«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ քննիչները այցելել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց ու մոտ 10 րոպե մնացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ ապաքինվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ նռնակի պայթյունից վիրավորված Արթուր Մովսիսյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ վիրավորված Արթուր Մովսիսյանը հիվանդասենյակում բարձրաձայն դիմել է ներկաներին եւ ասել. «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել»։
Հիշեցնենք՝ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նռնակով զինված քաղաքացիներից մեկը Վարդգես Գեւորգյանն է, որը Արարատի մարզից է, մյուսը՝ Արթուր Մովսիսյանը՝ Ձորաղբյուրից։ Նշենք, որ Արթուր Մովսիսյանն Ազգային ժողովրդական բեւեռի աջակիցներից է, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։
Հիշեցնենք նաեւ, որ մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձինք էին ներխուժել եւ նռնակ պայթեցրել։ Ներխուժած անձանցից երկուսը ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է, ձերբակալված է: Նա Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է:»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: