ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ բուհերի և ինստիտուտների շուրջ այս պահին որևէ հստակ գործընթաց չի իրականացվում և ընթանում են խորքային բանակցություններ՝ հասկանալու համար, թե ինչպես ավելի արդյունավետ դարձնենք բարձրագույն կրթությունն ու գիտությունը, ավելի փոխկապված, ավելի որակյալ, ավելի մրցունակ՝ առաջին հերթին ուսանողների և հանրության համար։ Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Նա մասնավորապես գրել է․ «Բոլոր այն ահագուժող դիտարկումները, թե այսօր-վաղը ինչ-որ բան է պատահելու, անտեղի են, մոլորեցնող ու շփոթեցնող։ Ինչ-որ բանը պատահելու է մեր համատեղ աշխատանքով, քննարկումներով և դրա արդյունքով։
Ակադեմիական քաղաքն ամենևին միայն ենթակառուցվածքի ու միջավայրի մասին չի. այն նախևառաջ կրթության բովանդակության մասին է, որտեղ դասախոսը դասատու չի և ստիպված չի օրական անհնար ժամեր դասավանդել՝ մի բուհից մյուսը հաճախ վազելով, այլ առաջին հերթին բարձր որակավորված մասնագետ է՝ իր աշխատասենյակով, դասավանդման օպտիմալ ժամերով, հետազոտության համար հարմար պայմաններով, որտեղ իր աշխատանքը փոխկապված է գիտությանը ու դրանով իսկ զարգացող ու զարգացնող աշխատանք է։ Ակադեմիական քաղաքը ուսանողի կրթության մասին է, որը դպրոցից տարբեր կրթություն է. չի սկսվում և ավարտվում սահմանված դասացուցակով. ուսանողն է ընտրում դասընթացները նախընտրած դասախոսների մոտ՝ ունենալով տվյալ մասնագիտության պարտադիր և ընտրովի դասընթացների ցանկը։ Ինքն է ընտրում հաջորդականությունը, ինտենսիվությունը, ժամկետը։ Ընտրում և պատասխանատվություն է վերցնում իր ուսումնառության համար։ Այդպիսով գուցե մի դաս առավոտյան է ունենում, մի դաս՝ ցերեկը, ընթացքում էլ՝ հրաշալի միջավայր ու հնարավորություններ՝ իր կրթությունը իր ուզած ձևով կազմակերպելու՝ գրադարաններում, այլ հարմար միջավայրերում, գուցե ընթացքում մի թեթև աշխատելու՝ գրպանի գումարը հոգալու համար, ընկերների հետ շփվելու և միասին պատրաստվելու ինչ-որ թեմայի կամ դասի, քննության։ Այս բովանդակությունն անհնար է առանց միջավայրի»։
Նա հեվելել է, որ Ակադեմիական քաղաքն իրականում անվանումն է մի ծրագրի՝ բովանդակության և միջավայրի, որ պետք է լինի առաջին հերթին դասախոսների և ուսանողների համար է․ «Քննարկենք միասին, գտնենք լավագույն լուծումները»։