ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Մերձմոսկվայում գտնվող «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը։
«Անկեղծ ցավակցություն եմ հայտնում ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին, ոգու կորով՝ զոհվածների բոլոր հարազատներին։ Ահաբեկիչները միայն պատասխան ահաբեկչության լեզուն են հասկանում՝ ոչ մի դատավարություն կամ հետաքննություն չի օգնի, եթե ուժին չհակազդես ուժով, իսկ մահերին՝ ահաբեկիչների մահապատիժներով և նրանց ընտանիքների նկատմամբ բռնաճնշումներով: Համաշխարհային փորձն է այդպիսին։ Եթե պարզվի, որ դրանք Կիևի ռեժիմի ահաբեկիչներ են, ապա նրանց և նրանց գաղափարական ոգեշնչողների հետ այլ կերպ վարվել հնարավոր չէ։ Նրանց բոլորին պետք է գտնել և անխնա ոչնչացնել որպես ահաբեկիչների, այդ թվում նման ոճրագործություն իրականացրած պետության պաշտոնյաներին։ Մահ՝ մահվան դիմաց»,- գրել է նա թելեգրամյան իր էջում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատարվածը որակել է որպես ահաբեկչություն՝ հավելելով, որ Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունը ցավակցական զանգեր է ստանում ամբողջ աշխարհից։
«ՌԴ ԱԳՆ-ն ամբողջ աշխարհից զանգեր է ստանում շարքային քաղաքացիներից, որոնք ցավակցում են «Crocus»-ում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ և խստորեն դատապարտում այս արյունալի ահաբեկչությունը, որը տեղի է ունենում ողջ մարդկության աչքի առաջ»,- գրել է Զախարովան թելեգրամյան իր ալիքում:
Զախարովան ասել է, որ եթե ԱՄՆ-ը հավաստի տվյալներ ունի կատարված ահաբեկչության վերաբերյալ, ապա դրանք պետք է անհապաղ փոխանցվեն ռուսական կողմին։
«Եթե ԱՄՆ-ն ունի կամ ուներ հավաստի տվյալներ կատարվածի վերաբերյալ, ապա դրանք պետք է անհապաղ փոխանցվեն ռուսական կողմին»,- գրել է Զախարովան թելեգրամյան իր ալիքում՝ ի պատասխան Սպիտակ տան այն մեկնաբանության, որ իրենք նշաններ չեն տեսնում, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները մասնակցել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ երեք անձ ներխուժել է համերգասրահ և կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։