Կինոաշխարհի ամենահեղինակավոր «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը, որը սահմանվել է ամերիկյան կինոակադեմիայի կողմից, առաջին անգամ կայացել է 1929 թվականի մայիսի 16-ին Լոս Անջելեսի հոլիվուդյան «Ռուզվելտ օթել»-ում:
15 րոպե տեւած մրցանակաբաշխությանը մասնակցել է 250 հոգի, որոնք տոմս են ձեռք բերել՝ 5-ական դոլար վճարելով: Արարողության հանդիսավարն է եղել այն ժամանակ ամենաճանաչված ամերիկացի դերասաններից Դուգլաս Ֆերբենքսը:
Առաջին մրցանակաբաշխության ժամանակ տրվող մրցանակները «Օսկար» չեն կոչվել, այլ «Պատվավոր հիշատակում»:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջին «Օսկար»-ին արժանացել է «Թեւեր» համր ֆիլմը, որը նկարահանվել է 1927 թվականին եւ ընդգրկված է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում:
Այսօր «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում մրցանակ է տրվում հիմնական 24 անվանակարգերում, ինչպես նաեւ հատուկ մրցանակներ՝ «Օկար բացառիկ նվաճումների համար» եւ «Ջին Հերշոլտի անվան մրցանակ» անվանակարգերում:
Մրցանակաբաշխության անվանակարգերն են «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Լավագույն օպերատրական աշխատանք», «Լավագույն բնօրինակ սցենար», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն ձայնային մոնտաժ», «Լավագույն հնչյունավորում», «Լավագույն հնչյունավորում», «Լավագույն դիմահարդարում», «Լավագույն հանդերձանքի դիզայն», «Լավագույն բեմադրող նկարիչ», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն երգ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Լացագույն գեղարվեստական կարճամետրած ֆիլմ», «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» եւ «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ»:
Նախկինում մրցանակներ են հանձնվել նաեւ անչափահաս դերասանին, պարուսույցին եւ ռեժիսորի օգնականին, ինչպես նաեւ լավագույն տիտրերի, բնօրինակ պատմության եւ նորարարության համար:
«Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում գրանցվել են բազմաթիվ ռեկորդներ եւ փաստեր, որոնցից կարելի է նշել հետեւյալները.
ամենաշատը «Օսկար» արձանիկ է ստացել Ուոլթ Դիսնեյը, որը 59 անգամ առաջադրվել է եւ ստացել 26 մրցանակ: Դերասաններից ամենաշատը «Օսկար»-ի է ներկայացվել Ջեք Նիկոլսոնը, որը 12 անգամ առաջադրվել է Օսկարի եւ 8 անգամ հաղթել, իսկ դերասանուհիներից ամենաշատը նոմինացվել է Մերիլ Սթրիփը՝ 21 անգամ եւ ստացել 3 մրցանակ:
«Օսկար»-ի մրցանակի արժանացած ամենատարեց դերասանը Քրիստոֆեր Փլամմերն է, որը 2012 թվականին «Օսկար»-ի արձանիկի է արժանացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:
Ռեժիսորներից ամենաշատը արձանիկի է արժանացել Ջոն Ֆորդը՝ ստանալով 4 մրցանակ:
«Օսկար» մրցանակաբաշխության պատմության ընթացքում 5 կարեւորագույն մրցանակներին միաժամանակ արժանացել է 3 ֆիլմ՝ «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (It happened one night -1934), «Թրիչք կկվի բնի վրայով» (One flew over the cuckoos nest – 1975) եւ «Գառնուկների լռությունը» (The silence of the lambs – 1991):
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Հայաստանի նկարիչների միությունը, արժեւորելով բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի թողած մշակութային ժառանգությունը, ցուցահանդեսով կներկայացնի նրա բազմաբնույթ աշխատանքները:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 22-ին:
Արշալույս Չիֆլիկյանը երեւույթ է հայ կերպարվեստում. նկարիչ, գրող, հանրագիտակ, հմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։
Նրա ներկայությունը կար մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա եւ այլն:
Արշալույս Չիֆլիկյանը դպրոց է հաճախել 13 տարեկանում։ Ուսումնառության տարիներին ապրել է Գայֆեճյանի բնակարանում։ Այդ շրջանը հարուստ է եղել մտավորականության հետ հանդիպումներով՝ գրողներ, արվեստագետներ, երաժիշտներ, դերասաններ, գիտնականներ, հասարակական գործիչներ եւ այլք: Դա մեծ ազդեցություն է թողել նրա վրա: Ընդունվել է «Գեղարդ» նկարչական ուսումնարան, որտեղ դասավանդում էին հայ կերպարվեստի ճանաչված անունները՝ Սեդրակ Առաքելյանը, Ստեփան Աղաջանյանը, Գաբրիել Գյուրջյանը, թատերական նկարչության գծով՝ Ստեփան Թարյանը։
1936 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը։ 1953 թվականին Հրաչյա Ղափլանյանը նրան հրավիրում է Երեւան՝ Պատանի հանդիսատեսի թատրոն՝ ձեւավորելու Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաքը» պիեսի ներկայացումը: 1938-1953 թվականներին եղել է Մցխեթի պետական թատրոնի, 1953-1956 թվականներին՝ Երեւանի պատանի հանդիսատեսի կինոթատրոնի բեմանկարիչ, 1956-1974 թվականներին՝ նկարիչ-բեմադրող հայկական հեռուստաստուդիայում: Ձեւավորվել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», Շիլլերի «Ավազակներ», Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաք», Գայդարի «ՌՀԽ», Նար-Դոսի «Ես եւ նա», Ալեքսանդր Արաքսմանյանի «Մեսրոպ Մաշտոց», Բ. Նուշիչի «Երկու գող» բեմադրությունները, «Սայաթ-Նովա» ֆիլմը:
Արշալույս Չիֆլիկյանը նաեւ տիկնիկային ներկայացումների ձեւավորումներ է իրականացրել։ Ստեղծել է բնապատկերներ, դիմանկարներ, թեմատիկ պատկերներ:
Չիֆլիկյանը կարծում էր, որ նկարիչը պետք է լիակատար ազատություն ունենա, ինչի համար անհրաժեշտ է տիրապետել իմացաբանությանը (գնոսեոլոգիա), գեղագիտությանը (էսթետիկա) եւ բարոյագիտությանը (էթիկա)։
Չիֆլիկյանն իր ստեղծագործական մեթոդը հետեւյալ կերպ է ձեւակերպել. «Յուրաքանչյուր գույնի մեջ կան երանգներ, որոնք արտահայտում են տարբեր տրամադրություններ՝ ուրախություն, տխրություն, կարոտ, սեր։ Նկարիչը միշտ պետք է հետեւի գույնի ընտրությանը տարբեր թեմաներ արծարծելիս։ Դա այն է, ինչին ես ձգտում եմ»։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 26-ը:
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Ժիրոնա»-ն:
Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների՝ իսպանական ակումբը հետեւում է հայ կիսապաշտպանի ելույթներին, եւ հնարավոր է, որ Սպերցյանն արդեն գալիք ամռանը կտեղափոխվի իսպանական ակումբ:
Ավելի վաղ լուրեր կային, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Յուվենտուս»-ը:
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 5 ՄԱՐԶԻԿՈՎ
Հայ ծանրորդները Թաիլանդում կայանալիք աշխարհի գավաթի հերթական փուլին կմասնակցեն 5 մարզիկով:
Թաիլանդում կայանալիք վարկանիշային աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Անդրանիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը:
Հայաստանը Փարիզի օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռեւս հայտնի չեն:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամ է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:
ՈՒԺԵՂ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ ԵՆ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի կարծիքով՝ Կոսովոն եւ Չեխիան ուժեղ մրցակիցներն են, եւ նրանց դեմ խաղը ցույց կտա ընտրանու ուժեղ եւ թույլ կողմերը:
«Ամեն խաղի մենք պայքարում ենք հաղթանակի համար, ու ես կարծում եմ, որ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի մեր խմբից: Եվ մենք ամեն ինչ փորձելու ենք անել, որ կարողանանք դուրս գալ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը: Վերջինիս խոսքով` Կոսովոն եւ Չեխիան ուժեղ մրցակիցներ են:
«Մարզիչներն են ընտրել ուժեղ մրցակիցներ, որպեսզի խաղալով ուժեղ մրցակիցների դեմ` կարողանան տեսնել մեր թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը: Մեզ համար չկա ընկերական խաղ. պետք է փորձենք հաղթել երկու խաղում էլ»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 22-ին Երեւանում կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ մարտի 26-ին արտագնա մրցախաղ կունենա Չեխիայի հետ: