ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՐԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետությունն ամբողջությամբ կմարի քաղաքացու տան հիփոթեքային վարկը, եթե տան նախահաշիվը չգերազանցի 16 մլն դրամը, եւ այն կառուցվի սահմանամերձ բնակավայրերում: Պարզելու համար՝ արդյոք քաղաքացիները հետաքրքրված են պետության կողմից առաջարկվող ծրագրին, ArmLur.am-ը կապ է հաստատել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ:

 

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում ընդգրկված են Վայոց ձորի 6 բնակավայր՝ Արենի համայնքի Արենի եւ Խաչիկ բնակավայրերը, Վայք համայնքի Բարձրունի, Նոր Ազնվաբերդ, Սերս եւ Խնձորուստ բնակավայրերը: Մարզպետ Կոլյա Միքայելյանի խոսքով՝ Վայոց ձորի մարզում 13.03.2024թ. դրությամբ Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում ծրագրից օգտնվելու համար դիմել են 8 քաղաքացի, որոնցից դեռ ոչ մեկ թույլտվություն չի ստացել, եւ դեռ չկա մեկնարկված շինարարական աշխատանքներ, Սերս բնակավայրի համար դիմել են 2 քաղաքացի, որոնցից մեկն է այս պահին թույլտվություն ստացել, սակայն դեռ շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություն չեն ստացել, Նոր Արզնաբերդում դիմել են 3 քաղաքացի, Խնձորուստում՝ 5 քաղաքացի, որոնցից մեկն է դեռ թույլտվություն ստացել: Փոքր-ինչ շատ են դիմողների թիվը Արենի համայնքում: Ծրագրից օգտվելու համար Արենի համայնքի Արենի բնակավայրում դիմել են 69 քաղաքացի, որոնք բոլորն էլ ստացել են թույլտվություն, 41-ը արդեն իսկ ստացել են համապատասխան վարկը եւ բնակավայրում սկսված է 27 բնակարանի շինարարական աշխատանքները: Խաչիկ համայնքում դիմել են 10 քաղաքացի, բոլորն էլ թույլտվություն ստացել են, 6-ը՝ վարկ ստացել: Խաչիկ բնակավայրում այս պահին մեկնարկված է մեկ տան կառուցման աշխատանքներ: «Ակնկալվում է, որ մինչեւ ծրագրի ավարտը՝ 2025թ. դեկտեմբերի 30-ը, շահառուների թիվը կավելանա: Դրան կնպաստի Խաչիկ բնակավայրի 77 քաղաքացու վարկային պարտավորությունը մարելու մասին ՀՀ Կառավարության 29.02.2024թ. որոշումը»,- հավելեց Կոլյա Միքայելյանը: Նույն հարցումով դիմել ենք նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որը նշեց. «Սյունիքի մարզպետի աշխատակազմը սահմանամերձ գյուղական բնակավայրերում 16 մլն դրամ պետական աջակցությամբ տուն կառուցելու դիմումներ չի ընդունում, հետեւաբար, ծրագրին դիմողների մասին տեղեկություններ տրամադրել չենք կարող»: Հիշեցնենք, որ ծրագիրը գործում է Սյունիքի մարզի գ. Ագարակ, գ. Գեղանուշ, գ. Գոմարան, գ. Դավիթ Բեկ, գ. Դիցմայրի, գ. Եղվարդ, գ. Խդրանց, գ. Կաղնուտ, գ. Ներքին Հանդ, գ. Շիկահող, գ. Սզնակ, գ. Սյունիք, գ. Սրաշեն, գ. Վարդավանք, գ. Ուժանիս, գ. Ճակատեն, գ. Ծավ, գ. Բարգուշատ, գ. Խորձոր, գ. Խնձորեսկ, գ. Քարահունջ, գ. Հարթաշեն, գ. Ձորակ, գ. Ներքին Խնձորեսկ, գ. Աղբուլաղ, գ. Շուռնուխ, գ. Որոտան, գ. Վանանդ, գ. Բարձրավան, գ. Տեղ, գ. Արավուս, գ. Խնածախ, գ. Խոզնավար, գ. Կոռնիձոր, գ. Վաղատուր, գ. Քարաշեն, գ. Խոտ բնակավայրերում:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ԲԱԶՄԱՈԼՈՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական վստահեցնում է՝ Ճապոնիայի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ամրացմամբ եւ հետագա խթանմամբ։ Նա ընդգծեց՝ Հայաստանն ապրում է դժվար ժամանակներ, եւ Ճապոնիան ամուր կանգնած է իր գործընկերոջ կողքին՝ նրան ցուցաբերելով բազմաշերտ ու բազմաոլորտ աջակցություն։

 

Դեսպանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության  խաչմերուկ» նախաձեռնությունը միանշանակ կարող է նպաստել տարածաշրջանային ինտեգրացիոն պրոցեսներին։

«Ճապոնիան ունի որակյալ եւ բարձրակարգ ենթակառուցվածքներ, որոնք կարող են ներդրվել տարածաշրջանային մեգածրագրերի իրականացման գործում։ Միջազգային տրանսպորտային միջանցքը, որը կապում է Եվրոպան Կենտրոնական Ասիայի ու հեռավորասիական տարածաշրջանի երկրների հետ, կարող է շահութաբեր լինել ինչպես Ճապոնիայի, այնպես էլ Հայաստանի համար։ Մեր կառավարությունը հետաքրքրված է նաեւ Հարավային Կովկասով անցնող Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործմամբ, ուստի պատրաստ է քննարկել, հստակեցնել ու ընդլայնել այդ ուղղությամբ հետաքրքրությունների շրջանակը՝ գիտակցելով, որ տարածաշրջանային մեգա ծրագրերի իրականացումը, անշուշտ, բխում է Հայաստանի կենսական շահերից»,- ասաց Աոկի Յուտական։

Նա արձանագրեց, որ Հայաստանի եւ ճապոնիայի միջեւ հարաբերությունները զարգանում են միաժամանակ մի շարք բնագավառներում, այդ թվում՝ հատկապես սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

«Փոխգործակցության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին անմիջական աջակցության ցուցաբերումը։ Օժանդակելով համայնքներին, որտեղ նրանք տեղավորվել են՝ օգնում ենք նման ճակատագրի արժանացած մարդկանց։ Այս պահին իրականացման փուլում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների եւ սոցիալական ինտեգրման աջակցության ծրագիրը»,- նշեց դեսպանը։

Աոկի Յուտական հիշեցրեց, որ երկու տարի առաջ մեկնարկեց Ճապոնիայի կառավարության կողմից հաստատված «Մարդկային անվտանգության ծրագրերի» դրամաշնորհային մեծ նախագիծը, որի շրջանակում ճապոնական կողմի աջակցությամբ արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Դրանցից են, օրինակ, Սպիտակի բժշկական կենտրոնին բժշկական սարքավորումների տրամադրման, Գեղարքունիքի մարզի հաշմանդամ երեխաների բարեկեցության հաստատությունների հասանելիության բարելավման, Սյունիքի մարզի Կավճուտ գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցման, Շիկահողինեւ հարակից գյուղերին շտապօգնության մեքենա տրամադրելու, Գյումրիում անապահով բնակչության համար գյուղատնտեսական ուսումնական կենտրոնի կառուցման, Արարատի մարզի Խարբերդի մասնագիտացված մանկատան բարեկարգման, Մարմաշեն գյուղում ՏՏ կենտրոնի ստեղծման, Շիրակի մարզի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման, Մալիշկա եւ Գետափ գյուղերում ոռոգման ցանցի ստեղծման ծրագրերը եւ նմանատիպ շատ այլ նախաձեռնություններ։

 

 

 

ՏՈՒԳԱՆՎԵԼ Է

Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցի բնակիչ Արթուր Ալթունյանն Իջեւանի Մայիսի 28-ի 1/2 հասցեում առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի գործունեություն, որի վերաբերյալ համայնքապետարանի աշխատակիցների կողմից 2024թ.-ի մարտի 4-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իջեւանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առեւտրի, սպասարկման եւ գովազդի  բաժնի պետ Արարատ Պարոնյանը իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար արձանագրությունը՝ կից զեկուցագրով, ներկայացրել է համայնքի ղեկավարին։  Իջեւանի համայնքապետարանը, հիմք ընդունելով զեկուցագիրը եւ կից ներկայացված նյութերը, վարչական իրավախախտում կատարելու փաստի առթիվ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով  հարուցել է վարչական վարույթ եւ վարույթի քննության օր  նշանակել 2024 թվականի մարտի 14-ը՝ ժամը 12:00-ին, համայնքապետարանի շենքում եւ այդ մասին  տեղեկացրել  Արթուր Ալթունյանին։ Ա. Ալթունյանը լսումներին չի ներկայացել: Մարտի 14-ին Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը որոշել է  Արթուր Ալթունյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք (տույժ)՝  80 000 ՀՀ դրամի չափով, նրան  պարտավորեցնել դադարեցնել առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը։

 

 

 

ԱՂՋԿԱՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Երվանդ Արաբաչյանը 2023թվականի դեկտեմբերի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 1997թ.-ի օգոստոսին  ծնված Լիլիթ Արագածի Չոբանյանի՝ տուժանքի գումարի բռնագանձման պահանջով։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2024թ. հունվարի 17-ի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է դատարանի վարույթ։ Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ մերժվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին  ՀՀ պաշպանության նախարարության միջնորդությունը։ Այդ միջնորդությամբ պաշտպանության նախարարությունը դատարանից խնդրում էր  Լիլիթ Չոբանյանին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնել: Մարտի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում  դատավոր Նանա Դալլաքյամը որոշել է սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստ նշանակել  2024թ. ապրիլի 25-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս