ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է Տավուշում ստեղծված իրավիճակի, ընդդիմության անելիքների և մանդատները վայր դնելու հավանականության մասին:
-Տիկին Կյուրեղյան, Նիկոլ Փաշինյանն արդեն հաստատել է, որ Տավուշի մարզում սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ են կատարվելու, Ադրբեջանը մեզանից չորս գյուղ է պահանջում, օրեր առաջ էլ գնացել էր տավուշցիներին ահազանգ տալու, որ նոր զիջումների է Հայաստանը պատրաստվում: Ինչպես հանդիպման մասնակից քաղաքացիները լրատվամիջոցների հետ զրույցում պատմեցին, հանդիպման ժամանակ վարչապետը քաղաքացիներին վախեցրել է, որ եթե չտանք, Ադրբեջանն ու Թուրքիան մեր դեմ նոր պատերազմ են սկսելու: Ի՞նչ է սպասվում Տավուշում:
-Մի շատ կարեւոր նախադասությունից սկսեցիք՝ մենք սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ ենք տանում, եւ Ադրբեջանը պահանջում է այս չորս գյուղերը: Իրականում մեր մտահոգությունները այն մասին, որ իշխանությունները Ադրբեջանի պահանջները հերթով կատարելով առաջ են գնում, հենց դրա ապացույցն է: Եթե ընթանում են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ, դա ենթադրում է, որ պետք է երկար տարիների աշխատանք լինի. միջազգային լավագույն փորձը սահմանազատման եւ սահմանագծման մեկ-երկու ամսում չի իրականացվում: Չկա նման որեւէ փորձ, այինքն՝ սահմանազատման, սահմանագծման աշխատանքները դրվել են մի կողմ, պարզապես այս մարդը համաձայնել է, որոշել է հանձնել այդ գյուղերը: Եթե հիշենք նաեւ, որ Ալիեւն արդեն հայտարարել է, որ 2018 թվականին դեռեւս իրենք ստացել են այս իշխանությունների համաձայնությունը այդ տարածքների հանձնման, ապա էլ ի՞նչ ստախոսության կարիք կա, թող միանգամից ասի՝ 2018 թվականին հանձնել եմ: Ցավոք սրտի, մեր մտահոգությունները այդ առումով հաստատվեցին: Տավուշում մենք ունենք մեր զորամասերի ամենակահավորված, ամենաապահով տարածքները, եւ ամբողջ հարցն այն է, որ մենք տալիս ենք ամենաապահովված, ամենակահավորված տարածքը նաեւ:
-Տիկի՛ն Կյուրեղյան, իշխանությունների որդեգրած քաղաքականությունը արդեն պարզ է, բայց ընդդիմադիրները կարծես դիտորդի կարգավիճակ են որդեգրել: Ո՞րն է այս գործելաոճի պատճառը, ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկում: Ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է, որ թույլ չի տա, որ նոր տարածքների զիջում լինի. ի՞նչ է անում ընդդիմությունը:
-Շատ կարեւոր հարց եք բարձրացնում. ցավոք սրտի, ռազմական կամ որեւէ կերպ հակադարձումը Ադրբեջանին իշխանության գործառույթն է, որեւէ ընդդիմադիր ուժ չունի մեր ռազմական ուժերը ղեկավարելու հնարավորություն, լիազորություն, եւ մենք ընդամենը կարող ենք մեր հանրությանը ոտքի կանգնեցնելու գործառույթը իրականացնել: Ոչ թե չի արվում, այլ չի հաջողվում. դրանք տարբեր են:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՏԱՎՈՒՇԻ ԳՅՈՒՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը մտադիր է Տավուշի մարզից գյուղեր հանձնել:
Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին:
Վարչապետը նկատեց՝ ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը: Ըստ նրա՝ պետք է այդ դեպքերում հորդորել կամ պահանջել, որ նման բան ասողներն ասեն, թե Տավուշի մարզի ո՞ր գյուղերի մասին է խոսքը:
«Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դելիմիտացիան սկսել հետեւյալ հատվածում. ՀՀ-ի կողմից այն տարածքը, որից պետք է սկսել, գյուղի մասին չէ, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի: Չպետք է շփոթել. այդ գյուղերի դիմաց գտնվող սահմանների ամբողջական դելիմիտացիային մենք պատրաստ ենք: Հայաստանի կողմից՝ Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում: Նույն գյուղերը չեն սրանք, Խորհրդային միության ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյություն է ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում՝ Բաղանիս գյուղ: Հաջորդը՝ Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ եւ Ոսկեպարի դիմաց գտնվող սահմանը, որը մոտավորապես ադրբեջանական Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է: Հաջորդը՝ Հայաստանից կողմից Կիրանց գյուղ եւ նրա դիմաց գտնվող ադրբեջանական Խեյրիմլի գյուղ, սրանք նույն գյուղերը չեն: Հայաստանի կողմից Բերքաբեր գյուղ եւ նրա դիմաց գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կըզըլ Հաջիլի գյուղի հետ: Ընդ որում՝ Կըզըլ Հաջիլի գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, երեկ էլ, 20 տարի առաջ էլ»,-ասաց Փաշինյանը:
Մատնացույց անելով Հայաստանի քարտեզը՝ վարչապետը շեշտեց, որ Բաղանիս գյուղը գտնվում է այդ քարտեզի մեջ, Բաղանիս Այրում գյուղը դուրս է եւ միշտ դուրս է եղել: ԽՄ ժամանակ Բաղանիս Այրում գյուղը դուրս է եղել այս քարտեզից, իսկ Բաղանիս գյուղը միշտ եղել է, կա եւ կմնա այդ քարտեզի մեջ: «Ոսկեպար գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ եւ միշտ կմնա այս քարտեզի մեջ, Աշաղի Ասկիպարան միշտ դուրս է գտնվել այս քարտեզից դուրս եւ այսօր էլ դուրս է: Կիրանց գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ եւ միշտ կլինի դրա մեջ: Խեյրիմլի գյուղը դուրս է այս քարտեզից եւ միշտ դուրս է եղել: Բերքաբեր գյուղն այս քարտեզի մեջ է եւ միշտ կմնա այս քարտեզի մեջ: Կըզըլ Հաջիլի գյուղը դուրս է եղել միշտ այս քարտեզից, այսօր էլ դուրս է: Աշաղի Ասկիպարա բնակավայրը, որի մասին այդքան մտահոգվում ենք, Ոսկեպարի դիմացի ադրբեջանական բնակավայրն է, այսօր նույնպես գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, միշտ էլ գտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո, ԽՄ ժամանակ եղել է Ադրբեջանի Հանրապետության մաս: Ոսկեպար գյուղի մասին խոսք չկա. այլ բան, որ, ինչպես բարձրաձայնվեց, սահմանի դելիմիտացիայի հատվածների հետ կապված՝ Ոսկեպարի անվտանգության հետ կապված խնդիրներ կան»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց՝ ընդ որում, Ոսկեպարի բնակիչները չեն վիճարկում իր ցույց տված քարտեզը, չեն ասում, թե սխալ քարտեզ է ներկայացնում:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է
2018 թվականի ապրիլի 15-ին Երեւանի Ֆրանսիայի հրպարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում պետք է ձեւավորվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որի ղեկավարի պաշտոնի առաջադրում կարող է անել միայն ընդդիմությունը»: Այս խոստումը ծայրից ծայր սուտ դուրս եկավ: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց իրավիճակը եւ արձանագրում է, որ 24.03.2021թ., «Ազգային ժողովն ընդունեց օրենք հակակոռուպցիոն կոմիտեի մասին»։ Օրենքում նշված չէր, որ պետք է կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջադրի ընդդիմությունը։ Օրենքն ընդունվեց միայն ՔՊ-ականների 80 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։ Այնուհետեւ 16.08.2021թ. 3 թեկնածու առաջադրվեցին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար՝ Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը եւ Դավիթ Ռուբենի Մկրտումյանը: Մոտ մեկ ամիս անց՝ 10.09.2021թ., հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը 3 թեկնածուներին էլ հայտարարեց մրցույթը հաղթահարած եւ ուղարկեց կառավարությանը։ Կառավարության՝ 16.09.2021թ. որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Այսինքն՝ խոստումը, որ միայն ընդդիմությունը կարող է առաջադրել հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի պաշտոնում, չկատարվեց, եւ Նիկոլ Փաշինյանը էլի խաբեց ՀՀ քաղաքացիներին:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Ռուսաստանը լուրջ դերակատարում ունեցավ Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու գործում, առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, «Հարավային Կովկաս. միտումներ եւ հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար, պատմաբան Արիֆ Յունուսովը: Իհարկե, Յունուսովը դրա մասին ոչ մի ապացույց չի ներկայացրել։ Նա պարզաբանել է, որ դա վերաբերում է ինչպես 2020, այնպես էլ 2023 թվականների ռազմական գործողություններին։
Յունուսովը ուշագրավ է անվանել, որ ռուս խաղաղապահները չեն լքել Ղարաբաղը։
«Ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, եթե Ռուսաստանում իշխանություն փոխվի կամ Ռուսաստանը փլուզվի։ Ադրբեջանցի լիբերալները վստահ են Ուկրաինայի հաղթանակում եւ կարծում են, որ դա կբերի իշխանափոխության նաեւ Ադրբեջանում։ Ալիեւի ռեժիմը սերտորեն կապված է Ռուսաստանի իշխանությունների հետ»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Յունուսովն ու կինը մի քանի տարի առաջ վտարվել էին Ադրբեջանից եւ տեղափոխվել Եվրոպա։