«Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մեկնել է Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայր՝ այնտեղ ապրելու:
Տավուշի մարզի պաշտպանությունը յուրաքանչյուր հայի առաքելությունն է, քանի որ Նիկոլ Փաշինյանը 1 շաբաթ առաջ հանդիպեց սահմանամերձ համայնքների բնակիչների հետ եւ անոնսեց, որ պետք է 4 գյուղեր հանձնվեն: Ցասումն, իհարկե, մեծ է: Հատկապես Արցախի լուռ հանձնումից հետո յուրաքանչյուր բանական քաղաքացի գիտակցում է, որ տարածքային ցանկացած զիջում աղետաբեր կարող է լինել Հայաստանի համար: Սակայն շատերը ցասումն արտահայտում են տանը՝ մի մասը համացանցում, բացառիկ քչերը՝ հենց դեպքի վայրում:
Սուրեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ բավականին լուրջ հանդիպում է ունեցել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ, քննարկել իրավիճակից դուրս գալու ելքերը:
ArmLur.am-ի նկարահանող խումբը երեկ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում եւս հանդիպեց «Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին:
ArmLur.am-ի հետ զրույցում Սուրեն Պետրոսյանն ասաց, որ Ոսկեպար է եկել գյուղի բնակիչների կողքին լինելու համար, կմնա, որոշ ժամանակ կապրի գյուղում՝ թույլ չտալու տարածքային որեւէ հատվածի հանձնում:
Իհարկե, այս ընթացքում տարբեր քաղաքական ուժեր են եղել Ոսկեպարում, հասցրել են բնակիչներին շփոթեցնել, խճճել: Նաեւ վախեցնել, քանի որ տեսախցիկներից խուսափում էին մարդիկ: Բայց Սուրեն Պետրոսյանի հետ նրանք ջերմ զրուցում էին, երբ տեղեկացան, որ իրենց հետ մնալու է գյուղում, կրելու է բոլոր դժվարությունները:
Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանն այն գործիչն է, որը 2022-ի օգոստոսին գնացել էր Աղավնո՝ իր ընտանիքի հետ:
Ավաղ, Աղավնոն հանձնվեց եւ վերջինը դուրս եկողը Սուրեն Պետրոսյանն էր՝ իր ընտանիքի հետ, երբ արդեն ոչ մի հայ չկար Աղավնոյում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան