«Չերքեզի ձոր» ռեստորան տանող ճանապարհին «բարբառի» համար քաղաքացուն կյանքից զրկածը փորձել է վերջ տալ կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբերտ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ 2023 թվականի օգոստոսի 6-ին ժամը 00:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքի տան դիմաց, Ա.Մուրադյանի և Ա.Սարդարյանի հետ ծագած վիճաբանության ժամանակ՝ Ա.Մուրադյանի առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով և սպանել՝ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է Ա.Սարդարյանին:

Այսպես 2023 թվականի օգոստոսի 5-ին Գյումրի քաղաքի Կարմիր Բերդ 1 հասցեում գործող «Չերքեզի Ձոր» ռեստորանում վիճաբանություն է ծագել Նույն ռեստորանի աշխատակիցներ Ա.Մուրադյանի և Ա.Մկրտչյանի միջև, որը շարունակելու նպատակով վերջիններս պայմանավորվել են հանդիպել Աշխատանքի ավարտից հետո: Օգոստոսի 6-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, հիշյալ ռեստորանից քիչ հեռու՝ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքի տան դիմաց, Ա.Մուրադյանի և Ա. Մկրտչյանի միջև ծագած վիհաբանությունը շարունակվել է, ինչին միջամտել է Ա.Մուրադյանի ընկեր Ա. Սարդարյանը, որի ընթացքում Ալբերտ Մկրտչյանը, նախապես իր հետ վերցրած՝ դանակով, հարվածել է Ա.Մուրադյանին՝ պատճառելով առողջության կարճատև քայքայում առաջացրած մարմնական վնասվածք:

Այնուհետև, Ալբերտ Մկրտչյանը, Ա. Սարդարյանին կյանքից գրկելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած դանակով, մեկ անգամ հարվածել է Ա.Սարդարյանին՝ առաջացնելով մահվան պատճառ հանդիսացած վնասվածք, այդ կերպ սպանելով՝ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինին, ինչից հետո դիմել է փախուստի։

Գործը դատարանում է։ Սակայն ուշագրավ մեկ հանգամանք ևս ներկայացնենք այս դեպքով։

Պարզվում է Մասիսի 36-ամյա բնակիչը, որը կասկածվում է սպանություն կատարելու մեջ, մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել էր Գյումրի․ նա աշխատանք էր գտել «Չերքեզի ձոր» ռեստորանում, տուն վարձակալել Գյումրիում։ Բնակվել է միայնակ։ Նրա ընտանիքի անդամներից մեկը, ըստ տեղեկությունների, կալանավորված է, մայրը Հայաստանում չի բնակվում։ Մասիսի բնակչի և տվյալ ռեստորանի 40-ամյա մեկ այլ աշխատակցի միջև բարբառի շուրջ խոսակցություններ ծավալվել էին ավելի շուտ, դրանք ընթացիկ միշտ եղել են, պարզապես այդ օրը կրքերը չափից ավելի են բորբոքվել։ «Չերքեզի ձորից» ոստիկանությանը հայտնել են այն մասին, որ դեպքի օր մենեջերը, տեսնելով, որ գյումրեցի աշխատակիցը շատ է լարված, նեղված Գյումրու բարբառը հեգնելու համար, սաստել է նրան, թե հանգստացի, այնուհետ հորդորել աշխատանքը թողնել ու տուն գնալ։ Տուն գնալու ճանապարհին էլ՝ «Չերքեզի ձորից» բավական հեռավորության վրա այլ անձանց ներգրավմամբ հաշիվներ են պարզել, որն էլ ավարտվել է սպանությամբ։ Սպանվածը՝ 36-ամյա Ա․ Ս․-ն, «Չերքեզի ձորում» չի աշխատել, նա եկել է այդ ռեստորանում աշխատող իր ընկերոջ կանչով։ Նա, ըստ տեղեկությունների, այգեգործությամբ է զբաղվել։ Մասիսցի երիտասարդն էլ մենակ չի գնացել հաշիվներ պարզելու։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրան ուղեկցել է մեկ այլ աշխատակից, որը գնացել է, որպեսզի վեճի չբռնվեն, հանգստացնի ու հաշտեցնի, մեկընդմիշտ վերջ դնեն այդ խոսակցությունը։ Սակայն, հանդիպումը վերածվել է վիճաբանության ու երկու աշխատակիցների միջև բարբառի շուրջ ծավալված խոսակցության հետ բնավ կապ չունեցող 36-ամյա Ա․Ս․-ն, վնասվածքներ ստանալով որովայնի հատվածում, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ինչպես հայտնում է ոստիկանությունը՝ Մասիս քաղաքի բնակիչը, որը հայտնաբերվել էր Գեղարքունիքի մարզում, կատարված սպանությունից հետո փորձել է ինքնասպանություն գործել։ Ոստիկանությունն իր պաշտոնական կայքում տեղեկացրել է ր , որ «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել անհայտ քաղաքացի՝ «երկու նախաբազուկների կտրած վերքեր, ինքնաթունավորում կարբամազեպին դեղորայք հարցականով» ախտորոշմամբ: Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ՊԾ կարգախումբը և քննչական խումբը պարզել են, որ Վարդենիսի հյուրանոցում հաբեր խմելու և ածելիով երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարողը Մասիս քաղաքի 35-ամյա բնակիչն է: Պարզվել է, որ նա ինքնասպանության փորձը կատարել է այն պատճառով, որ Գյումրի քաղաքում դանակահարել ու սպանել էր Արշակ Սարդարյանին», – գրված է ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Քնար Մանուկյան




Լրահոս