5 ՏԱՐԻ Է՝ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՉԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատապարտյալները ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, մեծ բունտ է հասունանալու: Մասնավորապես, ըստ դատապարտյալների, 2023 թվականի նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով  հարցին, թե ինչո՞ւ 5 տարի է` ՀՀ իշխանությունները համաներում չեն հայտարարում, ասել էր. «Ես, որ 2011 թվականին քրեակատարողական հիմնարկից դուրս եմ եկել համաներմամբ, ուզում եմ ասել, որ համաներումն արդյունավետ ինստիտուտ չեմ համարում, քանի որ ես այն տեսել եմ ներսից։ Շատ դեպքերում համաներմամբ դուրս եկած մարդիկ մի քանի ամսվա ընթացքում վերադառնում են` նոր հանցանքներ կատարելու պատճառով»:

Ըստ նրա` այս դեպքում ավելի նպատակահարմար է կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը, այսինքն՝ մեխանիկորեն բաց չթողնել, այլ անհատական մակարդակով գնահատել, թե արդյոք կոնկրետ անձը կարո՞ղ է գտնվել ազատության մեջ, թե՞ ոչ։

Եվ ահա, ըստ դատապարտյալների, Վճռաբեկ դատարանի կողմից 2024 թ. փետրվարի 22-ին կայացվեց մի վատթարացնող որոշում, որով ավելի ծանրացավ դատապարտյալների վաղաժամկետ ազատման գործընթացը, եւ նախկինում կատարված հանցագործությունների համար օրենսգրքով պատժի պայմանական կրումից ազատվելը դարձավ անձանց հանդեպ անհավասար մոտեցում, ինչով խախտվեց նրանց իրավունքները։ Այսինքն՝ մինչեւ 22.02.2024 թվականը ով վաղաժամկետ ազատվեց՝ ազատվեց. իսկ նույն արարքը կատարած անձը, ում վաղաժամկետ ազատման ժամկետը 22.02.2024թ.-ից հետո է լրացել, նա պետք է պատիժ կրի մնացածի փոխարեն:

«Սա  մեր վիճակը վատթարացրել է, եւ աղմուկը անխուսափելի կլինի. մենք կռիվ ենք տալիս պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, իսկ սրանք ավելի են ամեն ինչ բարդացնում»:

Իսկ ի՞նչ որոշում  է կայացրել Վճռաբեկ դատարանը. բանն այն է, որ քրեական օրենսգրքի փոփոխութուններից հետո դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման հարցը առավել բարեկարգվել էր, ու դատապարտյալները վստահ էին, որ դատարանը նոր օրենսգրքով  կառաջնորդվեր, եւ իրենք ավելի շուտ ազատ կարձակվեին, սակայն Վճռաբեկ դատարանը որոշել է, որ նոր  քրեական օրենսգրքի փոփոխությունը չի ազդի դատապարտյալների վրա, եւ նրանք կշարունակեն կրել իրենց պատիժը հին օրենսգրքի չափանիշներով:

 

 

 

 

Անահիտ Ավանեսյանին կարծես թե չի փրկում ՔՊ-ական դառնալն ու կուսակցական ժողովներին ակտիվ մասնակցությունը։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրապարակային կերպով անհարման դրության մեջ դրեց Անահիտ Ավանեսյանին՝ հարց ուղղելով նախարարության ենթակայության տակ գտնվող բուժկենտրոններում բժիշկների աշխատաժամանակի մասին, որ նրանք 32 ժամ են աշխատում։ Ու թեեւ Ավանեսյանը կոչ արեց պատգամավորին կոնկրետ դեպքեր ներկայացնել, որպեսզի քննեն ու հասկանան կատարվածը, Ալեքսանյանը դրանից հետո էլ նախարարին «հանգիստ չտվեց», ընդհակառակը՝ կսմիթով ասաց, որ ինքը «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն հարցում է ուղարկել, եւ որ պատասխանի մի մասը չի ստացել, քանի որ համարել են առեւտրային գաղտնիք։ Ալեքսանյանի այս պահվածքը, թերեւս, պատահական չէ. որոշ ժամանակ առաջ էլ նա նույն կերպ Ավանեսյանին հարցուպատասխանի ժամանակ անհարմար դրության մեջ էր դրել. թե ինչ են նշանակում Ավանեսյանի դեմ ՔՊ փոխնախագահի պարբերական բնույթ ստացող արշավանքները, մնում է միայն ենթադրել։ Մանավանդ, որ մասնագիտությամբ իրավաբան առողջապահության նախարարը ձախողել է ոլորտը. ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ էլ հստակ չկարողացավ իրավական հարցերի վերաբերյալ պատասխան տալ։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմությունն առաջիկայում մտադիր է վերսկսել փողոցային պայքարը. խոսքը, մասնավորապես, «Հայաստան» խմբակցության մասին է: Մեր տեղեկություններով՝ այս օրերին ընդդիմադիրները պարբերաբար հանդիպումներ են ունենում ու փողոցային պայքարի ծրագիրը քննարկում, թե ինչպես պետք է հասնեն գործող իշխանությունների հեռացմանը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ ընդդիմադիրները, սկզբնապես, մտադիր են ակցիաները վերսկսել ապրիլից: Նկատենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին շրջանում պարբերաբար նաեւ այցելում են մարզեր ու հանդիպում բնակիչների հետ, քննարկում անվտանգային խնդիրները: Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումները նաեւ նպատակ ունեն մարզերի բնակիչներին եւս ներգրավել փողոցային պայքարի գործընթացին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝  փողոցային պայքարի շուրջ լայն կոնսոլիդացիա ձեւավորելու նպատակով քննարկումներ են ընթանում նաեւ արտախորհրդարանական տարբեր ուժերի եւ գործիչների հետ:

 

 

 

Դատական համակարգը մարտի 29-ին կրկին հավաքվելու է՝ կարեւոր ժողովի։ Մասնավորապես՝ ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամ, որտեղ միակ թեկնածուն դատավոր Վազգեն Ռշտունին է,  եւ նա, ըստ դատական համակարգի, միաձայն էլ կանցնի։ Բացի այդ, ժողովին ընտրելու են ՍԴ թեկնածու, ինչպես նաեւ դատավոր Սերգեյ Մարաբյանի հրաժարականից հետո թափուր է մնացել Դատավորների ընդհանուր ժողովի՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ասել է թե՝ ժողովը թեժ է լինելու։ Սակայն, դատական համակարգում կարծում  են, որ «կռիվը» տեղի կունենա ՍԴ թեկնածուի ընտրության ժամանակ։ Բանն այն է, որ ՍԴ դատավոր դառնալու համար իր թեկնածությունն է կրկին առաջադրել  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր. դատավորները նրան չընտրեցին եւ 158 ձայն բաշխեցին Դավիթ Բալայանին, սակայն, Բալայանին ՔՊ-ն չընտրեց: Տեսնենք, թե այս անգամ դատական համակարգը ինչպե՞ս կքվեարկի։




Լրահոս