Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, ամենամյա հիշարժան տոն, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նշվում է մարտի 24-ին։ ԱՀԿ-ն 1993 թվականին տուբերկուլոզը հայտարարել է համընդհանուր խնդիր։ Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն է բարձրացնել տուբերկուլոզի համատարած համաճարակի մասին իրազեկվածությունը և այդ հիվանդության վերացման ջանքերը։
Օրվա ընտրությունը կապված է այն իրադարձության հետ, երբ 1882 թվականի հենց այդ օրը գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլոզի հարուցիչի հայտնաբերման մասին։
Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է, երբ վարակակիր անձի կողմից արտաշնչած բակտերիաներն օդի հետ միասին ներշնչում է այլ անձը: Հիվանդության հիմնական հարուցիչը տուբերկուլոզի միկոբակտերիան (Mycobacterium tuberculosis) է:
Ախտանիշները տարբեր են` կախված վարակված օրգանից: Թոքային տուբերկուլոզի դեպքում հիմնական ախտանիշներն են խորխարտադրությամբ (երբեմն արյունային խորխով) ուղեկցվող հազը, հևոցը և ցավը կրծքավանդակում: Առկա են նաև ընդհանուր ախտանիշներ, ինչպիսիք են երեկոյան ժամերին ջերմության բարձրացումը, գիշերային քրտնարտադրությունը, քաշի կորուստը, ախորժակի բացակայությունը, հոգնածությունը և մկանային թուլությունը: ՄԻԱՎ-ով ապրող, ինչպես նաև այլ պատճառներից (օրինակ` շաքարային դիաբետ, կամ իմունաճնշիչ բուժում) ընկճված իմունային համակարգ ունեցող մարդկանց շրջանում տուբերկուլոզով հիվանդանալու ռիսկը շատ ավելի բարձր է:
Տուբերկուլոզը դեռևս մնում է վարակիչ հիվանդությունների ցանկում և բազում մարդկային կյանքեր խլում: Ամեն տարի տուբերկուլյոզով աշխարհում հիվանդանում է շուրջ 9 միլիոն մարդ: Եվ յուրաքանչյուր տարի խլում է 1,5 միլիոն մարդու կյանք:
Տուբերկուլոզի առավել լուրջ դրություն է աֆրիկյան երկրներում։ Աֆրիկային բաժին է ընկնում մոլորակի բոլոր հիվանդացածների մոտ 29 %-ը և այդ վարակից մահացության բոլոր դեպքերի 34 %-ը։ Աֆրիկայում տուբերկուլոզի մակարդակը վերջին 15 տարում կրկնապատկվել է՝ 149-ից հասնելով 343-ի` 100 հազար բնակչի հաշվով։ Տագնապ է առաջացնում տուբերկուլոզի հակաբիոտիկ դիմացկուն ձևերի դեպքերի գրանցման ավելացումը, որոնց առաջացման մեջ Աֆրիկայում նույնպես նկատվում են ծայրահեղ անբարենպաստ միտումներ։
Տուբերկուլոզը, որպես հանրային առողջապահական համաշխարհային խնդիր, արդիական է նաև Հայաստանի Հանրապետության համար: ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության կողմից հաստատված «Տուբերկուլոզի ազգային ծրագրի» շրջանակում իրականացնում է միջոցառումներ, որոնք ուղղված են դեպքերի վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանը, բուժմանը` ներառելով նաև հիվանդության դեղակայուն ձևերը: