Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած ժամկետն ավարտվել է․ ինչ է սպասվում Տավուշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը նախորդ երկուշաբթի՝ մարտի 18-ին, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։

Նրա այս հայտարարությունը անորոշություն և անհանգստություն էր առաջացրել տեղացիների մոտ:

Պատասխանելով բնակիչներից մեկի հարցին՝ Փաշինյանը հայտարարեց, որ կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որևէ սահմանազատման և սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետևանք չի մնա։

«Դա նշակում է շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,– ասել էր նա։

ArmLur.am-ը վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվել է՝ հաշվի առնելով վարչապետի այդ հայտարարությունը, կարո՞ղ ենք արձանագրել, որ առաջիկայում սահմանային նոր լարվածություն է սպասվում և Ադրբեջանը պատրաստվում է հերթական սադրանքի գնալ մեր սահմանին:

Հարցին ի պատասխան՝ Նազելի Բաղդասարյանը հղում արեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին.

«Վարչապետը ԱԺ-ում Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ արդեն անդրադարձել է այդ հարցին, ընդդիմադիրներն այդ հարցը տվեցին, վարչապետն էլ պատասախանել է՝ ինչ կոնտեքստում է նման բան ասել»,-ասաց Բաղդասարյանը:

Իսկ ի՞նչ էր ասել Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում:

Կառավարության հետ մարտի 20-ի հարցուպատասխանի ժամանակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր՝«Նկատե՞լ եք, որ դուք վերջերս Ալիեւից ավելի շատ եք սկսել հայ ժողովրդին սպառնալ պատերազմով»:

Փաշինյանն էլ իր հերթին, արձագանքելով պատգամավորի նկատառումներին, որ սպառնում է պատերազմով, ասաց, որ իրենք մեղավոր են նրանում, որ ժողովրդին չեն ներկայացրել ամբողջ իրավիճակը:

«Բա ինչի էս բանը չէիք ասում, դուք ունեիք տեղեկատվություն, մենք չունեինք տեղեկատվություն, բա ինչի պարեցիր Շուշիում: Կամ էդ պետք է ասեի, կամ հակառակը, ինչ էր լինելու ձեր ռեակցիան, եթե այն ժամանակ առերեսվեինք իրավիճակին: Ընդ որում, ինչ ասում եմ՝ ապացուցելի է: Ինչ պետք է ասեի, պետք է ասէի, որ ժողովուրդ, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջաբնի կազմում կարող է ունենալ ինքնավարություն՝ ընդ որում, այն արձանագրումով, որ դա լինելու է հայ-ադարբեջանական ինքնավարություն: Դա է եղել 2018 թվականի բանակցային բովանդակությունը, եւ սա ապացուցելի է: Դուք ինձ ասում էիք՝ ինչի ես ասել՝ Արցախը Հայստան է եւ վերջ, հիմա ինչի չես ասում Արցախը Հայաստան է եւ վերջ: Սա է ձեր հռետորիկան»,- ասել էր նա:

Ք․ Մ․




Լրահոս