Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ՀՀ-ն ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին՝ հայտնի եւ երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա։
Փաշինյանն այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած ճեպազրույցի ընթացքում։
Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտնեց Հարավային Կովկասում կայունություն հաստատելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը եւ մոտեցումները։
«Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ բարձրագույն մակարդակում ձեռք բերված 3 սկզբունքների հիման վրա՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի՝ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատում՝ վերականգնելու համար 1991 թվականի ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը երկու հանրապետությունների միջեւ, ինչպես նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հարգմամբ, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս առնչությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացվել նաեւ թեմայի վերաբերյալ ՀՀ պատկերացումներն ամբողջացնող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Նիկոլ Փաշինյանը Գլխավոր քարտուղարին է ներկայացրել նաեւ սահմանային իրադրության հանդարտեցման համար հայկական կողմի բազմաթիվ առաջարկներն Ադրբեջանին։
«Խոսքը 1991 թվականի Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկների մասին է, որոնք մինչեւ օրս դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից»,- ընդգծեց նա։
Վարչապետը Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը հավատարիմ է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին՝ հավելելով, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվականին ձեռք բերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա։
Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների օրակարգին։
«Ընդգծել եմ, որ այս գործընթացն ուղղված չէ որեւէ պետության դեմ եւ միտված է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի պաշտպանական կարողությունները՝ ապահովելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը, – եզրափակեց վարչապետը։
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Մարտի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգին:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում մարզպետը դեսպանին ներկայացրել է հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Քննարկվել են նաեւ Տավուշի մարզում կրթության ոլորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր:
Դեսպանն իր խոսքում վստահեցրել է, որ այս ոլորտների զարգացումն արդյունավետ կլինի, որովհետեւ Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի:
Դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ուրախ է կրկին այցելել Տավուշի մարզ:
Հանդիպման ավարտին ներկաները միմյանց են հանձնել հուշանվեր՝ ի նշան բարեկամության, որից հետո այցելեցին Վազաշենի եւ Ենոքավանի դպրոցներ, որտեղ Չինաստանի դեսպանատան աջակցությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր:
ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ԻՐ ԹԻՄԸ
Ընդդիմությունը, որը 2018 թվականից հետո պարբերաբար ընդվզումներ է ցուցաբերում ներկայիս իշխանությունների դեմ, համալրում է իր թիմը։
Ընդդիմադիր պայքարը թեւակոխում է ապակենտրոն փուլ, որտեղ ի հայտ են գալիս տարատեսակ ակտիվիստների կողմից հիմնած կուսակցությունները։ Օրինակ՝ Անի Կարապետյանը հանրությանը հայտնի էր որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից, ապա «Որդիների կանչ» ՀԿ ակտիվիստ։ Կարապետյանը ստեղծել է նաեւ կուսակցություն «Իմ պայքար, իմ հայրենիք» անվամբ:
Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Անի Կարապետյանի կողմից հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ։
«Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող հավաքի վերաբերյալ «Անի Կարապետյան» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում գրառումներ էին կատարվել, որոնք առերեւույթ պարունակում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մասնավորապես՝ հիշյալ անձն իր էջում գրել էր. «Պետք է վերցնել կառավարության շենքը եւ եւս մի քանի պետական նշանակություն ունեցող շենքեր, որից հետո իմանալ՝ սատկած Նիկոլը որտեղ է, գնալ սատկացնել նրան…»։
Նկատի ունենալով, որ վերոնշյալ գրառումներում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել էր քրեական վարույթ»,- ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ։
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 19-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի օրակարգում Երեւանի քաղաքապետի՝ մարտի 15-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն՝ Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։
ԿԸՀ արձանագրությամբ՝ Երեւանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը։
Ո՞Ր ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ
Շատ կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից որոշում կայացնելը, թե որ քարտեզներով են առաջնորդվում սահմանազատման գործընթացի համար:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը նախ կարեւորեց սահմանազատման գործընթացը սկսելը: Նրա կարծիքով՝ Հայաստանի շահերից է բխում այն սկսելը:
«Ի վերջո, ո՞ր քարտեզներով ենք անելու սահմանազատումը. մեզ համար դա շատ կարեւոր եւ սկզբունքային հանգամանք է: Եվ բանակցությունների ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ շատ կաեւոր է երկկողմանի որոշում կայացնել, թե որ քարտեզներով ենք առաջնորդվում: Եվ այդ որոշումը տրամաբանորեն պետք է նշանակի, որ եթե մի հատվածում իրականացնում ենք սահմանազատում, օրինակ, 1974 թվականի քարտեզով, նշանակում է, որ մյուս հատվածներում էլ պետք է իրականացվի այդ քարտեզով»,-ասաց Թորոսյանը:
Նա շեշտեց՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունները, միանալով Ալմաթիի հռչակագրին, ճանաչել են իրենց սովետական վարչական տարածքները որպես պետական սահմաններ, եւ դրա հիման վրա պետք է կատարվի սահմանագծումն ու սահմանազատումը: Դա չի նշանակում նոր սահմանի ստեղծում, դա փաստացի եղած սահմանի իրավական ամրագրումը պետք է լինի:
«Որեւէ վարչական բնակավայր, որեւէ տարածք, որ Սովետական Հայաստանի սահմաններում է եղել, մենք որեւէ կերպ չենք պատրաստվում որեւէ երկրի տալ: Իսկ եթե սահմանը գծման կամ իրավական ամրագրման ընթացքում կանցնի որեւէ տարածքով, որն այս պահին այս կամ այն կողմի տիրապետության տակ է, պետք է փոխադարձաբար երկու կողմերի միջեւ պայմանավորվածությամբ վերադարձվի այս կամ այն կողմին»,-ասաց պատգամավորը:
Թորոսյանը շատ կարեւորեց, որ ի սկզբանե պայմանավորվածություններ ձեռք բերվեն, թե որ քարտեզներով են կողմերն առաջնորդվում: Նա նման պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորություն տեսնում է: «Ցավոք սրտի, մինչեւ օրս այդ պայմանավորվածությունը ձեռք չի բերվել հիմնականում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Նրանք խուսափել են քարտեզների վերաբերյալ խոսակցությանը վերջնական պատասխան տալուց: Եվ եթե այս գործընթացը թույլ կտա մեզ պայմանավորվել քարտեզների մասին, որոնք ապագայում պետք է դառնան հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հիմքը, դա մեզ համար կարեւոր է, մեր շահերից է բխում»,-նշեց նա: