելիության դեղատան աշխատակիցներին եւ այլ բուժաշխատողներին, երբ պացիենտը շատ դեպքերում չէր ցանկանա 3-րդ անձանց տրամադրել իր այս կամ այն հիվանդության մասին տեղեկատվությունը, բայց, փաստորեն, այս պահին դեղատան աշխատակիցը կարող է տեղեկանալ, թե պացիենտը ինչ հիվանդության համար է գնում այդ դեղը, ինչը պարզապես անթույլատրելի է:

Այլ խնդիրներ էլ կան, բայց սրանք, իմ կարծիքով, ամենակարեւորներն էին, որոնց մասին ինձ տեղեկություններ են հասել: Այս խնդիրները կա՛մ պետք է շատ արագ հասցեագրվեն, կա՛մ համակարգի գործարկումը կրկին պետք է հետաձգել:

Հ.Գ. Այս խնդիրների պատճառով է, որ բազմաթիվ դեղատներ այլ տարբերակ չունեն, քան շարունակել վաճառել դեղատոմսով դուրս գրվող դեղերը առանց դեղատոմսի առկայության, եւ նրանց որեւէ մեկը չի կարող մեղադրել նման գործունեություն իրականացնելու համար, քանի դեռ վերոնշյալ եւ շատ այլ հարցեր լուծված չեն»,- գրել  նա:

 

 

 

 

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄՈՏ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ Է

Մարտի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Աքսիպարա, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն: Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նկատել է, թե ինչպես է այդ հատվածում տեխնիկա աշխատում:

 

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ մեկնաբանություն ստանալու նպատակով. «Նիկոլ Փաշինյանը կոպիտ սխալ է թույլ տալիս, որովհետեւ այդ 4 ոչ անկլավային գյուղերը, այո, եղել են Խորհրդային Ադրբեջանի կազմում, բայց այդ նույն խորհրդային սահմանները Ադրբեջանը բազմաթիվ տեղերից հատել է, ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, այսինքն՝ եթե ադրբեջանցիները ասում են, որ խորհրդային սահմաններով մերն է, ուրեմն պիտի ընդունեն նաեւ, որ խորհրդային սահմաններում իրենք ներխուժել են եւ՛ Ջերմուկի ուղղությամբ, եւ՛ Ներքին Հանդի, եւ՛ Գեղարքունիքի ուղղությամբ: Եթե պահանջում են, որ հայկական զորքերը դուրս գան այդ 4 գյուղերից, իրենք էլ պիտի զուգահեռաբար դուրս գան 31 հայկական տարածքներից, եւ Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր պնդել դա»: Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց միակողմանի զիջումներ անել, ընդ որում՝ Ադրբեջանն իր կողմից հայտնել է, որ զիջումներ չի անելու, եւ Ադրբեջանը, օգտվելով դրանից, ոչ միայն ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը, այլեւ ռազմավարական դիրքեր է ձեռք բերել Տավուշի ուղղությամբ: Իր կոշտ դիրքորոշումը վկայում է այն մասին, որ նրանք ոչ թե խաղաղություն են ուզում, այլ պատրաստվում են պատերազմի: Մեր Ներքին Ոսկեպարի թղթակիցը պատմում է, որ տեղի բնակիչների մոտ միայն անորոշություն է, տագնապ, տխրություն, սպասում: «Մենք այնտեղ շատ տարածքներ ունենք, որոնք գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ: Դա նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի սկզբնական տարբերակում եղել է այդ գյուղերի վերադարձում, հետաձգեցին, հիմա էլ միանգամից չեն տալիս՝ 2 մասից են տալիս, այսինքն՝ 4 գյուղ, որոնք անկլավ չեն, հետո մյուս 4 գյուղը, որից 3-ը անկլավ են: Հիմա ճանապարհ է վտանգվել, ու հետո գազատարի խնդիր է առաջանալու, բնակիչների տեղաշարժի խնդիր է առաջացնելու այնտեղ: Այդ տարածքները տալու դեպքում Իջեւան-Բերդ այս գործող ճանապարհը վտանգվելու է»,- ասում է մեր թղթակիցը: Քաղաքագետների կարծիքով՝ Հայաստանում պետք է կառուցվի կամուրջ՝ Կիրանց-Աճարկուտ հատվածում, Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպարի հատվածում, առնվազն երկու տեղում փոխվի ուղին եւ մինչեւ 100 մետր քաշվի ՀՀ խորք:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ

Նոյեմբերյան  խոշոր համայնքի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղի բնակիչների բազմաթիվ խոզեր  հիվանդությունից սատկել են, գյուղացիների շատ խոզեր էլ այժմ  հիվանդ են. բարեկամավանցիների  խոսքերով՝  նրանց սատկելը օրերի հարց է։  Բարեկամավանում հաստատված  արցախցի  ընտանիքներից մեկին բարեգործները  մոտ 100 կիլոգրամանոց քաշով մայր խոզ ու դրա 10 խոճկոր  են նվիրել։ Այդ մայր խոզը հիվանդացել է, անասունի անկման վտանգը մեծ է։ Արցախից բռնագաղթած, սահմանամերձ Բարեկամավանում հաստատված  արցախցի տղամարդն  ասում է, որ իր ընտանիքին նվիրաբերված  մայր խոզն ու դրա խոճկորներն են  Բարեկամավանում  իր ընտանիքի գոյության միակ միջոցը, անասունի սատկելու դեպքում,  Արցախում  ամեն ինչ զրկված լինելով, հեռավոր  Բարեկամավանում զրկվելու են իրենց գոյությանն  միակ միջոցից։ Բարեկամավանի բնակիչները կասկածում են, որ իրենց խոզերի սատկելու պատճառը խոզերի աֆրիկյան ժատախտ հիվանդությունն է, սակայն  պետական իրավասու մարմիններն  իրենց  այդ մասին ոչինչ չեն հայտնում։ Այդ կապակցությամբ  զանգահարեցինք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանին։ Նա հայտնեց, որ Բարեկամավանում անկած խոզերի մսից փորձանմուշ է վերցրվել, այն ուղարկվել է  Երեւան՝ լաբորատոր փորձաքննության, որն էլ կպարզի խոզերի անկման պատճառը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝  հարցնելով, թե,  բացի Բարեկամավանից, մարզի որ բնակավայրերում  քանի խոզ է վերջերս սատկել, աֆրիկյան ժանտախտը, թե  այլ հիվանդություն է  խոզերի անկման պատճառը։ Մարզպետի պատասխանը դեռ չենք ստացել։

 

 

 

ՃՈԽ ՊԱՐԳԵՎԱՏՐՎՈՒՄ ԵՆ

2023 թվականի ընթացքում Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պետբյուջեից պարգեւատրվել են ընդհանուր 71 միլիոն 960 հազար դրամի չափով։ Նիկոլ Փաշինյանի  դասընկեր, նրա  հարսանիքի  քավոր, Ն. Փաշինյանի որոշումով 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը   չի հրապարակում պարգեւատրումների մասին իր որոշումները, հայտնի չէ, թե  մարզպետը, մարզպետարանի որ պաշտոնյան պետբյուջեից  քանի հազար դրամ պարգեւավճար է ստացել։ Հայտնի չէ նաեւ, թե մարզպետարանի պաշտոնյաները աշխատանքային ինչ նվաճումների  համար են ճոխ կերպով պարգեւատրվում։ Պարգեւատրումների մասին որոշումները  Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում չհրապարակելը մարզպետարանում պարզաբանում են հետեւյալ կերպ. «Պարգեւատրումների վերաբերյալ որոշումները չեն հրապարակվում, քանի որ դրանք պարունակում են աշխատողներին վերաբերող անձնական տվյալներ՝ նրանց եկամուտների մասին»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս