ArmLur.am-ին քաղաքացիները ահազանգում են, որ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի դիմած մի խումբ մարդիկ պատմում են, որ հիվանդանոցի մուտքի դիմաց ոչ պատշաճ վիճակ է:
«Հիվանդանոցի հենց բակը ցեխի մեջ կորած է, ամբողջը փոսեր են, անձրևն էլ եկե,լ սաղ փոսերում ջուր ա լցվել, քայլելու տեղ չկա: Բոլոր 4 կողմերը ցեխ ու ջուր են, թե՛ հիվանդասենյակների մոտ, թե՛ հիվանդանոցի (հիվանդանոցը ու հիվանդասենյակները իրար դեմ առ դեմ են): Էլ չեմ խոսում հիվանդանոցում գոյացած հերթերի մասին: Մարդիկ ժամեր շարունակ սպասում են առանց հույսի, որ իրենց հերթը կհասնի»,-պատմում է մեզ դիմած քաղաքացին:
ArmLur.am-ը զանգահարեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժին՝ հասկանալու համար բակի չվերանորոգման և հերթերի գոյացման պաճառը ո՞րն է, և ի՞նչ է արվում դրա համար, որտեղից էլ Արաքսյա Փաշոյանն ասաց՝
«Հիվանդանոցի բակի համար քաղաքապետարանում այս պահին ունենք ուղարկված նախագիծ, որը որ հաստատման փուլում է ու նախագծով նախատեսվում է ամբողջ բակային հատվածի բարեկարգում»:
Անդրադառնալով հիվանդանոցի հերթերի մասին բողոքին՝ ասաց.
«Հերթերը կա, մենք չենք հերքում դա, բայց դա պայմանավորված է պահանջարկով, դիմողների քանակով: Մենք կազմակերպչական առումով փորձում ենք հնարավորինս այնպես անել, որ հերթեր չգոյանան, բայց այնուամենայնիվ դիմողների քանակը շատ-շատ են ու դրանով պայմանավորված՝ խուսափել չի լինի»:
Էմմա Մարտիրոսյան