ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերն ամենուր է՝ մեր առօրյա կյանքում․ 5 ֆիլմ կյանքի շարժիչ ուժի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերը կյանքի շարժիչ ուժն է, մարդկանց միավորող ու բաժանող, ստեղծող ու քանդող, բարձրացնող և ցած նետող ամենամեծ զգացմունքը։

Սերն ամենուր է՝ մեր առօրյա կյանքում։ Ինչպիսի սիրո մասին էլ, որ խոսենք՝ ծնողների, քույրերի ու եղբայրների, կողակցի, երեխաների, ընկերների, հայրենիքի, զբաղմունքների կամ կենդանիների հանդեպ, այն միևնույնն է շարժիչ ուժ է, որն անդադար ստիպում է առաջ շարժվել։

Մի պահ կանգ առեք, փորձեք կողքից նայել այն ամենին ինչը կատարվում է Ձեր շուրջը․ կհասկանաք, որ առանց սիրո ոչինչ էլ չէր ստացվի՝ չէիք կարողանա ընթրել ընտանիքի անդամների հետ, չէիք տեսնի, թե ինչպես են տան բակում խաղում ընտանի կենդանիները, ինչպես են գարնանը ծաղկում մարդկանց խնամած ծառերը, ինչպես են ծնվում աշխարհի ամենախելահեղ արվեստի գործերը և ինչ հիացմունքով են փոքրիկները զարմացած նայում, թե ինչպես են շարժում իրենց մատիկները։ս

ArmLur.am-ը այսօր կառաջարկի հինգ ֆիլմ, որոնք պատմում են խելահեղ սիրո, նվիրումի և ամենադժվար պահերին չհուսահատվելու մասին։

«Ես՝ քեզնից առաջ» (Me before you)

Ամերիկա-բրիտանական դրամա է, որը էկրաններ է բարձրացել 2016 թվականին։ Այն պատմում է երիտասարդ զույի մասին, որը մեծ դժվարություններով է անցնում հաշմանդամ դարձած ամուսնու առողջական խնդիրների պատճառով, սակայն սերը ընտանիքում երբեք չի մարում։ Ֆիլմը նկարահանվել է իրական պատմության հիման վրա, որը խորհուրդ ենք տալիս կարդալ։

Ամերիկայում ֆիլմը 33 միլիոն դոլարի շահույթ է ունեցել։

«Մանուշակագույն սրտեր» (Purple Hearts)

Ֆիլմը էկրաններ է բարձրացել 2022 թվականին։ Այն պատմում է զինվորական տղայի և երաժիշտ աղջկա սիրո մասին, որոնք ամուսնանում են փոխադարձ պայմանավորվածության հիման վրա, սակայն պատերազմի հետևանքները միավորում են նրանց ու մեծ սեր ծնում։ Ֆիլմի երկրորդ մասը կթողարկվի այս տարի։

«Մեկ օր» (One day)

Հերոսները ծանոթանում են համալսարանում և հենց նրանց ավարտական երեկոյից էլ սկսվում է ֆիլմը՝ 1988 թվականի հուլիսի 15-ից։ 2011 թվականին էկրանների բարձրացած ֆիլմի ողջ ընթացքում կարելի է տեսնել հերոսների կյանքը ամեն տարվա նույն օրը, ինչպես են ընկերանում, հեռանում միմյանցից, սիրահարվում կամ հարաբերություններ սկսում ուրիշների հետ, ապա կրկին միանում և․․․

Սա Էն Հեթըուեյի մարմնավորած ամենահիասքանչ կերպարներից է․ ֆիլմ, որն անպայման պետք է նայել՝ գնահատելու ժամանակը, որն ունենք։

«Սիրով, Ռոզի» (Love, Rosie)

2014 թվականին էկրաններ բարձրացած ֆիլմը մեծ աղմուկ էր բարձրացրել․ այն սիրո և պայքարի մասին պատմող էկրանավորում է, որի հերոսները երկար տարիներ անց միավորվում են։ Ֆիլմը հուշում է անկեղծ լինելու անհրաժեշտության, սեփական երազանքների համար պայքարի և հանուն սիրած մարդու ինչ ոչ բանից հրաժարվելու մասին։

«Խելահեղ հարուստ ասիացիները» (Crazy rich asians)

Ֆիլմի գլխավոր հերոսուհին, ով բաժանված ծնողների դուստր է, ով սիրահարվում է Սինգապուրի ամենահարուստ ընտանիքներից մեկի տղային, սակայն չի իմանում այդ մասին։ Տղայի ընտանիքի հետ ծանոթությունը վերածվում է իսկական փորձության, որը պետք է հաղթահարել՝ ապացուցելու, որ սերը վեր է հարստությունից։

Հուրի Բաղդասարյան




Լրահոս