ՀՀ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց. «Եթե մենք բուհերը հավատարմագրենք միջազգային ստանդարտներով, ոչ մի բուհ հավատարմագրում չի ստանա»։ Բանն այն է, որ մարտի 7-ին Երեւանի պետական բժշկական համալսարանին հանձնվել է միջազգային հավատարմագրման հավաստագիր, իսկ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի որոշ ֆակուլտետներ փորձեր են անում դիմել եւ ստանալ միջազգային հավատարմագրում։ Այս իրավիճակում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դնում հայկական բուհերի որակական հատկանիշները, այսինքն՝ Հայաստանում բուհերի մակարդակն այնքան ցածր է, որ միջազգային հավատարմագրման շեմը չեն հաղթահարի։ ՀՀ ակադեմիական կրթությունը հարցականի տակ դրած վարչապետի կողքին նստած էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որն այս հայտարարությունների ընթացքում ոչ մի ձայն չհանեց, մինչդեռ հենց նրա ներկայությամբ էր ՀՀ ԵՊԲՀ-ն օրեր առաջ արժանացել միջազգային հավատարմագրման, շատ բուհեր էլ այդ ճանապարհին են: Հիշեցնենք, որ նույն այդ միջոցառման ընթացքում նախարարը նշել էր. «Շատ կարեւոր է այս աշխատանքը նաեւ գնահատել, կարեւոր է ստանալ աշխատանքի գնահատականն այն հավաստագրի տեսքով, որն այսօր փոխանցվեց»: Նախարարը շնորհավորեց համալսարանականներին, սակայն ՀՀ վարչապետին չհուշեց, որ չարտաբերի նման ամոթալի մտքեր: Ըստ երեւույթին, նախարարը լռում էր, որ ցնցուղի պատմության պես մի նոր սկանդալ իր շուրջը չհասունանա։ Հավելենք նաեւ, որ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ոլորտը աստիճանաբար քաոսի է վերածվում։ Բանն այն է, որ կրթության ռազմավարության մինչեւ 2030 թվականի ծրագրով  սահմանված է՝ աշխարհի 500 թոփ համալսարանների շարքում 5 հայկական բուհ պետք է ունենա Հայաստանը։ Խնդիրը նրանում է, որ նախորդ տարիներին 1000 թոփ բուհերի շարքում ՀՀ-ն ունեցել է 2 բուհ՝ Երեւանի պետական համալսարանը եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը։ 2023 թվականին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը դուրս է եկել այդ բուհերի շարքից, իսկ ԵՊՀ-ն զիջել է տեղը այլ համալսարանների՝ զբաղեցնելով 1081-րդ հորիզոնականը։ Թե ինչպես է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստվում 6 տարվա ընթացքում ունենալ 5 թոփ բուհ աշխարհի մակարդակով, երբ պատկերն այսպիսին է, իսկ ՀՀ վարչապետն էլ ակադեմիական կրթությունը բավարար որակյալ չի համարում, խիստ կասկածահարույց է:

 

 

 

Նիկոլ Փաշինյանը կրկին անհարմար դրության մեջ է դրել իր թիմակիցներին. ՔՊ-ականները չգիտեն՝ ինչ խոսել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արված վերջին հայտարարություններից հետո ՔՊ-ականները փակուղում են հայտնվել, չգիտեն՝ ինչ խոսել, ինչպես մեկնաբանել իրենց ղեկավարի հերթական աղմկահարույց հայտարարությունները: Չնայած իշխանությունները մինչ այս ամեն կերպ հերքում էին, թե Հայաստանը նոր տարածքներ է հանձնելու, ու վստահեցնում էին, որ նոր զիջումներ չեն լինելու, բայց երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած այցի ժամանակ հաստատեց, որ սահմանազատում եւ սահմանագծում է իրականացվելու Տավուշում: «Մենք տեսնում ենք, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում»,- նշել էր նա։ Ավելին՝ ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հանդիպման մասնակից քաղաքացիներն էին «գաղտնազերծել», Փաշինյանը հերթական անգամ վախեցրել է տեղացիներին, թե եթե զիջումների չգնանք, Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու: Իհարկե, բնակիչները խայտառակ վատ են խոսել Փաշինյանի հետ, իրենց խոսքերով՝ «ցեխն են թաթախել ու հանել»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, իհարկե, դռնփակ նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ պետք է աշխատեն մարդկանց հետ եւ բացատրեն, որ սահմանազատումը ենթադրելու է որոշ տարածքների հանձնում, բայց, ամեն դեպքում, ՔՊ թիմում միայն հաշված թվով մարդիկ են տիրապետում իրական վիճակին: Սրա մասին վկայում է նաեւ իշխանական պատգամավորների խուճապահար պահվածքը. երբ լրագրողները նրանց մոտենում եւ մեկնաբանություն էին ցանկանում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների վերաբերյալ, նրանք, մեղմ ասած, փախչում էին, որպեսզի խուսափեն իրենց ուղղված հարցերին պատասխանելուց: Նրանք բոլորը հավաքական իմաստով ոչ միայն պատասխանատու են այս իրավիճակի համար, այլեւ ուղղակի երկրի հանձնման գործընթացին մասնակից են՝ անկախ իրենց իմացությունից:

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ վերջին այցն իրականում մեկ նպատակ է հետապնդել՝ վախեցնել մարզի բնակիչներին ու պատերազմի սպառնալիքի ներքո նոր զիջումների պատրաստել քաղաքացիներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը՝ Փաշինյանի՝ Տավուշ այցից հետո, մարզում խուճապային տրամադրություններ են առաջացել: Բանն այն է, որ Փաշինյանը քաղաքացիներին վախեցրել է՝ եթե Ադրբեջանի պահանջած գյուղերը չտանք, ապա Ադրբեջանը Ոսկեպարի կողմից է հարձակվելու Հայաստանի վրա, Թուրքիան՝ Արմավիրի: Ասել է նաեւ, թե մեր բանակը ունակ չէ պայքարելու թուրքական բանակի դեմ, այսինքն՝ Փաշինյանի ասածն այն է, որ պետք է կատարենք թշնամու բոլոր ցանկությունները, որպեսզի պատերազմ չլինի: Իսկ թե դրա արդյունքում հայրենիքի մնացորդից էլ ինչ կմնա, պարզ չէ: Ահա այս հայտարարությունները լուրջ անհանգստություններ են առաջացրել տեղացիների մոտ: Այսինքն՝ ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը ծրագրված գնացել է Տավուշ, որպեսզի կոտրի ու թեւաթափ անի քաղաքացիներին, ու այնպիսի հայտարարություններ է արել, որ նրանք նոր պատերազմի սպառնալիքի ներքո համաձայնեն նոր զիջումներին, ու բողոքի ալիք չբարձրանա: Ողջ նպատակն այն է, որ մարդիկ չբողոքեն, հանրահավաքներ չանեն, եւ իր իշխանությունը չերերա:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ կոնկրետ հարցադրումներ էր արել։ Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել էին Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Խնդրել ենք հայտնել, թե այլ քրեական վարույթներով քանի նմանօրինակ մարդասիրական քայլ են դրսեւորել եւ սեփական նախաձեռնությամբ խափանման միջոց փոխել. «1. Եթե կան նման նախադեպեր, կխնդրեմ ներկայացնել օրինակները: 2.Իսկ եթե չկան նախադեպեր, խնդրում եմ հայտնել, թե ինչու ձեր մարդասիրությունը արթնացավ հենց պետական բարձր պաշտոն զբաղեցնող ԱԺ նախագահի մեծ ընտանիքի անդամի քրեական վարույթով»: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրումների՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ 2018- 2023 թվականների ընթացքում իրավասու դատախազների կողմից սեփական նախաձեռնությամբ կայացվել է որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին 429 որոշում, որից 147-ը՝ 2018 թվականին, 137-ը՝ 2019 թվականին, 73-ը՝ 2020 թվականին, 14-ը՝ 2021 թվականին, 18-ը՝ 2022 թվականին, 40-ը՝ 2023 թվականին: Իհարկե, Աննա Վարդապետյանին ուղղված հարցադրումների պատասխանում չկա խոսք այն մասին, թե անձամբ Աննա Վարդապետյանը քանի հոգու նկատմամբ է մարդասիրություն դրսեւորել, եւ քանիսն են կալանքից ազատվել: Վիճակագրությունը, որ ներկայացվել է, խիստ մտահոգիչ է, քանի որ 2018 թվականին եղել է 147 կալանքից ազատում, 2023-ին՝ 40:

 




Լրահոս