ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման մասին բանաձև է ընդունել։ Սա առաջին նման կոչն է, որն արժանացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը ՀԱՄԱՍ խմբավորման դեմ Իսրայելի սկսած պատերազմի ընթացքում։
Երկուշաբթի ընդունված բանաձևն առաջարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամները։ Այն նաև կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պատանդներին:
Նախկինում ԱՄՆ-ը դեմ է եղել Անվտանգության խորհրդի բանաձևերին, սակայն այս անգամ Վաշինգտոնի ներկայացուցիչը ձեռնպահ է մնացել, գրում է BBC-ն։
Ըստ աղբյուրի՝ այն փաստը, որ Միացյալ Նահանգները չի արգելափակել Անվտանգության խորհրդի ներկայիս բանաձևը, վկայում է Գազայի հատվածում գործողության վերաբերյալ Վաշինգտոնի և Իսրայելի միջև աճող հակասության մասին:
ԱՄՆ իշխանությունները քննադատել են Իսրայելին՝ Գազայում խաղաղ բնակչության շրջանում աճող զոհերի պատճառով։ Պատերազմի սկզբից ի վեր տարածաշրջանում սպանվել է ավելի քան 32 հազար մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են:
ԱՄՆ-ը նաև կոչ է արել Իսրայելին ավելին անել Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար, քանի որ հատվածի ամբողջ բնակչությանը սով է սպառնում:
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իսրայելին մեղադրել են Գազայի հատված օգնության առաքումներին խոչընդոտելու համար: