Իրավապահները դեռեւս փնտրում են տնտեսագետին կյանքից զրկած ենթադրյալ հանցագործ Հարություն Մկրտչյանին: Մեզ հայտնի դարձավ, որ Մկրտչյանը, որն այս պահին որոնվում է մարդ սպանելու համար, նախկինում դատված է եղել:
Մասնավորապես, Հարություն Մկրտչյանին եւ Արգիշտի Գոմցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երեւանի «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման եւ սուր թունավորումների բաժանմունքում կատարել են խուլիգանություն` կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով` զուգորդված որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ հիվանդանոցի գույքը վնասելով եւ անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով: Այս արարքի համար դատարանը 2017 թվականին վերջնական պատիժ էր սահմանել ազատազրկում՝ 7 տարի 6 ամիս ժամկետով: Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ինքն արնաքամ է լինում Երեւան քաղաքի Ա. Պուշկին փողոցում։ Նույն օրը՝ ժամը 02։36-ին, «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից եւս ահազանգ է ստացվել, որ Ա. Պուշկին փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում գտնվող անձ։ Պարզվել է, որ վերջինս Երեւան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանն է։ Վերոգրյալի առթիվ 2024 թվականի մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Յուրի Մինասյանը ճանաչվել է տուժող։ 2024թ. մարտի 6-ին դեպքի վայրում՝ Երեւան քաղաքի Պուշկին 58-րդ հասցեում կատարված զննությամբ վերցվել է արնանման հետք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությամբ վկաների մասնակցությամբ զննության են ենթարկվել ստացված տեսագրություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նաեւ այլ ապացուցողական եւ վարութային գործողություններ։ Քննությամբ պարզվել է, որ Յ. Մինասյանը մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, իր ընկերների հետ գտնվել է Երեւան քաղաքի Պուշկին փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երեւան քաղաքի բնակիչ Հ.Մ.-ի հետ։ Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել այնտեղից եւ գնացել Երեւան քաղաքի Փարպեցի փողոցում գտնվող Սրբ Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ. Մ.-ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 2024թ. մարտի 9-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած Հ. Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է։ Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը՝ Հ. Մ.-ին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով, սակայն վերջինս դեռեւս չի հայտնաբերվել: 2024 թվականի մարտի 14-ին «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացվել է տեղեկություն, որ նույն օրը՝ ժամը 06։30-ին, հոսպիտալացված Յուրի Մինասյանը մահացել է։ Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած Հ. Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ եւ 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ) նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է։ Միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում Հ.Մ.-ին հայտնաբերելու, ինչպես նաեւ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
Մարտի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 09:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում՝ ՀՀ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարեւանությամբ, բախվել են Երեւանի բնակիչներ 26-ամյա Հայկ Սարգսյանի վարած «Mitsubishi» մակնիշի եւ 74-ամյա Մնացական Կուրղինյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետեւանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երեւկելի գոտուց, բախվել ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ցուցանակին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վարդան Միսակյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Խաչատրյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձեւակերպվում:
Վթարի մեջ վարորդները մեղադրում են միմյանց, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը «Nissan»-ի վարորդն է եղել, որը վթարային իրավիճակ է ստեղծել «Mitsubishi»-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է:
ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն երեկ Քննչական կոմիտեում էր: ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես է ՔՊ պատգամավորը մտնում Քննչական կոմիտե։ ArmLur.am-ն հայտնի դարձավ, որ նրան հարցաքննում են իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու քրեական վարույթի շրջանակներում:
Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Գործով կալանավորվածներից մեկը ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյան է եւ Վահան Հովհաննիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին, կիրառելով քողարկման եւ չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ եւ մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։
Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդկերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետեւանքներ առաջացնելու վտանգով: Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, եւ նշված հետեւանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:
Նշված արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, եւ բոլորը կալանավորված են։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ