
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչության իրականացմանը: Նրա խոսքով՝ ահաբեկիչներին սպասում էին ուկրաինական կողմում:
Միևնույն ժամանակ, Բորտնիկովի խոսքով՝ «Կրոկուսում» ահաբեկչության պատվիրատուն դեռ հայտնի չէ: Պաշտոնյան կարծիք է հայտնել, որ ահաբեկչության նպատակն էր սասանել իրավիճակը Ռուսաստանի ներսում: Նրա խոսքով՝ ՌԴ-ում ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է:
Բորտնիկովը նշել է, որ ուկրաինացի զինյալները պատրաստություն են անցել Մերձավոր Արևելքում: Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պետք է ճանաչել ահաբեկչական կազմակերպություն:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ վստահություն է հայտնել, որ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան:
Ուկրաինական կողմը հերքել է ցանկացած մեղադրանք: