Մարտի 26-ին Արգենտինայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուենոս Այրես քաղաքի կառավարության ղեկավար Խորխե Մակրիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել է նաև քաղաքի կրթության նախարար Մերսեդես Միգելը։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առկայությունը։
Նշելով, որ 2000 թվականից ի վեր Երևանն ու Բուենոս Այրեսը հռչակվել են քույր քաղաքներ՝ նախարար Միրզոյանը հավելել է, որ հայ-արգենտինական խորացող հարաբերությունների ֆոնին երկու քաղաքների համագործակցության նոր հեռանկարներ ևս բացվում են:
Ոլորտային համագործակցության համատեքստում հանդիպմանը զրուցակիցները մեծ ուշադրություն են հատկացրել կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, նորարար լուծումների կիրառման հարցում փոխադարձ աջակցության հարցերին։
Երկուստեք կարևորվել են Արգենտինայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանում ակադեմիական քաղաքի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Արարատ Միրզոյանը և Խորխե Մակրին կարևորել են նաև տնտեսական, գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ առկա հնարավորությունների առավելագույնս օգտագործումը և այդ նպատակով հայաստանյան ու արգենտինյան ընկերությունների միջև կապերի հաստատմանն ու ընդլայնմանը նպաստող նախաձեռնությունների կյանքի կոչումը։
Անդրադառնալով Արգենտինայում հայ համայնքի դերին՝ զրուցակիցներն ընդգծել են նաև մշակութային կապերի կարևորությունը՝ հաշվի առնելով, որ Բուենոս Այրեսը դարձել է տարբեր մշակույթների համախմբման կենտրոն, այդ թվում՝ այստեղ բնակվող շուրջ 100 հազար հայերի համար։
Նախարար Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել նախօրեին Բուենոս Այրեսի խորհրդարանում կայացած միջոցառման ժամանակ իրեն «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոսի շնորհման համար, ինչն ավելի է պարտավորեցնում յուրովի նպաստ ունենալ Երևան-Բուենոս Այրես կապերի հետագա զարգացման գործում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակին, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքներին, շարունակվող մարտահրավերին, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերին։