ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքել է ահաբեկչությանը հայերի ներգրավվածության վարկածը և մտահոգություն հայտնել «Դոժդ» ՀՌ եթերում նման տեղեկատվության տարածման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնել «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հնչած հայտարարությունների վերաբեյալ առ այն, թե իբր հայերը ներգրավված են եղել «Crocus City Hall»-ում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

«Վրդովվեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակային տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը և ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների բորբոքմանը:

Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հանդես եկավ խաղաղ քաղաքացիների դեմ իրականացված անմարդկային հանցագործությունը դատապարտող հայտարարություններով։ Երևանում մեր հայրենակիցները վաղ առավոտից հարգում են բոլոր զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ դնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Եվս մեկ անգամ խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Մեր բոլոր մտքերն ու աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են։ Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկատվություն և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա», – նշված է հաղորդագրության տեքստում:

Նշենք, որ «Դոժդ» հեռուստաալիքի եթերում ռուս լրագրող Օլեգ Կաշինը, խոսելով «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին, առաջ է քաշել ահաբեկչական գործողությանը հայ արմատականների հնարավոր ներգրավվածության վարկածը։




Լրահոս