ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԾԵԾԿՌՏՈՒՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ինքը արնաքամ է լինում Երեւան քաղաքի Ա. Պուշկին փողոցում։ Նույն օրը՝ ժամը 02։36-ին, «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից եւս ահազանգ է ստացվել, որ Ա. Պուշկին փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում գտնվող անձ։ Պարզվել է, որ վերջինս Երեւան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանն է։

 

Վերոգրյալի առթիվ 2024 թվականի մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Յուրի Մինասյանը ճանաչվել է տուժող։

2024թ. մարտի 6-ին դեպքի վայրում՝ Երեւան քաղաքի Պուշկին 58-րդ հասցեում կատարված զննությամբ վերցվել է արնանման հետք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությամբ վկաների մասնակցությամբ զննության են ենթարկվել ստացված տեսագրություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նաեւ այլ ապացուցողական եւ վարութային գործողություններ։

Քննությամբ պարզվել է, որ Յ. Մինասյանը մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, իր ընկերների հետ գտնվել է Երեւան քաղաքի Պուշկին փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երեւան քաղաքի բնակիչ Հ.Մ.-ի հետ։ Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել այնտեղից եւ գնացել Երեւան քաղաքի Փարպեցի փողոցում գտնվող Սրբ Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ. Մ.-ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 2024թ. մարտի 9-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած Հ. Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է։

Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը՝ Հ. Մ.-ին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով, սակայն վերջինս դեռեւս չի հայտնաբերվել:

2024 թվականի մարտի 14-ին «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացվել է տեղեկություն, որ նույն օրը՝ ժամը 06։30-ին, հոսպիտալացված Յուրի Մինասյանը մահացել է։

Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած Հ. Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ եւ 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ) նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է։

Միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում Հ.Մ.-ին հայտնաբերելու, ինչպես նաեւ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։

 

 

ՆԵՐՔԻՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ԽՈՐԱՑԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգում ներքին խմորումներն ավելի են խորացել։

 

Խոսակցություններ են պտտվում, որ իրենց խաբել են։ Բանն այն է, որ դատավորների ներքին խմբի խոսակցության բացահայտումից հետո, երբ առաջին հրաժարականի դիմումը ներկայացրեց ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանը, տպավորությունն այնպիսին էր, որ թեման պետք է այս մեկ հրաժարականով փակված լիներ, քանի որ Արշակ Վարդանյանին խոստացել են իշխանական վերնախավից, որ նրա հրաժարականից հետո մյուս դատավորներին հանգիստ կթողնեն, սակայն նրանց նկատմամբ ճնշումները շարունակվել են ու հասել եւս երկու դատավորի՝ Կարեն Մարդանյանի եւ Սերգեյ Մարաբյանի հրաժարականին։ Սպասվում է նաեւ Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանի հրաժարականը:

Ասել է թե՝ Արշակ Վարդանյանին խաբել են։

Դատական համակարգում այս խառնաշփոթից հետո հարց է առաջանում՝ ինչո՞ւ մյուս դատավորների ճակատագրին չի հետեւում դատավոր Ռուբիկ Մխիթարյանը եւ ազատման դիմում գրում. միգուցե նրան այդ դատավորների ներքին խոսակցությունը իշխանական վերնախավին հասցնելու համար պաշտոն կամ այլ բան են խոստացե՞լ։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ գրագրություն է ի հայտ եկել, որտեղ վերոնշյալ դատավորները իրենց ներքին խմբում կոնկրետ քաղաքական իշխանության եւ նրանց կանանց հասցեին հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպում են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ գրագրությունը քաղաքական իշխանություններին հասցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որն իշխանություների «սրտի» դատավորն է, ու ամեն գնով ցանկանում են նրան տանել ԲԴԽ՝ որպես դատավոր անդամ: Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը՝ ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի: ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ եւ օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Սակայն, իրականում Կարեն Անդրեասյանը ոչ թե պաշտպանում է դատավորների անկախությունը, այլ հենց նա է տարբեր ճանապարհով դատավորներին ճնշողներից մեկը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

Ո՞Վ Է ՀԱՄԱԿԱՐԳԻ «ՀՈՒԴԱՆ»

Ըստ «Freedom House»-ի 2024 թվականի զեկույցի՝ «Անկախ դատական համակարգ» հարցով մեր երկիրը ստացել է ընդամենը 1 բալ` 4 հնարավորից: Նույն վիճակը «Քրեական եւ քաղաքացիական գործերով օրինական գործընթացի ապահովում» ցուցանիշով է՝ 1 բալ 4-ից: Միջազգային զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ «դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցությանը, եւ դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների»: ArmLur.am-ը դատավոր Մեսրոպ Մակյանից հետաքրքրվեց, թե ծանոթ է արդյոք հեղինակավոր կազմակերպության զեկույցին. այնտեղ նշված է, որ դատարանները դատախազների կողմից ճնշվում են, որ մեղադրական վճիռներ կայացնեն: Վերջին անգամ ե՞րբ են նման ճնշում զգացել: Եվ, առհասարակ, իրենց հեռախոսը ստուգե՞լ են, ի՞նչ գրագրություն ունեն դատավոր կոլեգաների հետ, որ հրապարակելու դեպքում անհարմար վիճակում չհայտնվեն, քանի որ իրենց կոլեգաները գրագրության պատճառով ազատման դիմումներ գրեցին: Պարզել են, թե ով է դատական համակարգի Հուդան, որ գործընկերներին մատնել էր: Հիշեցնենք, որ դատական համակարգը լքում են դատավորներ գրագրության համար, որը հայտնվել է իշխանության ձեռքում։

 

 

 

ԵՐԵԽԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցեի կրակոցներից մեզ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կրակոցները հնչել են երեխայի շուրջ առաջացած տարաձայնությունից: Վիճաբանողներից մեկի երեխային, որ առողջական խնդիրներ ունի, ծաղրել են, ու դեպքին խառնվել են ծնողները, արդյունքում հնչել են կրակոցներ: Shamshyan.com-ը գրել էր, որ մարտի 14-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երեւանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից, եւ հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների ու արնանման հետքեր։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել բժիշկները, պարեկներն ու քաղաքացիները։ Ոստիկաներն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մոտ մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ։ Պարզվել է, որ դեպքի վայրից Երեւանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, եւ կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ իրավապահները կրկին դեպքի վայրում էին՝ լրացուցիչ զննություն իրականացնելու համար։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս