Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացնում է փաստեր Գորիսի դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 1-ին Գորիսում միջադեպ է տեղի ունեցել Խաչատրյանների և Գորիսի բնակիչներ Արտակ և Ավետիք Բուդաղյանների միջև: Միջադեպի ժամանակ փոխադարձ կրակոցներ են եղել, որի հետևանքով Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի կրակոցից Ավետիք Բուդաղյանը մահացել է: Դեպքի ժամանակ վիրավորվել են նաև Արտակ Բուդաղյանն ու Խաչատրյանների թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:
Փաստաբանի փոխանցմամբ ` վաղը պետք է Վերաքննիչ դատարանում քննվի իր կողմից ներկայացված միջնորդությունը, քննիչի գործողությունները Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի գործողությունները քննելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Բուդաղյանների կողմից դրանք բողոքարկվել էին, դատարանը երկար մտածելուց հետո պարզաբանել էր, որ անհաղթահարելի ուժ կա ` ի դեմս քննիչի: Ապա այդ հիմքով կասեցրեց Ալումյանի բողոքի քննությունը:
«Սուրիկ Խաչատրյանը օրեր առաջ հարցազրույց էր տվել և իր տեսանկյունից ներկայացրել դեպքը ` փաստերի շատ լուրջ խեղաթյուրումներով: Սուրիկ Խաչատրյանը ներկայացրել էր իր ավոտոմեքենայի մեջ տեղի ունեցած գործողությունները, թե իբր Ավետիք Բուդաղյանն իրեն պատշաճ չի պահել ավտոմեքենայի մեջ. իրականում Բուդաղյանի նկատմամբ ավտոմեքենայի մեջ տեղի է ունեցել բռնություն»,- ասաց փաստաբանը ` հավելելով, որ Սուրիկ Խաչատրյանի ասածների սուտ լինելում կարելի է համոզվել նախաքննական ցուցմունքից:
Փաստաբանը նշեց նաև, որ բեռը դնում է թիկնապահի ` Զարզանդ Նիկողոսյանի վրա, իբր նա է հարվածել, իսկ Նիկողոսյանն էլ ընդունում է:
«Լինելով Սուրիկ Խաչատրյանի աշխատողը հազիվ թե կարողանար առանց հրահանգի նման քայլեր անել: Դեռ շարունակում է պնդել, որ Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել»,- նշեց փաստաբանը: