ԼՈՒՌ ԵՎ ԽՈՀԵՄ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դարեր ի վեր Հայ առաքելական սուրբ եկեղեցին իր մեծ ավանդն է ունեցել հայ իրականության, պետականության կերտման, մշակույթի պահպանման եւ արժեքների ձեւավորման հարցում:

 

Այն իր ուրույն ներդրումն ունի հայ ազգային ազատագրական պայքարներում, առաջին (1918) եւ երկրորդ հանրապետությունների (1991) հիմնադրման, ինչպես նաեւ արցախյան երեք պատերազմների ընթացքում հայրենիքի պաշտպանության գործում:

Հայ առաքելական եկեղեցին մեծ ավանդ ունի հատկապես հայ մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտների զանգացման գործում, որից զատ առանձնանում է նաեւ հենց Հայ եկեղեցու մշակույթն ու ավանդությունը: Այն առանձնանում է նաեւ իր լուռ եւ խոհեմ շքեղությամբ ու «արտաքին տեսքով»:

Խոսելով եկեղեցու «դեմքի» մասին՝ պետք է նշել, որ կարեւոր տեղ է զբաղեցնում հայ հոգեւորականի արտաքին տեսքը՝ հանդերձանքը:

Եկեղեցականները՝ դպիրից մինչեւ կաթողիկոս, թե՛ սրբազան արարողությունների ժամանակ եւ թե՛ առօրյա կյանքում կրում են իրենց աստիճանին եւ արարողությանը համապատասխան զգեստներ: Եկեղեցական զգեստները առօրյա աշխարհիկ հագուստից սկսել են տարբերվել միայն 4-րդ դարում, երբ քրիստոնեությունը դարձել է ազատ կրոն: Ավանդության համաձայն՝ հայ եկեղեցու սպասավորների զգեստները մինչեւ 12-13-րդ դարերը եղել են շատ պարզ, ապա ձեւավորվել Կեսարիայի եւ Երուսաղեմի եկեղեցիների զգեստների հիման վրա՝ հարմարեցվելով հայ եկեղեցուն եւ հայ մշակույթին: Հատկանշական է, որ, ի տարբերություն այլ եկեղեցիների, Հայ առաքելական եկեղեցու սպասավորները զգեստների հարցում գույնի սահմանափակում չունեն, սակայն դրանց ճոխությունը կախված է դրանց կիրառման բնույթից:

Եկեղեցական զգեստները մինչ գործածվելը օրհնվում են, քանի որ պետք է ծառայեն նվիրական, սուրբ նպատակի համար: Կան երկու տեսակի զգեստներ՝ ընդհանուր զգեստներ, որոնք կրում են առօրյա եկեղեցական կենցաղում, եւ աստվածապաշտական զգեստներ, որոնք կրում են ծիսակատարությունների ժամանակ:

Ընդհանուր զգեստի մաս են կազմում սքեմը, վեղարը եւ փիլոնը: Սքեմը կրում են եկեղեցու բոլոր սպասավորները՝ սարկավագից մինչեւ կաթողիկոս: Այն ամենօրյա հանդերձանք է, որը կոչվում է վերարկու կամ սքեմ եւ կարվում է սեւ պարզ կտորից: Վեղարը կուսակրոն հոգեւորականների զգեստի գլխադիրն է, որով նրանք տարբերվում են ամուսնացյալ քահանաներից: Ենթադրվում է, որ վեղարը գործածության մեջ է մտել 11-րդ դարից հետո, քանի որ մինչ այդ այն մատենագրության մեջ չի հիշատակվում: Առանձնահատուկ է Ամենայն հայոց կաթողիկոսի վեղարը, որի ճակատային հատվածում  ադամանդակուռ խաչ կա: Ամենօրյա զգեստին մաս է կազմում նաեւ փիլոնը, որը մարմինը փաթաթող եւ կրծքի վրա ճարմանդով ամրացվող սեւ կտավե զգեստ է: Այն գործածվում է ժամերգությունների եւ արարողությունների ժամանակ: Ծայրագույն վարդապետները եւ եպիսկոպոսները, այդ թվում՝ կաթողիկոսը, որպես պատվո նշան, կրում են մանուշակագույն ծաղկյա, իսկ վարդապետները՝ սեւ ծաղկյա փիլոններ։ Հայրապետական կոնդակով սեւ ծաղկյա փիլոնները, որպես պատվո նշան, շնորհվում են նաեւ ավագ քահանաներին:

Դպիրների, կիսասարկավագների եւ սարկավագների համար աստվածապաշտական զգեստի մաս են կազմում շապիկը՝ մինչեւ կոշիկները հասնող զգեստը, ուրարը՝ 3 մետր երկարությամբ գունավոր եւ ծաղկավոր երիզը, որը կրում են ձախ ուսին, եւ խորհրդանշում է սպասավորի կարգավիճակը՝ նա դեռեւս ամբողջությամբ Աստծո լուծն իր վրա կրելու պատրաստ չէ, եւ բազկուրարը, որը ուրարի փոքր տարբերակն է՝ նախատեսված ձախ դաստակին կրելու համար:

Քահանայի, եպիսկոպոսի եւ կաթողիկոսի զգեստներին մաս են կազմում հողաթափը, որը Սուրբ Պատարագի ժամանակ խորան բարձրանալիս կրում են թե՛ պատարագիչը եւ թե՛ խորհրդակատարության ժամանակ նրան սպասարկող խոնարհ դասի աստիճանավորները, սաղավարտը, որը Հիսուս Քրիստոսի կրած փշե պսակը խորհրդանշող գլխանոցն է, շապիկը, փորուրարը, գոտին, թաշկինակը, բազպանները, վակասը եւ շուրջառը, որը հանդերձանքն ամբողջացնող անթեւ վերարկու է. այն կրծքի վրա ամրանում է մետաղե զույգ ճարմանդով:

Եպիսկոպոսները, քահանայական զգեստներից բացի, սաղավարտի փոխարեն կրում են խույր կամ թագ, արտախուրակներ, որոնք խույրի ետեւից իջնող ծոպեր են, եմիփորոն՝ լայն ուրար եւ գավազան։

Հայրապետական զգեստը, որով այն առանձնանում է մյուս սպասավորների զգեստներից, ներառում է կոնքեռ: Այն ասեղնագործ, խաչակիր ոսկեթել զարդ է, որը կախվում է հայրապետի գոտուց:

Զգեստին մաս կազմող նվիրական առարկաներից է մատանին, որը նորընծա եպիսկոպոսին տրվում է ձեռնադրության ժամանակ. այն իշխանության նշան է, որը կրում են աջ ձեռքի ճկույթ մատին, իսկ կաթողիկոսը՝ աջ ձեռքի մատնեմատին: Նվիրական առարկաներից են լանջախաչն ու պանակեն, որոնցից վերջինս կրում են միայն կուսակրոն հոգեւորականները, եւ Ձեռաց խաչը, որը հոգեւորականները օգտագործում են արարողությունների եւ ծիսակատարությունների ժամանակ:

Հոգեւորականների զգեստներն իրենց տեսքով, ասեղնագործությամբ եւ գույներով գրեթե կրկնում են հայ մանրանկարչությունում ու ճարտարապետությունում առկա նախշերն ու գույները: Դրանք շարունակում են հմայք հաղորդել Հայ եկեղեցուն եւ հոգեւոր մեծ ազդեցություն թողնել հավատավոր ժողովրդի շրջանում:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային արխիվի նորաբաց ցուցասրահում ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ցուցադրության բացմանը։

Ցուցադրության ընթացքում ներկայացվել են ինչպես Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերում պահպանվող Արամ Խաչատրյանի կյանքի եւ գործունեության վերաբերյալ նորահայտ արխիվային փաստաթղթերը, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից բերված մեծանուն կոմպոզիտորի անձնական իրերը։

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գեւորգյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը եւ այլ հյուրեր։

 

 

 

ԳՈՀ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է ներքին առաջնության արդյունքներից:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի այս առաջնությունը տարբերվում էր մյուսներից: Երիտասարդների առաջ դրված խնդիրն այլ էր: Նրանցից մի քանիսը` Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը, վնասվածքներ ունեն, սակայն պատրաստվում են ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Երիտասարդների պայքարում մրցակցություն կար, ինչի շնորհիվ ընտրեցինք հավաքականի 4-րդ անդամին` Շեքսպիր Գեւորգյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը:

Վերջինիս խոսքով` աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հենացատկի վարժությունը նույնությամբ կրկնելու դեպքում նրան հաջողություն է սպասվում առաջիկա մրցաշարերում` Եվրոպայի առաջնություն եւ աշխարհի գավաթի խաղարկություն:

Հայաստանի մարմնամարզության հավաքականը ապրիլին կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլին եւ Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացած առաջնության մրցումային վերջին օրը կայացան առանձին գործիքների եզրափակիչները: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի չեմպիոններն են Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ), Շեքսպիր Գեւորգյանը (պտտաձող): Կանանց մրցումներում լավագույններն են Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ), Օֆելյա Քոչարյանը (հենացատկ) եւ Մանե Պողոսյանը (զուգափայտ): Բազմամարտում Հայաստանի չեմպիոնները Գագիկ Խաչիկյանը եւ Նանե Միքայելյանն են:

 

 

 

ՈՒՂԵԳՐԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ

Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հերթական ուղեգրերը նվաճել են «Բարսելոնա»-ն եւ «Արսենալ»-ը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնա»-ն  «Նապոլի»-ի հետ մրցապայքարում առավելության հասավ 3:1 հաշվով: Կատալոնական ակումբի կազմում աչքի ընկան Ֆերմին Լոպես Մարտինը,  Ժոաու Կանսելուն եւ Ռոբերտ Լեւանդովսկին, իսկ «Նապոլի»-ից գոլը խփեց Ամիր Ռահմանին: «Բարսելոնա»-ն շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:

Օրվա մյուս խաղում «Արսենալ»-ը Լոնդոնում ընդունեց «Պորտու»-ին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: «Զինագործների» կազմում միակ գոլը խփեց Լեանդրո Տրոսարդը: «Արսենալ»-ը վերջին 14 տարվա մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում է:

 

 




Լրահոս