«ԴՊՐՈՑԸ ՓԱԿԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԳՅՈՒՂԸ ՓԱԿԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար կրթության ռազմավարության վերաբերյալ մշակած նոր պլաններ է ներկայացնում։ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանի հետ, քննարկել ենք ԿԳՄՍ նախարարության կողմից հանրակրթության ոլորտի խնդիրների եւ բարեփոխումների մասին հարցերը։

 

Վահրամ Դումանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ համաձայն չէ այն նախագծի հետ, որի շրջանակներում  գյուղական դպրոցների  ազատ հաստիքներում ուսուցիչների պետք է փոխարինեն համալսարանի վերջին կուրսի ուսանողները։ ՀՀ նախագահի խորհրդականը պնդում է, որ հանրակրթության ոլորտը հոգատարության կարիք ունի, ինչպես երեխան։

-Պարո՛ն Դումանյան, նշեցիք, որ կրթության ռազմավարությունում կան կանոններ գյուղական դպրոցների վերաբերյալ, նշեցիք, որ գյուղական դպրոցներ չկան, սակայն մտցվել է այդ տերմինը հանրակրթության ոլորտում: Ի՞նչ խնդիրներ են առաջ գալիս:

-Բուհական համակարգը համեմատաբար ինքնուրույն է, հանրակրթությունը՝ հակառակը, այն ավելի խնամքի կարիք ունի: Դպրոցները շատ են քանակով, 1300-1400 դպրոց ունենք, բայց բովանդակությունը, մեծ հաշվով, նույնն է. բոլորը դպրոց են: Բուհերը մի քանիսն են, բայց ներսում բազմաբովանդակ են՝ տարբեր մասնագիտություններով, այսինքն՝ բովանդակությունն է բարդ: Դպրոցի քանակը շատ է, բովանդակությունը՝ հստակ: Մեր ռազմավարությամբ՝ դպրոցը դպրոց է. գյուղական, քաղաքային տարբերակում չունենք, եւ հասանելի պիտի լինի որակյալ կրթությունը  բոլորին: Սա մեր սկզբունքային կետն է, բայց ինչքան էլ մենք սկզբունքային սահմանենք մեր թիրախը, այն իրականություն չի դառնա, եթե մենք չապահովենք դրա գործողությունը: Մենք գիտենք՝ մարզերում, սահմանամերձ շրջաններում դպրոցները չենք կարող համեմատել այստեղի Ֆիզմաթ դպրոցի կամ այլ դպրոցների հետ. մենք միջին մակարդակը այսօր չենք կարողանում ապահովել: Այդ թիրախին մենք պիտի հասնենք՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները. այլ լուծում չկա: Դպրոցը իրավունք չունենք փակելու, դպրոցը փակել նշանակում է գյուղը փակել. չի կարելի: Դպրոցի գոյությունը ռազմավարական, քաղաքական խորը իմաստ ունի մեզ համար: Նույնիսկ երբ համակազմով միացնում ենք դասարանները, այդ պայմաններում մենք  դպրոցը պիտի պահենք, բայց պիտի բովանդակություն էլ հաղորդենք դպրոցին. ուսուցիչն է տալիս այդ բովանդակությունը: Մենք օբյեկտիվորեն ունենք խնդիր ուսուցիչների: Երկու խնդիր կա՝ որակի եւ քանակի, այսինքն՝ կա ուսուցիչ, բայց կարծես մենք կուզեինք՝ նա ավելի լավ որակներով մտներ դասարան, եւ կա, որ ուղղակի ուսուցիչ չկա: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը. աշխարհն այսօր շատ նվաճումներ ունի այդ ասպարեզում: Նախ՝ մենք Քովիդի ժամանակ ենք օգտվել հեռավար ուսուցման հնարավորությունից. երկու խնդիր կա՝ կրթության կազմակերպում եւ կրթության բովանդակություն: Կազմակերպումը տեխնոլոգիաների միջոցով բարդ բան չէ, բոլոր մեր դպրոցներում կա ինտերնետ: Մենք ունենք թոփ ուսուցիչներ, որոնք կարող են հեռավար դասավանդել: Երկրորդ՝ հայտնի  ընկերություններն ունեն հարթակներ կրթության կազմակերպման, մասնավորապես՝ «Գուգլ»-ը ունի, եւ ես որքան տեղյակ եմ, մեր առաջատար ՏՏ ընկերություններից մեկը առաջարկ է ներկայացրել մեր երկրին  անվճար տրամադրել այդ «Գուգլ»-ի հարթակը: Ամեն ինչ միանգամից հնարավոր չէ, բայց սա է ուղղությունը. այլ ճանապարհ չկա:

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է

2018 թվականի ապրիլի 15-ին Հանրապետության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

 

«Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ: Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով զրկվում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերը: Առանց բացառության բոլոր»։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց իրավիճակը եւ չգտավ որեւէ դեպք, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որեւէ քաղաքացու ազատել է գերությունից: Ավելին՝ 2020 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին վարկային արձակուրդ հանրությանը տրամադրելու համար, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պարագայում մարդիկ չեն աշխատում, որ վարկերը վճարեն, հայտնվել են դժվար իրադրության մեջ։ ԲՀԿ խմբակցության պատգամավորը Փաշինյանին կոչ արեց որոշում կայացնել վարկային արձակուրդ տրամադրել, տոկոսների սառեցում, չեզոքացում, քանի որ կան 500 հազար սպառողական վարկեր, որոք մարդիկ չեն կարողանում վճարել։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ուղիղ ասեմ՝ դեմ եմ նման որոշումներին։ Հեշտ է ասելը՝ եկե՛ք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալները չվերցնենք։ Հեշտ եք ասու՞մ, տենց ասելով չէ։ Պետք է խոսքի արժեքին էլ հետեւել։ Նստում, ասում են՝ հարկերը թողե՛ք, վարկերը թողե՛ք, էս օգնե՛ք. ձե՞ռ եք առնում: Նենց տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Ես դեմ եմ նման բաների։ Գնացե՛ք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՍԹԱՓԵՑՆՈՂ ՀԻՇԵՑՈՒՄ Է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին:

Ստոլտենբերգը թեմային անդրադարձավ Երեւանում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ հայտարարության ժամանակ:

«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել: Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ եւ բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի իր պատերազմում»,-ասաց նա:

Ստոլտենբերգը հավելեց՝ մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, այդ պատճառով էլ պետք է ոչ թե պակասեցնել, այլ ավելացնել աջակցությունն Ուկրաինային։

«Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, եւ ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանից»,-ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

 

 

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի կունենա «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն է վերլուծել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումները 2020 թվականի սեպտեմբերից ի վեր, այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները:

Բրյուսելում  կլոր սեղանի գլխավոր բանախոսներն են լինելու Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը, միջազգային բանակցությունների վերլուծաբան, Clingendael ինստիտուտի համահիմնադիր Փոլ Մերթսը, գրող, դիվանագետ Օլիվյե Վեբերըեւ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Բանախոսները լույս կսփռեն տարածաշրջանում զարգացումների վրա՝ միջազգային, մարդու իրավունքների տեսանկյունից, կվերլուծեն միջազգային հանրության արձագանքը, մասնավորապես՝ Եվրամիության դերը։ Քննարկման մասնակիցները կխոսեն նաեւ ապագայի հեռանկարների, առկա իրավիճակից ելքերի եւ անհրաժեշտ հստակ քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի եւ արցախահայության անքակտելի իրավունքները։

 

 




Լրահոս