Գերիների հնարավոր վերադարձի համար արվում է ամենօրյա աշխատանք. խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ArmLur.am-ը կապ հաստատեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ է արվում ռազմագերիների համար, եւ ինչ փոփոխություններ կա.
«Այստեղ իրավական մասով դատական գործընթաց կա, որոնք շատ կարեւոր զսպող մեխանիզմներ են քաղաքական գործընթացների համար եւ անխուսափելի ազդեցություն ունեն: Դատական ակտերը այս պահին վերջնական ավարտված չեն, իսկ ընթացող գործընթացը դրական ազդեցություն է թողնում քաղաքական գործընթացների վրա: Քաղաքական մասով մեզ համար հստակ է, որ ազատ արձակումը ուղիղ կապված է քաղաքական պահանջների բավարարման հետ, եւ, առանց որոշակի պահանջների բավարարման, Ադրբեջանը չի իրականացնում իր միջազգային պարտավորությունները կամ այն հանձնառությունները, որոնք ամրագրված են իրավաքաղաքական փաստաթղթերում, եւ, առանց հայկական կողմի զիջումների, մեծ հաշվով հայրենադարձում տեղի չի ունենում, եւ հայկական կողմը կարծես թե ընդունել է խաղի այս կանոնները, որ ազատ արձակումը պետք է ապահովվի զիջումների վրա, եւ ինքնուրույն լծակներ չի գործադրում միակողմանի մարդասիրական պարտավորությունների կատարումը երաշխավորելու նպատակով»:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը հիմա ակնկալիքներ չունի, որ կարճաժամկետ հեռանկարում ռազմագերիների ազատ արձակում կլինի:
Ազատ արձակումը կապված է լինելու խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցման եւ կնքման հետ:
«Ադրբեջանի կողմից ընդունելի խաղաղության պայմանները կթելադրվեն, եւ փաստաթղթեր կստորագրվեն. սա մենք ուղիղ կապակցում ենք խաղաղության շուրջ գործընթացների հետ եւ այդ գործընթացների եզրափակումը իրատեսական չենք համարում այս թիմի հայրենադարձման համար»,-ասում է իրավապաշտպանը:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի պահանջը, ըստ որի՝ Հայաստանը պետք է հետ վերցներ հայցերը միջազգային կառույցներից, չի նպաստի գերիների վերադարձման գործընթացին, որովհետեւ Հայաստանը շատ լուրջ երաշխիքներ պետք է ունենա, որպեսզի այդ փաստաթղթերի ստորագրումից հետո հրաժարվի հայցերից:
«Ադրբեջանը միանշանակ խախտել եւ խախտում է իր պայմանավորվածությունները՝ դրանք լինեն քաղաքական մակարդակում, թե միջազգային իրավական փաստաթղթերում»,-հավելում է իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում 54 հայ գերի կա, նրանցից 16-ը գերեվարվել են սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո, նրանց թվում են արցախցի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել եւ ելույթով է հանդես ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կայուն զարգացման նպատակների տարածաշրջանային ֆորումին։ Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընտրվել է ֆորումի համանախագահող։
Ընդգծվել է, որ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը գիտակցում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, համապարփակ գործող ճանապարհների եւ տրանսպորտային ենթակառուցվածքների կենսական կարեւորությունը: Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
ԿԶՆ տարածաշրջանային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամմեդի, ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանի բյորոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի եւ Չեխիայի տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ Ռադիմ Սրշենի հետ։
Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանում Կայուն զարգացման 2030 օրակարգի եւ կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացման ուղղությամբ կառավարության կողմից կատարված աշխատանքներին: Կարեւորվել է ՄԱԿ քարտուղարության եւ համապատասխան գործակալությունների ու գործընկեր պետությունների հետ ակտիվ համագործակցությունը Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովմանեւ մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ։
ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
«ՀայՓոստը» հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով՝ չվստահել կեղծ էջերին եւ որեւէ անձնական տվյալ չտրամադրել:
«Ահազանգեր ենք ստանում, որ խարդախները կրկին «ՀայՓոստի» անունն են շահարկում:
Այս անգամ քաղաքացիները հաղորդագրություններ են ստանում, իբրեւ թե, «ՀայՓոստի» անունից, որոնցում նշվում է, իբր, իրենց ծանրոցը հասել է պահեստ, սակայն չի կարող առաքվել՝ հասցեի ոչ ամբողջական տեղեկատվության համար, ապա խնդրում են 12 ժամվա ընթացքում հաստատել իրենց հասցեն՝ անցնելով իրենց տրամադրած կեղծ հղումով:
Հայտնում ենք, որ «ՀայՓոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որեւէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաեւ կայքի հղումին, որը կրկին ոչ պաշտոնական է:
Հարգելի՛ հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին եւ որեւէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով:
Հավելենք, որ «ՀայՓոստի» հաճախորդներն առաքանիի մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է:
Հաղորդագրության մեջ կցվում է նաեւ պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:
«ՀայՓոստի» ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից»,- ասված է հայտարարության մեջ:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 183
2018թ. մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրապարակավ խոստացավ. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը եւ, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»: «Ժողովուրդ» օրաթերթը, համադրելով պաշտոնական տեղեկությունները, պարզեց, որ իրականում Հայաստանում գյուղատնտեսությունն անկում է ապրում տարեցտարի։ Արդեն մի քանի տարի է՝ տնտեսական աճի պատկերում այս ոլորտի դիմաց տոկոսը 0-ից ցածր է։ Ինչ վերաբերում է «չմշակվող գյուղատնտեսական հողերի գոյության բացառմանը», Նիկոլ Փաշինյանը 28.04.2021թ. արձանագրեց, որ Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում:
«ԽՈՍՔԻ ՏԵՐԸ ՉԵՆ ԵՂԵԼ»
Մարտի 15-ին ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ-ի որեւէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որեւէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլեւ ՀՀ տարածքից որեւէ բան որեւէ մեկին հանձնելու վերաբերյալ։ «Մենք Տավուշի մարզի գյուղերը հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»-նշել է նա։ ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ-ն ու Թուրքիան այժմ արձանագրություններ են փոխանակում Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգման մասով։ ՀՀ-ն որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել։ ՀՀ-ի համար մինչեւ այս պահն անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին։ ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիլյանի հետ մեկնաբանություն ստանալու նպատակով. «Մենք տարիների ընթացքում բազմաթիվ պատճառներ ունենք չհավատալու իրանց, շատ դեպքերում խաբել են, իրենց խոսքի տերը չեն եղել, ասել մեկ բան, մեկ այլ բան է կատարվել: Դա արձանագրելով՝ կարելի է ասել, որ իրեն խոսքերը որեւէ հիմք չեն ներկայացնում ճշմարտությունը իմանալու համար»: