ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին Ազգային ժողով են այցելել «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները: Նրանց հետ հանդիպել եւ հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցերի մասին զրուցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Ալխաս Ղազարյանն ու Մարիամ Պողոսյանը:

 

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ հանդիպումը կայանում է կանանց միամսյակի շրջանակում: Անդրադառնալով «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի արդյունավետությանը՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը համախմբում է տարբեր ոլորտներում նախաձեռնող, փորձառու եւ ուժեղ կանանց՝ զարգացնելու հաջողակ քաղաքական կարիերայի եւ առաջնորդության համար անհրաժեշտ հմտություններ: Այս համատեքստում նա ընդգծել է ծրագրում հատկապես մարզերի կանանց մասնակցությունը:

ԱԺ փոխնախագահը խոսել է անհատի կայանալու ճանապարհին կանանց վճռորոշ դերակատարության մասին եւ հավելել՝ կանայք առաջնորդության հարցում կարող են լինել լավագույնը եւ չպետք է թերագնահատել նրանց դերը: Հակոբ Արշակյանի համոզմամբ՝ կանանց առաջնորդության համար ավելի մեծ հնարավորություններ պետք է ստեղծվեն:

Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներն ու քննարկման մասնակիցներն անդրադարձել են քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանը, կանանց իրավունքների իրացմանը մի շարք բնագավառներում: Կարեւորվել է կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, հատկապես՝ տեղական մակարդակում: Նշվել է, որ գործող քվոտան ներուժ ունեցող կանանց ներգրավվելու հնարավորություն է տալիս, սակայն համայնքներում առկա են բազմաթիվ կարծրատիպեր: Ընդգծվել է որոշումներ ընդունող մարմիններում կանանց մասնակցությունը բարելավող մեխանիզմների անհրաժեշտությունը: Խոսվել է կանանց զբաղվածությունը խթանող ծրագրերի մասին:

«Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը ոգեշնչված է Կատարինե Զալյան Մանուկյանի կերպարով, որը 1919 թվականին եղել է առաջին հայ կին պատգամավորներից մեկը: Ծրագիրն իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ/NDI) կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում, թանգարանում եւ գրադարանում:

 

 

 

«ՄԵՆՔ ԱՎԵԼ ԲԱՆ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ»

Մարտի 20-ին Ազատության հրապարակում արցախցիները ցանկանում են իրականացնել հնարահավաք:

Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակավարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի եւ այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանրահավաքի մասին իրազեկվել է Երեւանի քաղաքապետարանը, որը նրանց կողմից ընդունվել է՝ որպես ի գիտություն:

ArmLur.am-ը կապ հաստատեց արցախցու հետ, որը ցանկանում է մասնակցել հանրահավաքին՝ հասկանալու համար՝ ինչ ակնկալիքներ ունեն հանրահավաքից. «Ես կարծում եմ, որ ինչ-որ բան կփոխվի էլի, որովհետեւ էսպես է՛լ հնարավոր չի ապրել: Տասնյակ հազարավոր արցախցիներ մինչեւ էսօր աշխատանք չեն կարողանում գտնել, հենց մեկը ես 1 տեղ զոռով աշխատում եմ, էդ տված 40+ 10.000 դրամով հազիվ եմ տան վարձ տալիս. մենք անգամ չենք գոյատեւում, ուր մնաց ապրել»:

Անդրադառնալով այն որոշմանը որի համաձայն՝ յուրաքանչյուր արցախցու 3 միլիոն դրամ է հատկացվելու բնակարան գնելու կամ տուն կառուցելու համար, ասաց, որ հնարավոր չէ այդ գումարով որեւէ բան անել:

«Հենց մեկը ես մենակ եմ, 3 միլիոնով ի՞նչ կարող եմ գնել: Օգնություններն էլ, ինչ օգնություն լինում է, մարդիկ են օգնում, լիքը տեղեր եմ գրանցվել, բայց մի կիլո բրինձ անգամ չեմ ստացել:

Արցախցին, որ մի սունկայով եկել հասել է ստեղ, ի՞նչ կարա անի: Ես հլը մի հոգով եմ, բա են մարդիկ ի՞նչ ասեն, որ երեխայի հետ են, մեծ ընտանիք են, ինչպե՞ս ապրեն էդ մարդիկ: Մենք ավել բան չենք ուզում, ուղղակի էն, ինչ հասնում է փախստականին»,- հավելեց արցախցին:

 

 

 

ԳՈՒՅՔԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգի 14-րդ կետը գույքի նվիրատվությունն ընդունելու, գույք ամրացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին է։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե եւ ներկայացրել  Մարտունի համայնքի ավագանու որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի 2-րդ փողոց թիվ 20 հասցեում գտնվող 1.2554 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, նրա վրա կառուցված դպրոցը, կաթսայատունը եւ պարիսպը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնելու համաձայնություն տալու մասին»։ Առաջարկվում է ՀՀ  Գեղարքունիքի մարզ համայնք Մարտունի գյուղ Վաղաշեն 2-րդ փողոց 20 դպրոց հասցեում գտնվող, 5 033.64 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաեւ  դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.2554 հեկտար մակերեսով հողամասը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։

Հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու կողմից կայացված որոշումը՝ մշակվել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու եւ գույք ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է ընդունել նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը եւ գույքն ամրացնել կոմիտեին։

Նյութերը՝ ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ

 

 

 

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղում բնակվում են 1988-1990 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները: Գեղատեսիլ գյուղի բնակիչների թիվը 387 է։ Աղավնավանքցիները  Տավուշի մարզկենտրոն Իջեւան մեկնում ու վերադառնում են Երեւան-Իջեւան եւ հակառակ ուղղությամբ ընթացող հասարակական տրանսպորտով՝  «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով, եթե դրանցում ազատ տեղ է լինում։ Մարզկենտրոն մեկնելիս ու այնտեղից վերադառնալիս Աղավնավանքի բնակիչները հարկադրված կանգառ են ունենում միջպետական ավտոճանապարհի եզրին՝ այդ ավտոճանապարհից դեպի Ճամբարակ՝ Աղավնավանք տանող ճանապարհի խաչմերուկում։ Դա բավական դժվարություններ է ստեղծում բնակիչների համար։ Աղավնավանքի բնակիչները հայտնեցին, որ իրենց գյուղը Դիլիջան քաղաքի հետ կապող հասարակական տրանսպորտ չկա, իրենք  Դիլիջան ստիպված տաքսիով են գնում՝ մի ուղղության համար վճարելով 3-4 հազար դրամ։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքի «Դիլիջանի հասարակական տրանսպորտ» բաժնում գրված է. ««Հաջորդ կանգառը՝ Եվրոպա» ԵՄ ծրագրի շրջանակներում ստեղծվեց Դիլիջանի հասարակական տրանսպորտի նոր համակարգ: 2016թ. ապրիլից համայնքների խոշորացման արդյունքում Դիլիջան քաղաքային համայնքը միավորվեց Հաղարծին, Թեղուտ, Հովք, Գոշ, Խաչարձան եւ Աղավնավանք գյուղական համայնքների հետ: Դիլիջանի համայնքապետարանը Իտալիայի Տոսկանայի «Չիսպել» հանրային տրանսպորտային  ասոցիացիայի հետ Եվրոմիության կողմից ֆինանսավորած ծրագրի շրջանականերում ստեղծեց որակապես նոր՝ «Դիլիջանի հասարակական տրանսպորտային համակարգ»: Ծրագրի իրականացումը միտված էր միջհամայնքային տեղաշարժի դյուրինացմանը»: Աղավնավանքը համայնքի կենտրոն Դիլիջանին կապող հասարակական տրանսպորտ  չի գործում. այդպե՞ս են դյուրացրել միջհամայնքային տեղաշարժը։

 

 

 

ՆՈՐՈԳՈՒՄԸ ՉԵՆ ԱՎԱՐՏԵԼ

2022 թվականին Դիլիջան քաղաքում  սկսվեց Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի՝ ժողովրդական արվեստի թանգարանի շենքի հիմնանորոգումը։ Թանգարանի շենքը վատթար վիճակում էր գտնվում, հիմնանորոգման կարիք ուներ։ Ճարտարապետական այդ կառույցը զբոսաշրջային Դիլիջանի հարուստ պատմության վառ վկաներից է։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանը իր  տունը նվիրել է քաղաքին, 1979թ.-ին այն դարձրել է թանգարան: Այդ շենքը նախկինում պատկանել է  իշխանուհի Մարիամ Թումանյանին։ Ծրագրով նախատեսված էր՝  թանգարանի շենքի նորոգումը կավարտվի  2023 թվականի ընթացքում, սակայն հիմա վերանորոգման գործը  չի ավարտվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս