ՄՈՍԿՎԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԶՀԵՏԵ ՄԱՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքներից մեկն էլ հետխորհրդային տարածքում կտրուկ փոփոխությունների արձանագրումն է մի շարք երկրներում, որոնք նախկինում եղել են Ռուսաստանի անմիջական ազդեցության գոտում։

 

Հետեւաբար այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում, կարելի է տեղավորել ռուս-ուկրաինական հակամարտության կոնտեքստում, որը, ըստ էության, նոր փուլ է բացում հետխորհրդային երկրների պատմության մեջ։

Այդ կարծիքը «Հարավային Կովկաս. միտումներն ու հեռանկարներն ուկրաինական պատերազմի համատեքստում» խորագրով գիտաժողովի ժամանակ հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ռուս-ուկրաինական հակամարտության անկանխատեսելի հետեւանքները թույլ են տալիս եզրակացնել, որ գլոբալ աշխարհաքաղաքականության համատեքստում փորձ է արվում իրադարձությունները հետայսու դարձնել կառավարելի։ Այդ հակամարտության համար նախադրյալներ են հանդիսացել դեռեւս 1990-ական թվականներին հետխորհրդային տարածքում բռնկված կոնֆլիկտները. ուստի բնական է, որ պետություններն այսօր փորձում են իրենց զերծ պահել կամ պաշտպանվել նոր էսկալացիաներից։ Նրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ դարձել են ավելի զգուշավոր, ինչին զուգահեռ հետխորհրդային տարածքի որոշ երկրներն իրենց անվտանգության համար փնտրում են այլընտրանքային երաշխիքներ եւ հույս են կապում այլ դաշինքների հետ»,- ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ գլոբալ զարգացումները մեծապես կախված են նաեւ աշխարհագրական գործոնից, եւ այդ տեսակետից հետխորհրդային տարածքի արեւելյան ու հարավային հատվածները դարձել են միջազգային քաղաքականության կորիզը։

«Կոնկրետ հարավկովկասյան երկրների քաղաքականությունն ավելի բազմաշերտ է։ Վրաստանը սերտորեն ինտեգրվել է եվրոպական կառույցներում, իսկ Հայաստանը դեռ չունի երաշխիքներ, որ կստանա ուղիղ աջակցություն եվրոպական երկրներից, եթե նրա տարածքային ամբողջականությունը վտանգվի։ Ադրբեջանն իր հերթին լիովին օգտվեց այն հանգամանքից, որ Ռուսաստանն իր հիմնական ուժերը կենտրոնացրել է ուկրաինական ճակատում, հետեւաբար լուծեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը՝ տոտալ էթնիկ զտման ենթարկելով արցախահայերին, թեեւ մյուս կողմից պահպանեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությունը վիճահարույց տարածաշրջանում։ Որպես արդյունք՝ պատերազմից հետո Հայաստանը հետզհետե լքում է ռուսական տիրույթը, Մոսկվայի ազդեցությունը հետզհետե մարում է, որովհետեւ Ռուսաստանը կորցրել է տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորի դերակատարությունը եւ, որպես միջնորդ, այլեւս ոչինչ չունի առաջարկելու Ադրբեջանին, որը զավթել է Լեռնային Ղարաբաղը, եւ ոչինչ չունի առաջարկելու նաեւ Հայաստանին, որը կորցրել է Լեռնային Ղարաբաղը եւ ստիպված անվտանգային երաշխիքներ է փնտրում հետխորհրդային տարածքից դուրս»,-նշեց Կովկասի ինստիտուտի տնօրենը։

«Chatham House» կազմակերպության՝ «Ռուսաստան եւ Եվրասիա» ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսը նշեց, որ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմն այս տարածաշրջանում Արեւմուտքի ազդեցության տարածման համար տվեց նոր խթան։ Այն կառույցները, որոնք ապահովում էին անվտանգությունը, պարզապես փլուզվեցին եւ Ռուսաստանն ու Թուրքիան առաջարկում են նոր ելքեր ստեղծված իրավիճակից։

«Եվրոատլանտյան դաշինքն իր հերթին հասկացավ, որ կարող է հետխորհրդային տարածքում ավելի արդյունավետորեն մրցակցել իր ազդեցությունը հետզհետե կորցնող Ռուասաստանի հետ, հետեւաբար Հարավային Կովկասում նույնպես այդ մրցակցությունը սրվեց, ինչի արդյունքում տեղի երկրների ու Ռուսաստանի միջեւ կապը մասնատվեց։ Մասնատման ամենավառ օրինակն այն է, որ Մինսկի խումբն այլեւս չի գործում։ Հարավկովկասյան զարգացումների մասին այսօր արդեն կարելի է խոսել ոչ միայն Ռուսաստան-Արեւմուտք մրցակցության, այլ ավելի գլոբալ ու բազմաշերտ մրցակցության համատեքստում, որովհետեւ այս տարածաշրջանում առկա են ավելի շատ խաղացողներ։ Կոնկրետ Հայաստանը փորձում է խորացնել հարաբերություններն արեւմտյան գործընկերների հետ՝ վարելով բազմակողմանի քաղաքականություն»,- ասաց Բրոերսը։

Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի՝ Թուրքիայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ավագ գիտաշխատող Վոյցիխ Գորեցկին էլ նշեց, որ Հարավային Կովկասի երկրների հանդեպ վերաբերմունքը միանշանակ տարբեր է, որովհետեւ Հայաստանը դիտարկվում է դեռ որպես պրոռուսական, Վրաստանը՝ արեւմտամետ, իսկ Ադրբեջանը համարվում է մի երկիր, որը հավասարապես փորձում է հեռանալ երկու բեւեռներից։

«Ղարաբաղյան առաջին պատերազմում Ռուսաստանն աջակցեց Հայաստանին, ինչից հետո Երեւանն ակտիվորեն մասնակցեց ինտեգրացիոն գործընթացներին, որոնք նախաձեռնեց ռուսական կողմը, իսկ 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակն արմատապես փոխվեց։ Հարավային Կովկասն այսօր դարձել է գլոբալ խաղացողների մրցակցության հարթակ, որտեղ նրանք ոչ թե ձգտում են պրագմատիկ համագործակցության, այլ հետամուտ են իրենց շահերի սպասարկմանն ու ազդեցության տարածմանը։ Այս միտումը հաշվի չի առնում ներքին քաղաքական դինամիկան՝ հանգեցնելով ճգնաժամային պահերի, մինչդեռ գլոբալ խաղացողները պետք է հաշվի առնեն նաեւ հարավկովկասյան երեք երկրների շահերը»,- նշեց Գորեցկին։

Հավելենք, որ գիտաժողովն անցկացվում էր «Ներգրավելով հայաստանյան հասարակությունը եւ կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձեւավորման մեջ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

«Մենք արձանագրել ենք, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հենքը Ալմաթայի հռչակագիրն է»: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե ինչ հիմքով, ինչ քարտեզով պետք է տեղի ունենա սահմանազատումը եւ սահմանագծումը, եւ եթե հատվածական է այն արվում, ապա այս փուլում որ հատվածի համար այն պետք է այն արվի:

«Հիմա մենք պետք է գնանք եւ դուրս բերենք այն իրավական հիմքերը, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին, հայկական ՀՍՀ-ի եւ ադրբեջանկաան ԽՍՀ-ի միջեւ սահմանի առկայության համար: Այսինքն՝ քարտեզները արտահայտում են իրավական հիմքերը, իրավական հիմքն է կարեւոր, որի  վրա է տեղի ունենում քարտեզագրումը, որպեսզի պատկերացնենք՝ ո՞ր հատվածի վրա է այն տեղի ունենալու, նշեմ, որ այն լինելու է ՀՀ Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր գյուղերի հատվածը, իսկ ադրբեջանական կողմից՝ Բաղանիս-Այրում, Աշաղի-Ասկիպարա-Խեյրիմլի- Կիզիլ Հաջիլի: Այս հատվածում Հայաստանը պատրաստ է ամբողջական սահմանազատում իրականացնել՝ խորհրդային հանրապետությունների իրավասու մարմինների կայացրած որոշումների, տոպոգրաֆիական քարտեզների եւ որոշումների հիման վրա»,- ասաց Փաշինյանը:

 

 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է, որ այս մասին կողմերի միջեւ խորհրդակցություններ են ընթանում։

«Մենք կապի մեջ ենք հայկական կողմի հետ հեռարձակումների մասով, ընթանում են քննարկումներ։ Կարծիքների փոխանակումն ընթացքի մեջ է։ Մեր խնդիրն այն է, որ խնդրահարույց հարցերը կարգավորենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ելնում ենք այն հանգամանքից, որ հենց դրան պիտի ուղղված լինի ներկայացուցիչների գործելաոճը, որոնք ընդգրկված են այդ շփումներում։ Մենք մեր կողմից այդ մոտեցումն ենք որդեգրել»,- ասել է Զախարովան։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի՝ Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված:

 

 

 

 




Լրահոս