Ոսկեպար գյուղի եկեղեցիներն ու հուշարձանները. որ դարով են թվագրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Տավուշի շրջանի 4 գյուղերում (Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կիրանց) գտնվող պատմամշակութային կոթողները և այդ կոթողների ունեցած պատմական ու մշակութային արժեքները: Նշված 4 գյուղերը կորցնելով՝ Հայաստանը, հայկական տուրիզմը կկորցնի նաև մի շարք կոթողներ ու տեսարժան վայրեր:
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող մի շարք եկեղեցիներ, ամրոցներ, խաչքարեր ու հուշարձանները մեզ են հասել դեռևս ուշ միջնադարից, 6-7-րդ դարերից անգամ Ք.ա 2-1 հազարամյակներից:

Ջուխտակ եղցի միջնադարյան վանական համալիր է: Գտնվում է Ոսկեպար գյուղից 8 կմ հարավ-արևմուտք, Ոսկեպար գետի ձախակողմյան հատվածում: Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Վանական համալիրը բաղկացած է փոքր հեռավորությամբ հյուսիս-հարավ ուղղությամբ միմյանց հաջորդող պաշտամունքային չորս կառույցներից, որոնցից երեքը եկեղեցիներ են, իսկ մեկը մատուռ, ընդ որում եկեղեցիներից երկուսը և մատուռը կանգուն են, իսկ չափերով ամենամեծ եկեղեցին՝ կիսավեր:

Բերդավանքը հայ քաղկեդոնական միջնադարյան վանական համալիր է և գտնվում է Ոսկեպար գյուղից 6 կմ դեպի դեպի արևմուտք, Ոսկեպար գետի ձախ հատվածում: Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում:
Խլխլան աղբրի եկեղեցին մեզ է հասել միջնադարից: Գտնվում է Ոսկեպար գյուղից 1 կմ դեպի մի մենավոր հացենու ներքո: Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կալապանի եկեղեցին միջնադարից մեզ հասած հայ առաքելական եկեղեցի է: Գտնվում է Ոսկեպար գյուղից 3.5 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Վերին Ոսկեպար գյուղի մոտ գտնվող Կալապան գյուղատեղիում: Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Գոմաձորի հայ առաքելական եկեղեցին մեզ է հասել միջնադարից: Կառուցվել է զարգացած միջնադարում՝ 12-13 դարերում: Գտնվում է Ոսկեպար գյուղից 500 մետր դեպի հարավ-արևելք: Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հայտնի է եղել նաև Մուքել աղի եկեղեցի անվամբ։
Անտառամուտի եկեղեցին թվագրվում է ուշ միջնադարով և գտնվում է գյուղի հարավ-արևմտյան մասում:

Սուրբ Աստվածածին եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով և գտնվում է գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Ոսկեպար գետի ձախ կողմում:
Սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան հատվածում: Հիմնադրվել է 2000 թվականին Սարգիս Ավագի Պապյանի աջակցությամբ, ինչպես նաև նրա նախաձեռնությամբ եկեղեցու տարածքում տեղադրվել է խաչքար։
Կոռաբերդ ամրոցը թվագրվում է 10-13-րդ դարերով: Գտնվում է Վերին Ոսկեպար գյուղում, Ոսկեպար գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ շրջապատի նկատմամբ իշխող դիրք զբաղեցնող վիմահերձ լեռան գագաթին:

Գյուղից մոտ 8 կմ դեպի արևմուտք, Ոսկեպարի գետի հոսանքով դեպի վեր, գտնվում է Ք.ա. 2-1 հազարամյակով թվագրվող «Շաքարաբերդ» ամրոցը:
Գյուղի տարբեր հատվածներում գտնվում են ամրոցներ, որոնց անունը հայտնի չէ, բայց պահպանված արձանագրություններից իմանում ենք, որ 6-7-րդ, 10-13-րդ, 10-14-րդ դարերի կառույցներ են:

Գյուղի կամուրջներից մեկը թվագրվում է ուշ միջնադարով (անունը հայտնի չէ), իսկ մյուս՝ Ջորու կամուրջը թվագրվում է 8-րդ դարով և գտնվում է գյուղից 4 կմ դեպի արևմուտք:
Գյուղն ունի հուշաղբյուր, որը կառուցվել է 1983 թվականին և նվիրվել է Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին և հուշարձան, կառուցված 1978 թվականին, որն էլի կառուցված է Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին:

Նանիկ Աղասյան




Լրահոս