Չենք լսում, որ Նիկոլ Փաշինյանը խոսի, թե 4 գյուղերի հանձնումից հետո ինչ նոր խնդիրներ են առաջանալու. Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար հեռացված նախագահ Թագուհի Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Մեկ շաբաթը լրացավ Տավուշի մարզում հնչեցրած սպառալիքներից. ի՞նչ է լինելու

Նիկոլ Փաշինյանը ուղիղ մեկ շաբաթ առաջ գնաց Տավուշ եւ, Հայաստանի քարտեզի ուրվագիծը ձեռքին, հայտարարեց. «Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։ Եվ սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք էս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլեւ կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»:

Մեր երկիրը հեշտությամբ հանձնելու պատրաստակամ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներն էլ ԶԼՄ-ներին հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանն իրենց հետ զրույցում ասել է, թե մեկ շաբաթից պետք է կա՛մ տարածքները հանձնենք, կա՛մ պատերազմ է սկսվելու: Այսօր լրացավ մեկ շաբաթը, եւ վարչապետը որեւէ տեղեկություն չի հայտնում, թե ինչ է տեղի ունենալու:

Ուղղակի չի կարելի մարդկանց սպառնալ պատերազմով, չի կարելի ահաբեկել քաղաքացիներին, չի կարելի քաղաքացիների մեջ հուսահատություն սերմանել, չի կարելի հանրագիտարանային մեջբերումներով հայտարարել, թե Տավուշի մարզի 4 գյուղեր հայկական չեն, Ադրբեջանի տարածքներ են, չի կարելի քաղաքացու մեջ անորոշություն սերմանել իր հայրենիքի նկատմամբ, չի կարելի վերջապես ԽԱԲԵԼ.

Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում ադրբեջանական զինուժն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, սակայն դրանց հեռացման պահանջի մասին մենք ոչինչ չենք լսում:

Չենք լսում, որ Նիկոլ Փաշինյանը խոսի այն մասին, որ երեք մարզերում անասնապահությունը, գյուղատնտեսությունը անհնար է դարձել, որոշ դեպքերում խմելու եւ ոռոգման ջրերի խնդիրներ են առաջացել ադրբեջանական օկուպացիայի հետեւանքով, որ դպրոցներից ու մարդկանց տներից մի քանի հարյուր մետրի վրա թշնամու դիրքերն են արդեն (Շուռնուխ, Ներքին հանդ, Կութ եւ այլ բնակավայրեր):

Չենք լսում, որ Նիկոլ Փաշինյանը խոսի այն մասին, թե 4 գյուղերի հանձնումից հետո, երբ ազերիների վերահսկողության տակ են անցնելու արոտավայրեր, վարելահողեր, ստրատեգիական նշանակության ջրային ռեսուրսներ, գազատարներ եւ այլն, ինչ նոր խնդիրներ են առաջանալու:

Չենք լսում նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը, իր սահմանազատման պատրաստակամությանը զուգահեռ, նաեւ խոսի այդ գյուղերում բնակվող մարդկանց կյանքին սպառնացող այսօրվա վտանգների մասին: Պատերազմով մարդկանց սպառնալը երկրի առաջնորդի առաքելությունը չէ: Ստախոսությամբ իշխանություն պահելը՝ մեր երկրի տարածքների հաշվին, անթույլատրելի է»:

 




Լրահոս