Վերջերս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով գործընթացը սկսել Տավուշի մարզից։ Նա նաև պարբերաբար ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության քարտեզը՝ 29.800 քառ. կմ-ով և մի փոքրիկ հատված, որն Ադրբեջանում գտնվող հայկական Արծվաշեն գյուղն է:
Սակայն առանց հիշատակելու Արծվաշենի մասին՝ Փաշինյանը նշեց, որ եթե Ադրբեջանը պահանջում է Հայաստանում գտնվող «անկլավ»-ները, ապա հայկական կողմն էլ պահանջելու է Արծվաշենը: Փաշինյանն այս նույն դիրքորոշումն է հայտնել Տավուշ կատարած այցի ժամանակ: Հանդիպումից ունեցած բուռն քննարկումներից հետո՝ տավուշեցիները հայտարարել են, որ դիմելու են ինքնապաշտպանության՝ թույլ չտալու, որ հանձնվեն իրենց հայրենի գյուղերը:
ArmLur.am-ը ուսումնասիրել է Տավուշի շրջանի 4 գյուղերում (Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կիրանց) գտնվող պատմամշակութային կոթողները և այդ կոթողների ունեցած պատմական ու մշակութային արժեքները: Նշված 4 գյուղերը կորցնելով՝ Հայաստանը, հայկական տուրիզմը կկորցնի նաև մի շարք կոթողներ ու տեսարժան վայրեր:
Կիրանց գյուղում գտնվող եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները թվագրվում են դեռևս 2-1 հազարամյակներով:
Գյուղատեղի Հին Կունեն մեզ է հասել 13-19-րդ դարերից: Գտնվում է գյուղի արևելյան եզրին՝ Կիրանց գետի երկու ափին: Գյուղատեղի հյուսիս-արևմտյան մասում գտնվում է գերեզմանոց, որը թվագրվում է 13-17-րդ դարերով: Գյուղատեղի հարավային մասում ևս կա գերեզմանոց, որը թվագրվում է 13-19-րդ դարերով: 1676 թվականի Շամբեցի Հայրապետի տապանաքարը և մի քանի խաչքարեր պահպանված 17-րդ դարից:
Գյուղատեղիի հյուսիսային մասում՝ Կիրանց գետի ձախ ափին, գտնվել է 17-րդ դարի եկեղեցի (անունը հայտնի չէ), որից պահպանվել է միայն խորանը:
Կիրանց վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում և գտնվում է գյուղից 12 կմ դեպի արևմուտք՝ Կիրանց գետի ձախ ափին: Բաղկացած է երեք եկեղեցուց, գավիթ-սրահներից, սեղանատնից, բնակելի և օժանդակ շինություններից: Վանքը պարսպապատ է: Սեղանատան արևմտյան կողմում գտնվում են վանքապատկան մի քանի թաղակապ սենյակներ: Պահպանվել են նաև միաբանության խցերի մնացորդներ, գերեզմանատունը, կամարակապ մեծ դարպասով վանքի պարիսպը:
Գյուղում է գտնվում միջնադարից պահպանված մի քանի կամուրջներ: Կիրանցում է գտնվում նաև Շոռ աղբյուրի ձորում կառուցված կամուրջը:
Գյուղից 2 կմ հյուսիս-արևելք է գտնվում 11-13-րդ դարերով թվագրվող Խաչի յալ մատուռ ու էլի մի քանի եկեղեցիներ ու մատուռներ, որոնց անունները հայտնի չեն, սակայն պահպանված որոշ արձանագրություններից տեղեկանում ենք, որ կառուցվել են 12-14-րդ դարերում: 13-րդ դարում պահպանված եկեղեցիներից մեկն (անունն անհայտ է) ունեցել է սեղանատուն, որը հարուստ է եղել որմնանկարներով: Եկեղեցու սեղանատունը պահպանված է:
Եկեղեցիներն իրենց տարածքում ունեն գերեզմանոցներ, (13-րդ դար) և պահպանվել է նաև Մամիա վարդապետի տապանաքարը՝ 1698 թվականից:
Կիրանց գյուղն ունի նաև ջրանցք, որը սկիզբ է առնում Սրանոցի կամրջի մոտից, անցնում Կիրանց և Աճարկուտ գյուղերով: Ջրանցքն այսօր էլ գործող է:
1964 թվականին գյուղի կենտրոնում կանգնեցվել է հուշարձան՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին և 1996 թվականին կառուցվել է Արցախյան առաջին պատերազմի զոհվածների հիշատակն անմահացնող հուշարձան:
Գյուղից 3 կմ դեպի արևմուտք՝ Կիրանց գետի ձախ ափին, «Ծլհան» բացատում պահպանվել է Ք.ա. 2-1 հազարամյակներով թվագրվող Դամբարանադաշտ:
Նանիկ Աղասյան