Քիչ չի եկեղեցի ենք կառուցել, մի հատ էլ հարցերին պետք է պատասխանե՞նք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նոր Խարբերդ ամառանոցային թաղամասում գտնվող «Կարմիր Ավետարան» եկեղեցին կառուցվել է տարիներ առաջ: Կառուցողը ՝  Աիդան, ասում էր, թե եկեղեցու շինարարության համար իրեն արտասահմանից գումար են ուղարկել այն մարդիկ, ում ինքը բժշկել է:

Եկեղեցին կառուցվելուց հետո պարսպապատվեց, եղավ բացման արարողություն և այցելուների պնդմամբ հենց այդ արարողության ժամանակ, հանկարծամահ եղավ Աիդայի երիտասարդ դուստրը: Նրան հուղարկավորել են հենց եկեղեցու տարածքում և Աիդայի մշտական այցելուները այդ գերեզմանը իբրև սրաբավայր են ընկալում: Եկեղեցին իրեն անվանում է Հայ Առաքելական, սակայն այն չի օծվել և այնտեղ չկա քահանա: Այնտեղ կինն է «քահանայություն» անում ՝ Աիդան:

Պատմում են, որ մեկ անգամ նույնիսկ պսակադրության արարողության ժամանակ հարսը խորանի մոտ տեսնելով կին քահանային ՝ ծնողների հետ լքել է եկեղեցին և իր ընտրյալին (ում ընտանիքը Աիդայի մշտական այցելուներից էր, սակայն թաքցնում էր կրոնական կազմակերպության անդամ լինելու փաստը և հարսնացուի մոտ ներկայացնում էր որպես Առաքելական եկեղեցի):

Ինքը կառույցը, իր ճարտարապետությամբ իրոք գեղեցիկ եկեղեցի է, բայց այն, ինչ կատարվում է նրա ներսում, հեռու է բարի, գեղեցիկ ու առավել ևս աստվածային լինելուց: Եկեղեցու բակում մեզ արագ ընդառաջ եկավ մի կին և հարցրեց. «ինչո՞ւ եք եկել»,-հարցը ինքնին զարմանալի էր և միանգամից բացահայտում էր, կառույցի դրվածքը ՝ այստեղ օտարներին զգոնությամբ են մոտենում:

Աիդայի հետ մեզ զրուցել չհաջողվեց, ասացին, որ տարածքում չէ և Զատկի տոնին է գալու: Եկեղեցու ծառայող ներկայացած Սուսաննային դուր չեկավ մեր այցի նպատակը: Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ եկեղեցին օծված չէ, եթե Հայ Առաքելական եկեղեցի է ՝ նա հենց եկեղեցու մեջ սկսեց բղավել. «Զորավոր եկեղեցի է, ի՞նչ կապ ունի օծված է, թե՞ ոչ: Հայ Առաքեկալան եկեղեցի է, որ պատկանում է Կարմիր Ավետարան համայնքին: Ես ջղայնանում եմ, երբ օծման մասին են հարցնում»: Այդուհանդերձ Սուսաննան առաջարկեց գնալ եկեղեցուն կից գտնվող մոմավառության սրահ ՝ մեր հարցի պատասխանը ստանալու համար: Այնտեղ, պատին շրջանակի մեջ փակցված էին Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի երկու նկար՝ «եկեղեցու օծման արարողությունը» մակագրությամբ: Հավանաբար «եկեղեցու» օծման մասին հարցը այնքան է նյարդայնացրել, որ որոշել են այցելուներին խաբել:

Armlur.am-ի  դիտարկմանը, որ Մայր Աթոռը այդ եկեղեցու գործունեությունը աղանդավորական է համարում, Սուսաննան պատասխանեց. «գլուխները պատին են տվել, մենք ոչ մեկի առաջ հաշվետու չենք»:

Հարցին, արդյոք քահանա կա՞ եկեղեցում, նա պատասխանեց, որ չկա ու իր խոսքերով ՝ պե՛տք էլ չի: Սուսաննան թույլ չտվեց անգամ, որ մենք զրուցենք իրենց այգեպանի հետ, հեռվից նկատեց, և սկսեց բղավել, որ անմիջապես լքենք եկեղեցու տարածքը, թե չէ ՝ շներին բաց է թողնելու:

«Դուրս եմ հանում, որովհետև ինքը հատուկ հարցերով է եկել, մենք էլ չենք ուզում այդ հարցերին պատասխանել: Քիչ չի եկեղեցի ենք կառուցել, մի հատ էլ հարցերին պետք է պատասխանենք»,- դարպասի հետևից բղավում էր Սուսաննան:

Մարինե Բարսեղյան




Լրահոս