ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓՈՐՁԸ՝ ՕՐԻՆԱԿԵԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն, «Դպրոցական սնունդ եւ երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը:

Ինչպես  տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ արդյունավետ համագործակցության կարեւորությունն ու գրանցված հաջողությունները:

«Ուրախալի է, որ հայաստանյան փորձն օրինակելի է համարվում մի շարք պետությունների համար: Նախորդ տարի «Դպրոցական սնունդ» ծրագիրն ամբողջությամբ ազգայնացվեց եւ փոխանցվեց ՀՀ կառավարությանը, իսկ հոկտեմբերին Հայաստանը մասնակցեց Փարիզում անցկացված «Դպրոցական սնունդ» կոալիցիայի առաջին գլոբալ համաժողովին: Սա շատ կարեւոր նախաձեռնություն էր, որը թույլ տվեց մասնակիցը դառնալու այս գործընթացին եւ կիսելու մեր փորձը՝ ուսումնասիրելով նրանցը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՄԱԿ-ի ՊՀԾ-ի Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ շնորհավորել Հայաստանին ծրագրի ամբողջական ազգայնացման կապակցությամբ՝ շեշտելով, որ Հայաստանն ունի «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է՝  աշխատանքներ են տարվում 2025-26 ուսումնական տարվա մեկնարկին Երեւանի դպրոցները եւս «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու հնարավորության շուրջ, ինչը թույլ կտա մեծացնել շահառու երեխաների թիվը:

ԿԳՄՍ նախարարը նշել է՝ 2023 թվականի հունվարից ՀՀ 10 մարզերի 1075 դպրոցների 1-ից 4-րդ դասարանների հազարավոր երեխաներ սնունդ ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Ընդ որում՝ շահառուների թիվը մեծացել է, քանի որ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար դպրոցահասակ երեխաներ են ընդգրկվել ՀՀ մարզերի դպրոցներում: Առաջին  իսկ օրերից լուծվել է տարրական դասարանների երեխաների սննդի հարցը, եւ այժմ նրանք մյուս աշակերտների հետ միասին տաք եւ առողջ սնունդ են ստանում:

«Դպրոցական սնունդ եւ երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ սկզբնական շրջանում որոշ դպրոցներում տաք սննդով են ապահովվել նաեւ ավելի բարձր դասարաններում սովորող ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւս կարեւորել է «Դպրոցական սնունդ» կոալիցիային Հայաստանի անդամակցությունն ու ընդգծել՝ Հայաստանում ծրագրի իրականացման հաջող փորձը հետաքրքրություն է առաջացրել նաեւ բազմաթիվ այլ երկրների շրջանում: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Փարիզում անցկացված «Դպրոցական սնունդ» կոալիցիայի առաջին գլոբալ համաժողովի ընթացքում առաջարկվել է նաեւ համագործակցության ձեւավորում տեղական ինքնակառավարման մակարդակում, մասնավորապես՝ Միլանի եւ Երեւանի քաղաքապետարանների միջեւ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ «Դպրոցական սնունդ եւ երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությանը՝ ընդգծելով դրա շարունակականության ապահովման կարեւորությունը:

 

 

 

ԿԴԱՌՆԱ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՍՓՌՄԱՆ

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա համապետական սփռում ունեցող երկու հեռուստաալիք. այսպիսով, այժմ միայն մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» կհեռարձակվի ամբողջ հանրապետությունում:

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

««Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում, մեկ տեսալսողական ծրագիր՝ համապետական սփռմամբ:  Նախագծով առաջարկվում է, որ հանրային հեռարձակողն ունենա առավելագույնը 2 տեսալսողական ծրագիր կամ, ավելի պարզ ասած, հեռուստաալիք՝ երկուսն էլ համապետական սփռում ունեցող, որպեսզի նաեւ, ըստ էության, չտուժեն հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների շահերը»,-ասաց Գաբրիելյանը:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանրային հեռարձակողը կհրաժարվի մայրաքաղաքային սփռման սլոթից, ավտոմատ կդառնա համապետական սփռման:

Գաբրիելյանը հավելեց՝ Հանրային հեռուստաընկերության բյուջեն պետական բյուջեից է, ուստի նպատակահարմար չէ, որ այդ գումարն ուղղվի միայն երեւանյան հեռուստադիտողին:

Նախագծի հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ, Ֆինանսների նախարարության դիտարկմամբ, նախագծի ընդունմամբ բյուջեի վրա հավելյալ 64 մլն դրամի ծախս է գեներացվում, որը 2024թ բյուջեով նախատեսված չէ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե սրա հետ կապված քննարկում եղե՞լ է:

Նախագծի հեղինակը հայտնեց, որ եղել է քննարկում, որ, եթե ծածկույթը լինի համապետական, այդ բացը կարող են լրացնել Հանրային հեռուստաընկերության միջոցներից: Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ոչ միայն ՀՀ պետական բյուջեից, այլ նաեւ օրենքով չարգելված այլ եղանակներով, օրինակ՝ գովազդից կամ համատեղ ֆիլմարտադրություններից:

Հասմիկ Հակոբյանը նշեց, որ այսպիսով իրավական հիմքեր են ստեղծում մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի դարձնել ամբողջ հանրապետության համար:

 

 

 

ՍԱՌՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Ոսկեվանի, Ոսկեպարի, Բաղանիսի վարչական ղեկավարները։ Նախկինում Նիկոլ Փաշինյանին Ոսկեպարում ջերմ էին ընդունում, այս անգամ Փաշինյանին ընդունել են շատ սառը, նույնիսկ՝ անբարյացակամ։ Երբ Փաշինյանը դահլիճ է մտել, ներկաներից կեսը ոտքի չի կանգնել։ Հանդիպման մասնակիցները հայտնեցին, որ երբ Նիկոլ Փաշինյանը ցուցադրել է Հայաստանի Հանրապետության քարտեզի փոքր մակետը, ոսկեպարցիներից մեկը դժգոհել է՝ ասելով, որ այդ «ժեշտի կտորը» նորից է ցուցադրել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այլապես Ադրբեջանը պատերազմ է սկսելու։ Նրան հարցրել են, թե այդ 4 գյուղերի տարածքները հանձնելուց հետ ինչ երաշխիք կա, որ դրանից հետո Ադրբեջանը նորից առաջխաղացում չի ունենալու սահմանում, կամ պատերազմ չի սկսելու: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երաշխիքներ չկան, սակայն հույս կա, որ Ադրբեջանը այդպես չի վարվի։ Փաշինյանին ասել են, որ Հայաստանի 31 գյուղերի տարածքներ ներկայումս Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացվել են, ինչո՞ւ սահմանագծումն ու սահմանազատումը դրանցից չի սկսվում։ Նիկոլ Փաշինյանը այդ հարցին տրամաբանական պատասխան չի տվել։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է, որ այդ 4 գյուղերի պարագայում 3 տարբերակ կա՝ դրանք հանձնել, չհանձնել, Ադրբեջանի հետ պատերազմել. վերջին դեպքում Թուրքիան պատերազմի մեջ կմտնի Ադրբեջանի կողմից։ Հանդիպման մասնակիցները կարծում են, որ Թուրքիայի անունը տալով՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է ոսկեպարցիներին վախ ներշնչել, համոզել, որ 4 գյուղերը պետք է անպայման հանձնել։ Ոսկեպարցիները մտահոգություն են հայտնել, որ հիշյալ 4 գյուղերի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստան-Վրաստան, Իջեւան-Նոյեմբերյան երթեւեկը խափանվելու է. վարչապետն ասել է , որ հարկ եղած դեպքում Ոսկեպարում ավտոմոբիլային թունել կփորվի, կառուցվելու է Ենոքավան-Ջուջեւան սարերով ձգվող ճանապարհը։ Ոսկեպարի բնակիչ Ռոբերտ Մելիքյանն ասել է, որ անցած շաբաթ ինքը Ոսկեպարում հանդիպել է ՊՆ Սուրեն Պապիկյանին, վերջինս իրեն ասել է, որ իրենք այդ 4 գյուղերի տարածքները չեն հանձնելու, քանի դեռ Ադրբեջանը պահում է Բերքաբեր գյուղից ավելի քան 700 հեկտար եւ այլ հողեր։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարել է՝ թող Սուրեն Պապիկյանն իր գործով զբաղվի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս