Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփված Թորոս Թորամանյանը, որը հայ ճարտարապետության պատմության ոլորտում հիմք է դրել գիտական ուսումնասիրությանը, ծնվել է 1864 թվականին Փոքր Հայքի Շապին-Գարահիսար քաղաքում:
Զորավար Անդրանիկի ծննդավայրում իր կյանքը սկսած Թորոս Թորամանյանը Կոստանդնուպոլսի Կայսերական գեղարվեստի ճեմարանի ճարտարապետական բաժնում կրթություն ստանալուց հետո սկսում է ճարտարապետական նախագծեր իրականացնել, սակայն Պոլսում հայ բնակչության նկատմամբ երկօրյա կոտորածներից հետո մեկնում է Բուլղարիա:
Թորամանյանը չորս տարի ապրում է Բուլղարիայում՝ նախագծելով այնպիսի հայտնի հայերի առանձնատներ, ինչպիսին են եղել Մանուկյանները, Սարգիս Ֆադյանը, Դանիել Բուլղարացին եւ այլոք: Բուլղարիայից հետո ճարտարապետը մեկնում է Ռումինիա, ապա Հունաստան, Եգիպտոս եւ Իտալիա՝ տեղում ծանոթանալու հին աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներին: 1902 թվականին մեկնում է Փարիզ՝ Սորբոնի համալսարանում մասնակցելու այդ ժամանակվա ամենահայտնի պրոֆեսորների՝ ճարտարապետության պատմության եւ արվեստի մասին դասախոսություններին, որպեսզի խորացնի գիտելիքները: Այդ ընթացքում գիտելիքներ է ձեռք բերել նաեւ հնագիտական ուսումնասիրությունների ոլորտում:
Բուլղարիա վերադառնալուց հետո՝ 1903 թվականին, հայագետ Կարապետ Պասմաճյանի առաջարկով նրա հետ երեք ամսով Անի է մեկնում, որը մեծ շրջադարձ է լինում Թորամանյանի համար, եւ նա իր «Զվարթնոց եկեղեցի» հոդվածի մեջ ապագայում գրում է. «Ես այս ամենը տեսա, երբ երկու տարի առաջ այցելեցի Անի։ Զարմանքով կը դիտեի չորս կողմս եւ չէի ուզեր հավատալ տեսածներուս իրականությանը»:
Թորամանյանը հենց այստեղ էլ սկսում է զգալ հայ ճարտարապետության առանձնահատկությունները ու նկատել, որ դրա մասին պատմող աշխատություններ չկան, այն չի ուսումնասիրվել որպես գիտություն: Նա մնում է Անիում հայկական ճարտարապետությունը ուսումասիրելու նպատակով, ինչին էլ աջակցում է Նիկողայոս Մառը, որը երկրորդ անգամ պեղումներ էր իրականացնում Անիում:
Հաջորդ տարի Թորամանյանը մեկնում է Էջմիածին, որպեսզի ուսումնասիրի վաղ միջնադարյան հայ ճարտարապետության հուշարձանները, որտեղ էլ Զվարթնոցի տաճարի պեղումներ էր իրականացրել Խաչիկ վարդապետ Դադյանը: Նա մասնագիտական հմտություններ չունենալու պատճառով պեղումները դադարեցրել էր, եւ այն վերսկսում է Թորոս Թորամանյանը: Ամբողջությամբ հողի տակն անցած Զվարթնոցի տաճարը մեզ «վերադարձնելով»՝ Թորամանյանը կարողանում է ուսումնասիրել եւ հասկանալ ճարտարապետական այդ յուրահատուկ կառույցի ձեւերի ողջ իմաստը:
Թորամանյանը կարողանում է ամբողջությամբ վերարտադրել տաճարի չափն ու տեսքը, սակայն դրան թերահավատորեն են մոտենում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Զվարթնոցը զգալիորեն տարբեր է հայ իրականության մյուս բոլոր եկեղեցիներից: Սակայն ավելի ուշ Նիկողայոս Մառը Անիի Գագիկաշեն սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումների ժամանակ հայտնաբերում է Գագիկ Ա թագավորի արձանը՝ տաճարի մանրակերտը ձեռքին, որը նույնությամբ կրկնում էր Թորոս Թորամանյանի պատկերած հատակագիծը: Քանի որ հայտնի էր, որ Գագիկ Ա թագավորը, Գագիկաշենը կառուցելիս ցանկանում էր նույնությամբ կրկնել Զվարթնոցի տաճարը, պարզ է դառնում, որ Թորամանյանը ճշգրտորեն վերարտադրել էր շինության ծավալն ու կառուցվածքը:
1913 թվականին Թորամանյանը արվեստի ավստրիացի պատմաբան Յոզեֆ Ստրժիգովսկու հրավերով մեկնում է Վիեննա միասին հայ ճարտարապետության մասին աշխատություն գրելու նպատակով, սակայն հավելյալ նյութերի համար վերադառնում է Հայաստան եւ այլեւս Վիեննա մեկնել չի կարողանում. սկսվել էր առաջին համաշխարհային պատերազմը: Ճարտարապետի նյութերը մնում են Վիեննայում, եւ դրանց վրա հիմնվելով՝ Ստրժիգովսկին գրում է «Հայերի ճարտարապետությունը եւ Եվրոպան» աշխատանքը՝ որպես նյութերի հեղինակ նշելով Թորոս Թորամանյանին:
Ճարտարապետությունից եւ ճարտարապետության տեսությունից բացի, Թորամանյանը զբաղվել է նաեւ լուսանկարչությամբ եւ լուսանկարել է Անիի ավերակների ճարտարապետական ողջ ժառանգությունը:
1921 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության ընթացքում, դասախոսել է հին Հայաստանի ճարտարապետության պատմություն Երեւանի պետական համալսարանում:
Իր աշխատանքներով Թորամանյանը համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ էական դեր է խաղացել՝ ներկայացնելով հայերի ճարտարապետության ծագումն ու զարգացման շրջանները։ Այսօր Հայաստանում նրա անունով մրցանակ է հանձնվում ոլորտի ներկայացուցիչներին:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«ՍԵՎ ՀԱՅԵԼԻ»-Ն ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է
«Սեւ հայելի»-ի (Black Mirror) յոթերորդ սեզոնը ճանապարհին է:
Netflix-ը հաստատել է, որ Չարլի Բրուկերի գիտաֆանտաստիկ Black Mirror-ը էկրան կվերադառնա 2025 թվականին։ Նոր` յոթերորդ եթերաշրջանը, կունենա վեց սերիա։
Այս մասին հայտնում է The Verge-ը:
Դեռ շատ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ընկերությունն ասում է, որ թեեւ այն բաղկացած կլինի նոր պատմություններից, սակայն մասերից մեկը կլինի 4-րդ սեզոնի «USS Callister»-ի շարունակությունը, որտեղ գլխավոր դերակատարն էր Ջեսի Պլեմոնսը:
Շոուի վերադարձը համեմատաբար կարճ ընդմիջումից հետո է նախատեսվում գոնե Black Mirror-ի չափանիշներով: 6-րդ սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականին եւ ներառում էր մի քանի սերիա, որոնք ընդգրկում էին տիեզերական թեմաներով սարսափից մինչեւ սթրիմինգի ապագայի երգիծանք:
ԴԺԳՈՀ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ
Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը դժգոհ է ներքին առաջնության արդյունքներից:
«Ես դժգոհ եմ Հայաստանի առաջնությունում մեր մարզիկների գրանցած արդյունքներից: Ցուցանիշները շատ ցածր էին, սպասվածից շատ ցածր: Եթե Եվրոպայի առաջնությունում գրանցած վատ արդյունքները կապում էինք լարվածության հետ, ապա այս առաջնությունում եւս վատ արդյունքներ ունեցանք, ինչը մտածելու լուրջ առիթ է տալիս»,- ասաց հավաքականի մարզիչը: Նիկողոսյանի խոսքով` մարզչական ժողովի միջոցով թիմը փորձելու է լուծումներ գտնել առկա բոլոր խնդիրներին: Անդրադառնալով տարվա կարեւորագույն մրցաշարին` Օլիմպիական խաղերին, Նիկողոսյանն առանձնացրեց` Էլմիրա Կարապետյանը, բացի իր հիմնական 10 մետրի վարժությունից, հնարավորություն ունի մասնակցելու նաեւ 25 մետրի մրցաշարին: «Հրաչյա Բաբայանը եւ Բենիկ Խլղաթյանը դեռեւս Օլիմպիական խաղերի ուղեգրի հույս ունեն: Երկու հնարավորություն կա՝ մեկը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք վարկանիշային մրցաշարն է, մյուսը՝ Եվրոպայի առաջնությունը»,-առանձնացրեց հրաձգության հավաքականի մարզիչը:
«ԱՄԵՆ ԻՆՉ ՇՏԿԵԼՈՒ ԵՆՔ»
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Նապոլի»-ի դեմ խաղին:
«Շատ կարեւոր խաղ էր, բայց ոչ այդքան ցանկալի արդյունքը, որը մենք ուզում էինք: Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք»,-սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Նապոլի»-ին: Միլանյան ակումբին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Ինտեր»-ից աչքի ընկավ Մատեո Դարմիանը, սակայն «Նապոլի»-ին հանդիպման ավարտից րոպեներ առաջ պարտությունից փրկեց Ժուան Ժեզուսը՝«Ինտեր»-«Նապոլի»` 1:1: Այս տուրից հետո էլ «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Թիմն ունի 76 միավոր: 62 միավորով երկրորդ տեղում «Միլան»-ն է:
ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, երկիշխանություն է:
25-րդ տուրից հետո «Փյունիկ»-ը եւ «Նոա»-ն ունեն հավասար 55 միավոր: Երկրորդ տեղում 49 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: 4-րդ եւ 5-րդ տեղերում «Ուրարտու»-ն եւ «Ալաշկերտ»-ն են: 33 միավոր ունի «Արարատ»-ը (6-րդ տեղ):
Վերջին 4 տեղերը հաջորդաբար զբաղեցնում են «Վեստ Արմենիա»-ն (24 միավոր), «Վան»-ը (23 միավոր), «Շիրակ»-ը (22 միավոր) եւ ԲԿՄԱ-ն (22 միավոր): 26-րդ տուրի հանդիպումները կկայանան մարտի 30-31-ին: