ՀՀ-Ն ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է պետական շահով եւ իր անվտանգությունն է ուզում. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե, ի վերջո, Հայաստանը ՀԱՊԿ-ից ինչ է ուզում։

 

«Մենք ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում, մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության շահով, մենք Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ենք ուզում. սա է այն մոտիվացիան, որով անդամակցել ենք ՀԱՊԿ-ին, սա է այն ընկալումն ու ակնկալիքը, որն ունեցել ենք ՀԱՊԿ-ից։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից այլ բան, քան մեր սահմանների անվտանգությունը, չենք ուզում եւ չենք էլ կարող ուզել, եւ պետք էլ չէ»,- ընդգծեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ երբ տեղի էր ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում,  Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ գործընկերներին, որպեսզի նրանք նախ փաստեին, որ խախտվել է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, սահմանները ոտնահարվել են։ Այնուհետեւ, ըստ Միրզոյանի, Հայաստանը ակնկալել է, որ ՀԱՊԿ անդամ ընկերները դաշնակցաբար, քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհներով կփորձեն լուծել խնդիրը եւ կպաշտպանեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

«Եթե այդ ճանապարհով չստացվեր (սրա մասին կոնկրետ խոսակցություն չի էլ գնացել, տեսականորեն եմ ասում), Դաշինքի անդամները պարտավոր էին ռազմական ճանապարհով իրար աջակցություն հայտնել։ Առաջին ակնկալիքի դեպքում անգամ ՀԱՊԿ-ի հետ խնդիր ենք ունեցել, էլ չեմ ասում երկրորդ եւ երրորդի մասով։ Մենք ակնկալել ենք, որ առնվազն մեր դաշնակիցները ընդունեն, որ այ՛ո, ձեր սահմանների վրա տեղի է ունեցել հարձակում»,- եզրափակեց Միրզոյանը։

«Արեւմուտքի, օրինակ` Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը նպատակ չունի Ռուսաստանի հետ հարաբերություններն ի չիք դարձնել»,-վստահեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի մտավախությանը, թե այդ համագործակցությունը գուցե ռազմավարական դաշնակցի դեմ է:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որեւէ մեկի դեմ որեւէ մի ծրագրում ներգրավված չէ: Արեւմուտքի հետ, օրինակ՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, նպատակ չունի այդ հարաբերություններն ի չիք դարձնել, նույնիսկ նպատակ չունի հարեւանների դեմ օգտագործել»,-ասաց Միրզոյանը:

Նա վստահեցրեց, որ այդ հարաբերությունների խորացման նպատակը միայն ՀՀ անվտանգության բարձրացումն է՝ ոչ որեւէ մեկի դեմ:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց, թե ինչու է Ալմա-Աթայի հռչակագիրը դարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների հիմք։

«Ալմա-Աթայի հռչակագիրն ընտրվել է, որովհետեւ սա այն առաջին եւ հիմնական փաստաթուղթն է, որտեղ Ադրբեջանը եւ Հայաստանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով»,- ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանի հետ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու վերաբերյալ»,-ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:

Աննա Գրիգորյանն Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե 2018-ին Հայաստանում իշխանության եկած կառավարությունը խոստացել է գնալ տարածքային զիջումների:

«Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ: Դրանք եղել են տարածքներ զիջելու բանակցություններ: Չգիտեմ, թե ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու ՀՀ հանրությանը, բայց կարծում եմ, որ բոլորը արդեն կարող են ակնհայտորեն հասկանալ, որ այդ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,-ասաց Միրզոյանը:

 

 

 

 

ՊԵԿ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

ՀՀ ՊԵԿ-ն անդրադարձել է Եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ ամենատարածված հարցերին:

«Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից». այս հարցին ի պատասխան` ՊԵԿ-ը տեղեկացնում է.

«Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերած (ձեռք բերող) կամ անհատական բնակելի տուն կառուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է հետեւյալ դեպքերում.

l եթե բնակարանը ձեռք է բերվում ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից,

l թե բնակարանը ձեռք է բերվում պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում՝ պետությունից, համայնքից, անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից,

l եթե ՀՀ տարածքում ձեռք է բերվում կամ կառուցվում է անհատական բնակելի տուն»։

 

 

 

 

 

ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱԺ ՆԻՍՏԵՐԸ

Հաջորդ շաբաթ՝ մարտի 19-ից, կմեկնարկեն ԱԺ նիստերը:

Վարչապետը եւ նախարարները կգնան խորհրդարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու:

Այս շաբաթ զեկույցը քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովներում:

Armlur.am-ը տեղեկացավ, որ նիստերի օրակարգում լինելու է նաեւ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումեր եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ այլ օրենքի նախագծեր:Երկուշաբթի օրը նախագծերը հաստատելու համար ԱԺ խորհուրդը նիստ կանի:

 

 

 

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ եւ աշխատանքի անցնել պետական աջակցությամբ: Այդ մասին ծրագիրը Կառավարության հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Առաջին բաղադրիչի համար նախատեսված է, որ պետությունը տրամադրում է ուսման վարձի փոխհատուցում եւ կրթաթոշակ, յուրաքանչյուրի համար՝ 50-հազարական դրամ: Ուսուցումը կարող է տեւել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, եւ պետությունը գործատուին փոխհատուցում է մինչեւ 50 հազար դրամի չափով եկամտային հարկ եւ այլ պահումներ:

Երկրորդ բաղադրիչով մինչեւ 3 ամիս տեւողությամբ յուրաքանչյուր ամիս 165 հազար դրամի չափով աշխատավարձի գումար է փոխհատուցվում գործատուին, որի մեջ ներառված են հարկերը, որից հետո եւս 3 ամիս պետությունը փոխհատուցում է եկամտային հարկի՝ մինչեւ 50 հազար դրամը՝ եւս 3 ամիս: Այս պարագայում նվազագույն աշխատանքային պայմանագրի տեւողությունը առնվազն 6 ամիս է:

Երրորդ բաղադրիչն առաջին եւ երկրորդ բաղադրիչների համադրությունն է, այսինքն՝ առկա է մասնագիտական ուսուցման բաղադրիչ, աշխատանքային փորձի եւ հարկերի փոխհատուցման:

«Ծրագրով հետաքրքրվողների թիվը 1000-ից ավելի է, առկա պայմանագրերի թիվը՝ 133»,- ասաց նախարարի տեղակալը:

 

 

 

 

 

«ՀԵՔԻԱԹ Է ՊԱՏՄԵԼ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ՄԱԿ-ի (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսին եւ նրան հեքիաթ պատմել՝ խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի ագրեսիայի եւ օկուպացիայի իրադարձությունները։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիեւը վստահեցրել է իր զրուցակցին խաղաղության օրակարգին Ադրբեջանի հավատարմության մասին՝ ասելով, որ կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում COP29-ի անցկացման շուրջ Արեւելյան Եվրոպայի խմբում կոնսենսուսի ձեռքբերումն ինքնին խաղաղության օրակարգի անբաժանելի մասն է։ «Այսպես, Ադրբեջանը պաշտպանել է Հայաստանի թեկնածությունը՝ անդամակցելու ՀԱՊ Բյուրոյին Արեւելյան Եվրոպայի խմբից, իսկ Հայաստանը սատարել է Ադրբեջանի թեկնածությանը՝ հյուրընկալելու COP29-ը, զինվորականներն ազատվել են փոխադարձ հիմունքներով, ինչը խաղաղության օրակարգին ծառայող պահ է։ Իլհամ Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը վերջ դրեց հայկական օկուպացիային՝ օգտագործելով ինքնապաշտպանության իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, եւ դրա արդյունքում այսօր տարածաշրջանն ավելի քան երբեւէ մոտ է խաղաղությանը»,- մեջբերում է ԶԼՄ-ն։

Այդպիսով, թերեւս ամենաազդեցիկ միջազգային կազմակերպության ներկայացուցիչը, ավերված եւ օկուպացված Լեռնային Ղարաբաղում իրենց տներից վտարված հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար իրականում աշխատելու փոխարեն, լսում էր հեքիաթներ, ասես ոչինչ էլ չի եղել։

 




Լրահոս