Արդեն երկար ժամանակ է, ինչ մի շարք ոչ ցանկալի փոփոխություններ են կատարվում հայ մշակութային կյանքում: Նման ոչ ցանկալի փոփոխություններ են կատարվել դասագրքերում, որոնցից հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց նոր տպագրված 5-րդ եւ 7-րդ դասագրքերում կատարված բովանդակային փոփոխությունները: Մշակութային կյանքից, մեկ տարվա համառ պայքարից հետո հեռացվեց «Գոյ» պետական թատրոնը: Պարբերաբար սկսվեց քարկոծվել հայությանը մշտապես միավորող Հայ առաքելական եկեղեցին: Արդեն օրերս էլ սկսվեցին շրջանառվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին լուրերը: Ի՞նչ նպատակով են կատարվում նման փոփոխությունները, եւ, ի վերջո, մեր ժամանակներում կատարվող ազգային, գրական ու մշակութային ասպարեզներում կատարվող փոփոխություններն ի՞նչ հետեւանքներ կստեղծեն: ArmLur.am-ը զրուցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, գրականագետ ու գրաքննադատ Դավիթ Գասպարյանի հետ:
«Ես գիտական ասպարեզի մարդ եմ, ինչպես ասում են, իմ ծննդյան փուչ օրից: Գիտական ոլորտը կարիք ունի նորոգման ու ամրացման: Նորոգման ու ամրացման կարիք ունեն նաեւ հանրային ու մշակութային ոլորտները: Ես մշտապես կողմ եմ եղել ստեղծմանը, բազմացմանը, մեկը երկու դարձնելուն, երկուսը չորս դարձնելուն: Ժողովուրդը այդպես է աճում, բազմանում, ոչ թե կրճատվելով կամ նվազելով: Այդ իսկ պատճառով ես մշտապես կողմ եմ եղել մշակութային վերածննդին, ազգային, գիտական ու նաեւ կրթական վերածննդին, որպեսզի մեր համալսարաններում ուսանողների թիվը չկրճատվի, որպեսզի դպրոցներին հասցեագրված մեր դասագրքերը լինեն որակյալ ու պահանջված: Այսպես մենք կկարողանանք մեզ վերագտնել այս դժվար, շատ դժվար ժամանակներում»,- նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոսերվատորիան՝ որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ, ստեղծվել է 1923 թվականին: Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշումը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժողովրդական ստեղծագործությանը, հայկական երաժշտության լադային համակարգին վերաբերող դասընթացների իրագործումով։ Կոնսերվատորիայի մասնագիտական առաջընթացին մեծ ազդեցություն է թողել սերտ կապը Մոսկվայի եւ Լենինգրադի կոնսերվատորիաների հետ, ինչպես նաեւ խորհրդային ականավոր երաժիշտների, հատկապես՝ Դմիտրի Շոստակովիչի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործական օգնությունը։ Կոնսերվատորիան հիմնադրումից մինչեւ 1979 թվականը տվել է 5800-ից ավելի երաժիշտներ, դրանց թվում՝ 5 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 22 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 35 արվեստի վաստակավոր գործիչ, 37 վաստակավոր արտիստ, 14 միջազգային մրցույթների եւ 7 միութենական մրցույթների դափնեկիրներ։
«ԳՈՅ» թատրոն-ը ստեղծվեց 1988թ. դեկտեմբերի 1-ին՝ Խորեն Աբրահամյանի աջակցությամբ: Ստեղծումից մեկ շաբաթ անց վրա է հասնում Սպիտակի տարերային աղետը, եւ «Գոյ»-ի անձնակազմը եւս շտապում է աղետի գոտի՝ մասնակցելու փրկարարական աշխատանքներին: Երկար փորձություններ հաղթահարելուց հետո՝ 2010 թվականին, «ԳՈՅ» թատրոնը, վերագտնելով իր տեղն ու դերը թատերական աշխարհում, դառնում է պետական թատրոն եւ վերանվանվում «ԳՈՅ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն:
Հայոց պատմության ողջ ընթացքում անուրանալի տեղ է ունեցել Հայ առաքելական եկեղեցին, որն այսօր, ցավոք, որոշ խմբերի կողմից քարկոծվում է եւ մոռացության մատնվում: Հայ առաքելական եկեղեցին աշխարհում սփռված ողջ հայերի համար մշտապես միավորող օղակ է հանդիսացել եւ դարեր շարունակ իր առաջատար դերն ունեցել ազգային, քաղաքական կյանքում: Շատ հաճախ էլ եկեղեցին փրկության ճրագ է հանդիսացել հայոց պետականության ձեւավորման ու պահպանման գործում:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը: Կկիրառվի մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական եւ քրեական պատասխանատվություն` ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով: Օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը կնպաստի Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն եւ կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի իրականացմանը: Մասնավորապես` սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը:
Մտքերի փոխանակության ընթացքում հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնել ջրի կորուստների կապակցությամբ, ներկայացրել առաջարկներ` ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
ՈՉ ԹԵ ԹԱՆԿ, ԱՅԼ ԷԺԱՆ
Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է միասնական տոմսային համակարգի մանրամասները:
Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
«1. Արդյոք պե՞տք էր վերանայել տրանսպորտի սակագինը 30 տարի անց։
Միանշանակ այո՛, քանի որ Երեւանի տրանսպորտային համակարգը այսօր ներառում է ոչ թե գազելներ եւ ռաֆեր, այլ գերմանական եւ չինական արտադրոթյան ավտոբուսներ, տրոլեբուսներ, որոնց տեխնիկական սպասարկման համար նախատեսված ծախսերը տրամաբանորեն այլ են, եւ որոնց քանակը շարունակաբար ավելացվում է եւ արդիականացվում:
- Արդյոք հաճախակի օգտվող մեր քաղաքացիների համար տրանսպորտի գինը դառնում է 300 դրա՞մ։
Իհարկե ոչ. օրինակ՝ 8800-դրամանոց փաթեթ գնելու դեպքում մեկ ամսվա ընթացքում օրը 2 անգամ օգտվողների համար մեկ ուղեւորության արժեքը դառնում է 146 դրամ, իսկ օրը 4 անգամ օգտվողների համար մեկ ուղեւորության արժեքը դառնում է 73 դրամ, այսինքն՝ ոչ թե թանկանում է, այլ էժանանում:
- Արդյոք այս համակարգը հեշտացնելո՞ւ է քաղաքում տեղաշարժվելը։
Միանշանակ այո՛, քանզի Ա կետից Բ կետ հասնելու համար քաղաքացին ստիպված չի լինելու երկար սպասել մեկ տրանսպորտի, այլ ունենալու է հնարավորություն տեղփոխով ավելի արագ հասնելու եւ հավելյալ դրա համար չվճարելու, քանի որ գնված փաթեթը տալիս է 30 օր անսահմանափակ երթեւեկելու հնարավորություն: Այս դեպքում լուծվելու է նաեւ որոշ տրանսպորտային գծերի գերծանրաբեռնվածությունը:
- Արդյոք կա՞ն խմբեր, որոնց համար դժվար է վճարել մեկ ուղեւորության համար 146 դրամ:
Միանշանակ այո՛, եւ այդ պատճառով էլ Երեւանի ավագանին մինչեւ սեպտեմբեր ձեզ է ներկայացնելու այն բոլոր արտոնյալ խմբերի համար նախտեսված փաթեթը, ըստ որի՝ բոլոր այդ թիրախային խմբերը երթեւեկելու են անհամեմատ մատչելի գներով կամ անվճար:
- Արդյոք հազվադեպ տրանսպորտից օգտվող քաղաքացիները կամ զբոսաշրջիկները պե՞տք է երեւեկեն ավելի թանկ սակագնով:
Միանշանակ այո՛. այսպիսի պրակտիկա է գործում աշխարհի բոլոր երկրներում, եւ այդ հավելյալ գումարները հնարավորություն են տալիս արտոնություններ տրամադրել այն մարդկանց համար, որոնց համար այդ 146 դրամը իրոք բեռ է:
Եվ վերջում հավելեմ՝ տրանսպորտի գինը վերանայվել է 10 տարի անց քաղաքային հաջորդ իշխանություններին նորից կոլապսի առջեւ չկանգնեցնելու, այսօր առկա ստվերը վերացնելու եւ, իհարկե, տրանսպորտային համակարգի զարգացումը շարունակական դարձնելու նպատակով:
Որոշումը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից արտոնությունների փաթեթի հետ միասին»: