ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԻՍՏԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հաջորդ շաբաթ փակ նիստ կանեն:

Ինչպես հայտնել ենք, հաջորդ շաբաթ խորհրդարան են գնալու Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի մյուս անդամները:

Վարչապետն ու նախարարները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

ԱԺ նիստերից առաջ՝ երկուշաբթի օրը, ՔՊ խմբակցությունը փակ նիստ կանի:

Իշխանական պատգամավորների մոտ իրարանցում է. պատրաստվում են, որպեսզի պատշաճ դիմավորեն ու ճանապարհեն Փաշինյանին:

Ահա երկուշաբթի օրը եւս մեկ անգամ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն, որպեսզի, այսպես ասած, դերաբաշխում անեն  ու նախապես որոշեն, թե որ պատգամավորը ինչ հարց պետք է ուղղի Փաշինյանին, ինչ ելույթ պետք է ունենա, ինչպես նաեւ խմբակցության ղեկավարների կողմից համապատասխան ցուցումներ ստանան:

Բանն այն է, որ ամեն անգամ Փաշինյանի՝ խորհրդարան գնալը իշխանական պատգամավորների մոտ իրարանցում է առաջացնում. եթե, օրինակ, սովորական նիստերի ժամանակ նրանց մեծ մասը գալիս, գրանցում ու դուրս է գալիս նիստերից, ապա Փաշինյանի գալու դեպքում միայն ու միայն ընդմիջումների ժամանակ է թույլատրվում դուրս գալ դալիճից:

Իսկ նիստի ժամանակ Փաշինյանին կարելի է  ուղղել միայն նախապես մշակված ու սերտած հարցեր, որոնք նախապես բաժանվում են պատգամավորներին, եւ որոնց արդեն պատրաստ է Փաշինյանը:

 

 

 

 

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հարաբերությունները տեւական լարվածությունից հետո կարգավորվել են: Ինչպես «Ժողովուրդ»  օրաթերթը հայտնել էր, երեկ Արարատ Միրզոյանը գնացել էր խորհրդարան՝ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորները, ի տարբերություն նախորդ անգամների, բավականին լավ են ընդունել Միրզոյանին, նրա հետ զրուցել, հարցեր են քննարկել՝ առանց քամահրանքի ու ագրեսիայի: Այսինքն՝ Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել թիմակիցների հետ, ու նախկին լարվածությունն այլեւս չկա:

 

 

 

 

Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական  թեկնածուի անուն է շրջանառվում։ Մասնավորապես, դատական համակարգում  կարծիքներ են հնչել, որ իր թեկնածությունը առաջադրի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ դատական համակարգը վերջինիս հնարավոր առաջադրումը դրական է ընդունել, բայց դեռ վերջնական որոշում չկա։ Հիշեցնենք՝ քանի որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, ԱԺ-ում բոյկոտեց ՍԴ դատավորի պաշտոնում Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությունը, դատավորները էլի պետք է հավաքվեն, կրկին պիտի ՍԴ դատավորի թեկնածու ընտրեն եւ ուղարկեն ԱԺ-ի հաստատմանը: Դատական համակարգում ակտիվ քննարկում են, թե ում ընտրեն, որ ՔՊ-ի սրտով լինի: Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի հանձնվում եւ ամեն գնով իր թեկնածուին է առաջ տանելու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, կրկին առաջադրվի, որին դատավորները մի անգամ արդեն մերժել էին:

 

 

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի հունվարին հրապարակած՝ ՀՀ մահացությունն ըստ մահվան հիմնական պատճառների (աղբյուրը՝ մահվան բժշկական վկայականների հիմքով կազմված քաղաքացիական կացության մահվան վերաբերյալ ակտերի գրանցումները) մասին վիճակագրության համաձայն՝ մարդկանց մահացություններն ամենաշատը գրանցվում են արյան շրջանառության հիվանդություններից։ 2023 թվականին այս հիվանդությունից մահացել է 1 375 մարդ, իսկ 2024-ին՝ 1488 մարդ, այսինքն՝ 113 մարդով ավելի։ Մահացության պատճառների շարքի 2-րդ հորիզոնականում է նորագոյացությունից մահերը։ Այստեղ եւս մահացությունների թվերը կրկին աճում են. 2023 թվականին դրանք կազմել են 446 մարդ, իսկ 2024 թվականին՝ 460 մարդ. այստեղ եւս աճ է գրանցվել (14 մարդ)։ Երրորդ հորիզոնականում շնչառական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահերն են։ Նախորդ տարի այս ախտորոշմամբ մահացել է 268 մարդ։ Այս դեպքում, վերջին երկու տարիների համեմատությամբ, նվազել է ցուցանիշը. այս տարվա նույն ժամանակահատվածում մահացել է 249 մարդ, այսինքն՝ 19 մարդով քիչ։ Այս շարքը հաջորդում են մարսողական օրգանների հիվանդությունից, վարակիչ եւ մակաբուծային հիվանդություններից եւ այլ հիվանդություններից մահերը։ Ուշագրավ է նշել, որ նախորդ տարի հունվարին Covid-19 վիրուսից մահացել էր 3 անձ, այս տարի այդ վարակից ոչ ոք չի մահացել։

 




Լրահոս