Ի՞ՆՉ ԱՍԵԼԻՔՈՎ ԷՐ ԱՅՑԵԼԵԼ ՄԱՐԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում ունեցած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է հայտնել ունեցած քննարկումներից։

 

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ հանդիպումներն ամբողջությամբ տեսաձայնագրվել են, եւ տեսանյութը կհրապարակվի, սակայն չեն հրապարակվի այն հատվածները, որոնք գաղտնիքի տարրեր են պարունակում։

Հարցին, թե ինչ ասելիքով էր այցելել մարզ եւ ինչ է առաջարկել, վարչապետն ասել է, որ ամենակարեւորն այն ասելիքն էր, որի մասին խոսել էր նաեւ մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հայաստանի այն նույն ուրվագիծը, որ ցույց եմ տվել այնտեղ, ցույց եմ տվել նաեւ այստեղ, եւ ասելիքը կառուցված էր դրա վրա»,- ասել է Փաշինյանը։

Դիտարկմանը, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները մտահոգություն ունեն, որ, այսպես կոչված, անկլավներն Ադրբեջանին հանձնելու դեպքում իրենք կհայտնվեն շրջափակման մեջ, Փաշինյանը պատասխանել է.  «Դա մեզ էլ են ասել, եւ մենք այդ հարցերին պատասխանել ենք։ Մեր մոտեցումն այն է, որ մարդկանց բարձրացրած այդպիսի մի հարց պետք է չլինի, որը կմնա անպատասխան։ Եթե մնա անպատասխան, դա կնշանակի, որ մենք այդ հարցին լուծում չունենք»։

Հարցին, թե ունեին բնակիչների հարցերի պատասխանները, Փաշինյանն ասել է, որ որոշ հարցերի պատասխաններ ունեին: «Որոշ հարցերի հետ կապված էլ ես մարդկանց ասացի, որ ես եկել եմ ոչ միայն հարցերին պատասխանելու, այլ այդ հարցերը հավաքելու եւ դրանք կառավարության սեղանին որպես օրակարգ դնելու, դրանց պատասխանի շուրջ մտածելու ու պատասխանով վերադառնալու համար։ Հարցեր կային, որոնց սրությունը տեղում ավելի գործնական ու ավելի էմոցիոնալ զգացի»,- նշել է Փաշինյանը։

Նա շեշտել է՝ ամենակարեւորն այն է, որ կառավարությունը գործնական կառուցակարգերով հիմնավորի մարդկանց անվտանգությունը։

Հարցին, թե հանդիպումների ժամանակ մարդկանց մոտ հուսահատություն զգացել է արդյոք, Փաշինյանը բացասական պատասխան է տվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հանդիպում է ունեցել Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց եւ հարակից այլ համայնքների բնակիչների հետ։

ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։

«Նախկինում էլ չեմ բացառել եւ չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների եւ իրավիճակի համապարփակ վերլուծությունից եւ Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները եւ իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,- նշել էր վարչապետը։

 

 

 

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, Երեւան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպվելու է հանրահավաք՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությամբ:

Հանրահավաքի նպատակն է վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները։

Արցախ հավաքական վերադարձի հարցը գերակա համարելով՝ հանրահավաքի ժամանակ նախատեսվում է քննարկել եւ բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները թե՛ վերադարձի եւ թե՛ բնակարանային ու սոցիալական այլ ծրագրերի վերաբերյալ։

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է արցախյան շուրջ 40 կազմակերպություններից, որը որեւէ առնչություն չունի քաղաքական ուժերի եւ ներքաղաքական պայքարի հետ:

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանի հետ՝ հասկանալու համար՝ արցախցիները ինչ ակնկալիքներ կարող են ունենալ հանրահավաքից.

«Չեմ կարծում, որ հավաքի միջոցով հնարավոր է որեւէ բան փոխել, գուցե այդկերպ փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել»:

Քաղաքագետը արցախցիներին խորհուրդ է տալիս աշխատել պետական մարմինների հետ:

«Եթե հավաքվում են, ուրեմն հավաքվեն, գնան որեւէ պետական մարմնին դիմեն, նամակ հանձնեն, իրենց առաջարկները, խնդիրները ներկայացնեն»,-ասում է Ռոբերտ Ղեւոնդյանը:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ի թիվս այլ թեմաների՝ հանդիպման մասնակիցները քննարկել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման քննարկման թեմաներից են եղել նաեւ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները։

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ: Այս մասին տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում կատարված հրապարակումից: Ավելի վաղ գրառում էր կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։

«Նախկինում էլ չեմ բացառել եւ չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների եւ իրավիճակի համապարփակ վերլուծությունից եւ Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները եւ իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,- նշել էր վարչապետը։

 

 

 

ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ղազախստանի ԱԳ նախարարի հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանը նվիրված եւ հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման եւ սահմանների հետագա սահմանազատման վրա։ Գաղտնիք չէ, որ այս հարցերում առանցքային է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Միության նախկին հանրապետությունները ճանաչել են նորանկախ հանրապետությունների միջեւ միջազգային պետական սահմանները։  Ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներն են, որոնց հիման վրա պատկերացնում ենք խաղաղությունը եւ ներդաշնակությունը Հարավային Կովկասում եւ շատ ավելի լայն տարածաշրջանում»,- ընդգծեց Միրզոյանը։

 

 

 

ԴԱՐՁՆԵԼՈՎ ԽՈՑԵԼԻ

«Խնդիրը մեկն է՝ կտրել եւ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը նաեւ այս հատվածում՝ մեր երկիրը դարձնելով է՛լ ավելի խոցելի, իսկ հոգեբանական մակարդակում ամրապնդել Բաքվի վարչախմբի պարագլխի «անպարտելության» առասպելը մեր եւ ադրբեջանական հասարակությունների ուղեղում»,- իր տելեգրամ ալիքում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Կասե՞ք՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչին են պետք Հայաստանի Տավուշի մարզում մեր այն գյուղերը, որոնց մասին այսօր ծավալվել է լայն «քննարկում»:

Ոչ մի պատմական, մշակութային, տնտեսական կամ նման այլ նշանակություն այդ գյուղերն արհեստածին Ադրբեջանի համար, ըստ էության, չունեն։

Խնդիրը մեկն է՝ կտրել եւ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը նաեւ այս հատվածում՝ մեր երկիրը դարձնելով էլ ավելի խոցելի, իսկ հոգեբանական մակարդակում ամրապնդել Բաքվի վարչախմբի պարագլխի «անպարտելության» առասպելը մեր եւ ադրբեջանական հասարակությունների ուղեղում»։

 

 




Լրահոս