Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակել է էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված՝ հանրության կողմից ամենահաճախ հնչեցվող հարցերն ու մասնագետների պատասխանները:
Առանձնացրել ենք դրանցից 5-ը.
Արդյոք անձնական տվյալների գաղտնիությունը չի՞ խախտվում:
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են: Ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չէ դեղատան աշխատակցին: Դեղագետը տեսնում է միայն դեղի անվանումն ու չափաքանակը, գնորդի նույնականացման տվյալները. ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն, այդ թվում՝ ախտորոշումը, դեղատան աշխատակցի համար տեսանելի չէ, քանի որ դեղատոմսում այդպիսի բաժին չկա:
Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, ի՞նչ անի, եթե իր դեղն էլեկտրոնային դեղատոմսով է ստանում:
Ալերգիայի սրացման դեպքում, երբ անձի ինքազգացողությունը կտրուկ վատանում է, ցանկացած դեպքում անհրաժեշտ է զանգահարել շտապօգնություն, քանի որ դեղը պետք է ներարկվի բացառապես բժշկի կողմից, նրա հսկողությամբ: Ինչ վերաբերում է հակաալերգիկ` հակահիստամինային դեղերին, ապա դրանցից ոչ մեկը դեղատոմսով չէ:
Եթե պացիենտն ունի հորմոնակախյալ հիվանդություն եւ մշտապես ընդունում է, օրինակ, վահանաձեւ գեղձի հորմոն, դեղն ինչո՞ւ է դարձել էլեկտրոնային դեղատոմսով:
Ցանկացած դեղ, անգամ եթե երկարաժամկետ ընդունման է, պահանջում է ժամանակ առ ժամանակ բժշկի խորհրդատվություն եւ հետազոտություններ, քանի որ երկարատեւ դեղ ընդունելու դեպքում կարող է առաջանալ թե՛ դեղը փոխելու, թե՛ դեղաչափի ճշգրտման անհրաժեշտություն:
Չկա մի դեղ, որը նշանակվում է միեւնույն դեղաչափով եւ առանց փոփոխության ամբողջ կյանքի ընթացքում: Ավելին` պացիենտը կարող է կյանքի ընթացքում ունենալ այլ հիվանդություններ, որոնց դեպքում կարող է վերանայվել նշանակված դեղը եւ դեղաչափը: Կա երկարաժամկետ դեղատոմսի հնարավորություն, որը թույլ է տալիս դուրս գրել դեղ` 180 օրվա համար, ինչի դեպքում ցանկալի է տարին առնվազն 2 անգամ բժշկի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` նաեւ հետազոտություն:
Էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի՞ բարդացնում բժշկի աշխատանքը եւ ծանրաբեռնվածությունը:
Էլեկտրոնային եղանակով դեղի դուրսգրումը տեւում է 2-3 րոպե: Թղթային դեղատոմսը դուրս գրելը ոչ պակաս ժամանակատար է, ենթադրում է նաեւ մատյանների լրացում: Համակարգը նաեւ հնարավորություն է տալիս բժշկին նույն պացիենտի համար հաջորդ այցի ժամանակ ավելի արագ եւ մի քանի հպումով դուրս գրել դեղատոմսը: Բացի այդ, թղթերի, մատյանների, ստորագրությունների, կնիքների անհրաժեշտություն չի առաջանում, եւ պացիենտը բժշկի սենյակից ուղիղ դիմում է դեղատուն:
Շտապօգնության բժիշկը կարո՞ղ է դուրս գրել էլեկտրոնային դեղատոմս:
Շտապօգնության բժիշկը որեւէ դեղ դուրս չի գրում, քանի որ տվյալ պահին ախտորոշում իրականացնելը եւ երկարաժամկետ նշանակում անելը չի մտնում շտապօգնության բժշկի պարտականության մեջ: Նա տեղում գնահատում է պացիենտի վիճակը. եթե վերահսկելի է, ցուցաբերում է անհրաժեշտ բուժօգնությունը կամ կազմակերպում է հոսպիտալացումը համապատասխան բուժհաստատություն:
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արեւելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ եւ հմտություններ» ծրագրի փորձագետներին:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի շրջանակում իրականացվելու է հետազոտություն կրթական տարբեր մակարդակներում՝ համակարգի գնահատման եւ ոլորտում կարողությունների զարգացման նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են կրթական բարեփոխումների համատեքստում ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները, որոնք փորձագիտական խմբի հետազոտության եւ վերլուծության անհրաժեշտություն ունեն:
«Հայաստանում կրթական բոլոր մակարդակներում մեծածավալ բարեփոխումներ են ընթանում, եւ անհրաժեշտ է քննարկել հնարավոր ուղղությունները, որոնք հետազոտության անհրաժեշտություն ունեն: Արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով մենք կարեւորում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը հակիրճ ներկայացրել է կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Նրա խոսքով՝ նախադպրոցական կրթական համակարգում ներդրվել են կրթական նոր չափորոշիչը եւ մանկավարժական կարողությունների զարգացման նոր ծրագրերը: Փոխնախարարն ընդգծել է՝ այս տարվանից մեկնարկել է ՀՀ բոլոր դպրոցներում հանրակրթության նոր չափորոշիչի ներդրման գործընթացը:
«Մեզ համար կարեւոր իրադարձությունն էր Տավուշի մարզում չափորոշիչի փորձարկման արդյունքների գնահատումը Համաշխարհային բանկի միջազգային փորձագետների կողմից: Անկախ գնահատումը ցույց է տվել, որ Տավուշում կրթական արդյունքի 6 ամսվա դինամիկա ունենք՝ մյուս մարզերի համեմատ: Սա մեզ համար շատ հաջողված ցուցանիշ է»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:
Ըստ Արաքսիա Սվաջյանի` չափորոշիչի հիմնական նպատակը դպրոցներում կրթության որակի բարձրացումն է, եւ այս ուղղությամբ մի շարք գործընթացներ են իրականացվել, մասնավորապես՝ ներդրվել է ուսուցիչների կարողությունների զարգացման նոր համակարգ, վերանայվել է դպրոցների կառավարման մեխանիզմը՝ ուսուցման բովանդակային կառավարումն առանձնացնելով վարչատնտեսական մասի կառավարումից:
ՊԱՏՃԱՌԸ ՊԱՐԶՈՒՄ ԵՆ
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղում գյուղացիներին պատկանող բազմաթիվ խոզեր հիվադանալով սատկել են։ Գյուղացիները կասկածում են, որ անասունների անկման պատճառը խոզերի աֆրիկյան ժատախտ հիվանդությունն է: Մարտի 11-ին տեղեկատվական հարցում ենք ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին՝ նրան հարցնելով՝ ներկայումս Տավուշի մարզի որ բնակավայրերում են խոզերի անկման դեպքեր, որ բնակավայրերում քանի խոզ է սատկել, անկման դեպքերը աֆրիկյան ժանտախտ, թե այլ հիվանդության հետեւանք են։ Մարտի 18-ին Տավուշի մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «2024 թվականի հունվար ամսից Նոյեմբերյան համայնքի Կոթի եւ Բարեկամավան բնակավայրերում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր։ Սահմանված կարգով անկված կենդանիներից վերցվել են փորձանմուշներ եւ ուղարկվել հանրապետական լաբորատորիա՝ անկման պատճառները ուսումնասիրելու նպատակով։ Անկված կենդանիների գլխաքանակները եւ սեռահասակային խմբերը ճշտվում են։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել սննդամթերքի անվտանգության Տավուշի մարզային կենտրոն եւ Նոյեմբերյանի համայնքապետարան»։
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ՉԱՍԱՑ
Մարտի 18-ին՝ Ոսկեպարի մշակույթի տանը Ոսկեպարի, Ոսկեվանի, Բաղանիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը անկեղծ է խոսում, ասաց, որ Ադրբեջանը պնդում է, որ իրեն հանձնեն նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները, ադրբեջանական զինուժի օկուպացիայի տակ է գտնվում Հայաստանի 31 գյուղերի տարածքներ, ադրբեջանցիներն իրենց ասում են, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները գյուղերի բնակելի հատվածներ են, ադրբեջանական կողմը պնդում է, որ սկզբից հանձնվեն գյուղերի բնակելի մասերի տարածքները։ Իրականում ադրբեջանական զինուժի օկուպացիայի տակ ոչ թե 31, այլ առնվազն 35 գյուղերի մեծ տարածքներ են գտնվում; Կառավարության կողմից հրապարակված այդ 31 գյուղերի ցանկի մեջ չկան Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Դովեղ, Բերդավան գյուղերը, որոնց մեծ տարածքները շուրջ 30 տարի գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ։ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում չասաց, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան, Բերդ համայնքների բնակավայրերից մոտ 10 հազար հեկտար տարածք մոտ 30 գտարի գտնվում է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ. ինչո՞ւ ինքը պահանջ չի դնում հայ-ադրբեջանական սահմանագծումն ու սահմանազատումը սկսել այդ տարածքների դեօկուպացիայից, այլ ցանկանում է Ադրբեջանին հանձնել նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ