ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԴԱՀԼԻՃԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսանողները ահազանգում են, որ ինստիտուտի դահլիճներից մեկն արդեն 1 տարուց ավել է՝ փակ է եւ չի բացվում, որպեսզի իրենք մարզումներն իրականացնեն:

 

2022 թվականի մարտի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի եւ ինստիտուտի ռեկտորի միջեւ ստորագրվել է պայմանագիր: Արդյունքում Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտին ձյուդոյի եւ կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար հատկացրել է շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ։

Եվ, ահա, շինաշխատանքներն ավարտվել են 2023թ. մարտի վերջին, շինարարական աշխատանքներն իրականացվել են նախագծին ոչ համապատասխան, էական փոփոխություններով, կատարված փոփոխությունների մասին տեղեկատվությունը Ճապոնիայի դեսպանատանը ներկայացվել է միայն աշխատանքներն ավարտվելուց հետո։ Էական փոփոխություններով կատարված աշխատանքների գնահատումն այս պահին գտնվում է դեսպանատան ուսումնասիրության փուլում։ Դեսպանատան աշխատակիցները եկել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, որպեսզի գնահատեն կատարված աշխատանքները, եւ հասկանան՝ արդյոք հատկացված գումարը նպատակային է ծախսվել, ու հանձնեն դահլիճը ուսանողներին՝ պարապունքներ իրականացնելու համար, սակայն դեսպանատունը հրաժարվել է ընդունել դահլիճը եւ վերանորոգումը համարել է ոչ պատշաճ իրականացված. դահլիճը 1 տարի է՝ փակ է։ ArmLur.am-ի նկարահանող խումբը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում էր: Զրուցել ենք ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանի հետ, նա ներկայացրել է մանրամասները:

Դատելով իրավիճակից՝ դեպքին պետք է ընթացք տան ՀՀ իրավապահ մարմինները՝ ի դեմս գլխավոր դատախազության, քանի որ կասկածներ կան, որ գումարներ են յուրացվել եւ ըստ նպատակի չեն ծառայել։

ArmLur.am-ի հետ զրույցում  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը եւս արձագանքել է իրավիճակին. «Տիգրան Սիմոնյանի ասածը ես անբարոյականություն եմ համարում, դեսպանատան անունից միայն դեսպանատունը կարող է խոսել, ասում են՝ դեսպանատունը դեռ ստուգումներ չի արել. եթե չի արել, իրենք ո՞նց են գնահատական տալիս: Դրամաշնորհային ծրագրում տեխզննող կազմակերպություն կա, արդյոք այդ կազմակերպությունը եզրակացություն տվե՞լ է. եթե չի տվել, իրենց ի՞նչ հիմքով են բարձրաձայնում այս ամենը։ Ամենը սուտ է ու զրպարտություն: Այո, շատ խնդիրներ կան, ու ես տեղյակ եմ դրանցից, այդ խնդիրները շտկման փուլում էին: Հաշվի առնելով, որ 2023թ-ից իմ լիազորությունները կասեցված են եղել, իմ մեղքի բաժինը կա՛մ չկա, կա՛մ էլ եթե կա, չի համապատասխանում իրեն: Իմ տեղեկություններով՝ խնդիրները կապված չեն ո՛չ որակի, ո՛չ ֆինանսի հետ: Խնդիրն այն է, որ ժամանակին նախագծի նախահաշվարկից շեղում է եղել, ու ժամանակին չի տեղեկացվել Ճապոնիայի դեսպանին: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը եղել է արտաքին կապերի եւ ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Նուշիկյան Անժելան եւ միջազգային բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը. իրենց ոչ կոմպետենտության արդյունքում ունեցել ենք այս խնդիրները։ Իմ տեղեկություններով՝ նրանց ոչ կոմպետենտության պատճառով նախագծա-նախահաշվարկային ինչ-որ շեղումներ են եղել, իսկ նրանք ժամանակին չեն զեկուցել Ճապոնիայի դեսպանատանը. սա է եղել հիմնական սխալը: Բացի սա, Արմինե Սարգսյանի ոչ կոմպետենտության պատճառով բուհը նաեւ կրել է շատ վնասներ, քանի որ Ճապոնիայի դեսպանատունը թույլտվություն տվել էր, որ մեր դոլարային հաշվին նստած գումարը կարողանայինք դրամի վերածել, բայց Արմինե Սարգսյանն ասել է, որ դեսպանատունը թույլ չի տալիս: Դոլարի կուրսի կտրուկ անկումը, եթե չեմ սխալվում, մի քանի միլիոն դրամի վնաս է տվել բուհին: Ըստ պայմանագրի՝ եթե ինչ-որ խնդիրներ են առաջանում, դրանք բուհը պետք է իր միջոցներով լուծի»,-ասաց նա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՐՀԻՑ ԿՏՐՎԱԾ ՄԻ ԿԵՏ

ArmLur.am-ը հաճախ է բողոքներ ստանում Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչներից. խնդիրն այն է, որ շատ բնակիչներ չեն կարողանում աշխատանք գտնել իրենց մարզում եւ ստիպված են մեկնել այլ երկիր՝ աշխատանքի՝ հեռու լինելով իրենց ընտանիքից:

 

«Էն ժամանակ բանկեր կար, հիմա կեսը փակեցին, տարան Աշտարակ, էդ ոլորտի մարդիկ մնացին անգործ, ու տենց լիքը տարբեր աշխատատեղեր: Հենց քաղաքի մեջ գոնե մի մասը կարողանում է գործ գտնել, բայց գյուղերում ընդհանրապես գործի տեղ չկա. էդ մարդիկ են հիմնականում ստիպված գնում այլ երկիր: Թալինը ոնց որ աշխարհից կտրված մի կետ լինի»: ArmLur.am-ը կապ հաստատեց Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ միջոցներ է ձեռնարկվում աշխատատեղեր ստեղծելու համար. «Առհասարակ, ամբողջ Հայաստանում կա աշխատատեղի խնդիր: Ես 1 տարի է՝ համայնքի ղեկավար եմ, եւ փորձում եմ շատ տարբեր հանդիպումներով այնպես անել, որ աշխատատեղեր բացվեն: Չեմ ուզում խոսակցությունից առաջ ընկնել, հիմա այն փուլում ենք, որ տրիկոտաժի արտադրամաս ենք փորձում բացել»: Տավրոս Սափոյանը մեզ հետ զրույցում չցանկացավ այլ մանրամասներ հանրայնացնել, սակայն նշեց, որ տարբեր մարդկանց հետ բանակցությունների մեջ է աշխատատեղերի բացման գործով:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ՏՆՕՐԵՆ

Մարտի 13-ին եւ 14-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի երկու արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ գործադիր տնօրենի փոփոխության հարցերը:

Առաջին արտահերթ նիստով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Մարտի 14-ի նիստում քննարկվել է հիմնադրամի գործադիր տնօրենի փոփոխության հարցը: Հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջարկությամբ եւ խորհրդի մյուս անդամների միաձայն որոշմամբ հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը մինչեւ հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակվելը սեփական դիմումի համաձայն դուրս էր եկել Հոգաբարձուների խորհրդի կազմից եւ այդպիսով նաև թողել էր խորհրդի նախագահի պաշտոնը:

«Մխիթար Հայրապետյանի՝ նախարար նշանակվելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերի անխափան իրագործումը եւ հիմնադրամի հետագա բնականոն գործունեությունն առավել արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտ է, որ ստանձնեմ հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունները՝ թողնելով Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը եւ դուրս գալով Հոգաբարձուների խորհրդից:

Տնօրենի կարգավիճակն ինձ հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել ծրագրերի իրագործմանը, եւ այս մոդելի փորձարկումը հիմնադրամին նոր լիցք տալու նպատակ ունի նաեւ: Սա մեր գործերի տեսանելիությունը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովելու լրացուցիչ գործոն կդառնա։

Շնորհակալ եմ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին այս տեսլականը կիսելու, գործադիր տնօրենի կարգավիճակն ինձ վստահելու, եւ Մխիթար Հայրապետյանին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ստանձնելու համար: Ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրագործումն ապահովելուն զուգընթաց կփորձենք ռազմավարական նոր ծրագրեր մեկնարկել:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում հիմնադրամի բոլոր նվիրատուներին»,- հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ անդամի կարգավիճակը թողնելը եւ հիմնադրամի տնօրեն նշանակվելը մեկնաբանել է Աննա Հակոբյանը:




Լրահոս