Ավարտվել է «Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 29-ամյա բնակիչը, 2021թ. ընթացքում տարբեր կարգավիճակներում աշխատելով «Վահագնի» ռեստորանային համալիրում եւ տեղյակ լինելով ռեստորանում գումարների առկայության, դրանց պահպանմանն առնչվող հարցերին, իր ծանոթ 40 եւ 44-ամյա տղամարդկանց տեղեկություններ է տրամադրել այդ մասին, որոնք մտադրվել են հափշտակել դրանք:
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2023թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, 29-ամյա երիտասարդն իր կողմից վարվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ տղամարդկանց տեղափոխել է նշված ռեստորանային համալիրի հարակից տարածք: Այնտեղ վերջիններս, հագնելով սեւ դիմակներ եւ սեւ հագուստներ, ապօրինի մուտք են գործել նշված ռեստորանային համալիրի սրահ, կպչուն ժապավենով կապել են որպես պահակ աշխատող անձին՝ զրկելով դիմադրելու հնարավորությունից, եւ ատրճանակով սպառնացել են վնաս պատճառել նրա առողջությանը, եթե շարժվի։ Այնուհետեւ հիշյալ տղամարդիկ նույն ռեստորանային համալիրից հափշտակել են գումար, բջջային հեռախոս, գինիներ եւ այլ իրեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.025.800 ՀՀ դրամի գույքային վնաս:
Հանցավոր գործողությունները կատարելուց հետո 29-ամյա երիտասարդը նշված ավտոմեքենայով տղամարդկանց տեղափոխել է դեպքի վայրից, որից հետո հափշտակված իրերը վերջիններս պահել են իրենց ծանոթ, Երեւանի 39-ամյա բնակչին պատկանող, վերջիններիս բնակության վայր հանդիսացող տանը։
Քննությամբ պարզվել է նաեւ, որ 29-ամյա երիտասարդը, 44 եւ 40-ամյա տղամարդիկ ապօրինի ձեռք են բերել եւ պահել հրազեն հանդիսացող ատրճանակներ, ինքնաձիգ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, մարտական պայթուցիչ եւ մարտական ձեռքի նռնակ, ինչպես նաեւ 44-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել եւ պահել զգալի չափերի «Հերոին» տեսակի, 40-ամյա տղամարդը՝ խոշոր չափերի, իսկ 39-ամյա տղամարդը՝ զգալի չափերի «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որոնք հայտնաբերվել են վերջիններիս բնակության վայրից։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով, 44-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով, 40-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 396-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 39-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով:
Մեղադրյալներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
ԿԻՐԱՌԵԼ Է ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը եւ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաներից Ա. Հարությունյանի նկատմամբ կիրառել տնային կալանք ու 3 միլիոն դրամ գրավ։
Հիշեցնենք, որ իրավապահները կալանավորել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանին, նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանին:
Ըստ նախաքննական մարմնի պաշտոնական տեղեկության՝ վերջիններս նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, ինչպես նաեւ նույն մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԵՆ ՕԳՆԵԼ
Մարտի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Lexus» եւ «LADA Priora» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ: Բժիշկները վիրավորներին մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներից 3-ը, ըստ բժիշկների, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գեւորգ Միքայելյանը: Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի եւ դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ: Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն էր, որ մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները կայանել էին, ու ստեղծվել էր արհեստական խցանում. պարեկների ժամանելուց վայրկյաններ անց երթեւեկությունը կարգավորվեց: Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի եւ օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից 3 հոգի, գիտակցության չգալով, մահացել են: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների, մահացածների եւ վիրավորների ինքնությունը: