Բացառիկ․ Բրյուսովի համալսարանի ռեկտորի անօրինական ընտրություններ են անցկացվում․ հայտնի է օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ սույն թվականի փետրվարի 13-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար: Մրցույթին մասնակցելու համար դիմել է ընդամենը մեկ անձ, որը, իհարկե, Դավիջ Գյուրջինյանն է, ով արդեն մեկ տարի իրականացնում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այս մրցույթի հայտարարությունը տարակուսանք է առաջացնում, քանի որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն»:

Մինչդեռ, 2022 թվականի դեկտեմբերի 9-ի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ և գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում՝ ձայների մեծամասնությամբ (12/8 ձայների համամասնությամբ), ընտրվել էր Կարինե Հարությունյանը: Սակայն, մրցույթում պարտված նույն Դավիթ Գյուրջինյանը դատական կարգով բողոքարկել էր մրցույթի արդյունքները՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Արդյունքում մրցույթի արդյունքները՝ Կարինե Հարությունյանի ռեկտորի պաշտոնում ընտրվելու մասին, չհաստատվեցին կառավարության կողմից։ Ավելին` Կարինե Հարությունյանը ևս դիմել էր դատարան` մրցույթը կայացած համարելու և կառավարությանը դրանց արդյունքները հաստատել պարտավորեցնելու պահանջներով։ Դատական գործերը դեռևս ընթանում են և դատարանը որևէ որոշում չի կայացրել։ Հարց է առաջանում՝ ինչպես է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ և նախորդի արդյունքները անվավեր ճանաչված չեն։ Սա Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի ակնհայտ խախտում է։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է մարտի 29-ին անցկացնել Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները։ Այս իրավիճակի ստեղծման պատճառը և ջատագովը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան է, քանի որ նա հանդիսանում է Գյուրջինյանի հովանավորը և Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Ստացվում է, որ իշխանությունները նախկիններին օրինախախտությունների մեջ մեղադրելով, այսօր իրենք օրինախախտ նախագծով փորձում են դեռ չավարտված դատական գործի առկայությամբ ռեկտորի նոր ընտրություններ անել։

ArmLur.am-ը փորձեց կապվել Դավիթ Գյուրջինյանի հետ, սակայն, ինչպես միշտ, Գյուրջինյանը մեր զանգերը թողեց անպատասխան։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս