Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Հաշեկը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի մասին: Ազգային թիմերը այսօր ընկերական հանդիպում կանցկացնեն Պրահայում:
«Հայաստանի հավաքականն անկանխատեսելի է, և հաստատ թույլ չէ: Երբ Ուելսում հաղթում ես 4-2 հաշվով, ուրեմն որակյալ թիմ ես: Հայերի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք որակյալ առաջնություններում են խաղում, ինչպես նաև թիմում կան փորձառու խաղացողներ:
Գնդակով նրանք շատ արագ են անցնում գրոհի: Այո, եթե նայենք նրանց արդյունքներին, ապա շատ գոլ չեն խփում, բայց նրանց պաշտպանությունը ճեղքելն էլ հեշտ չէ: Մենք քաջատեղյակ ենք նրանց ունակությունների մասին:
Մենք ասպարեզ ենք դուրս բերելու երիտասարդ շատ ֆուտբոլիստների, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը: Վստահ եմ` երկրպագուները կօգնեն հաղթել այս խաղում»,- Հաշեկի խոսքերը մեջբերում է fotbal.cz-ն:
Չեխիա – Հայաստան հանդիպումը կկայանա Պրահայի «Լետնա» ստադիոնում, կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին։