ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի ահաբեկչությունն ընդգծում Է ծայրահեղականության դեմ պայքարում միասնության անհրաժեշտությունը. Արշակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: Իր ելույթում ԱԺ փոխնախագահը նշել է.

«Նախքան սկսելը՝ մենք պետք է դատապարտենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը և մեր ցավակցությունը հայտնենք զոհերի ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթենք տուժածներին: Սա ընդգծում Է ծայրահեղականության դեմ պայքարում միասնության անհրաժեշտությունը՝ խաղաղության և անվտանգության պահպանման համար:

Խորհրդարանական դիվանագիտությունը հզոր գործիք է գլոբալ հարցերում երկրների մասնակցության, արտաքին քաղաքականության ձևավորման և խաղաղ միջազգային հարաբերությունների ամրապնդման համար:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և պատրաստ է հետագա ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Ադրբեջանի հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների դելիմիտացիային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Այս ջանքերը հիմնված են երկու երկրների ղեկավարների կողմից նախկինում քննարկված և հավանության արժանացած սկզբունքների վրա:

1. Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

2. Ալմա-Աթայի հռչակագիրը քաղաքական հիմք է դելիմիտացիայի գործընթացի համար: Հռչակագրի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ նորանկախ հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, համաձայնել են, որ նրանց միջև նախկին Խորհրդային վարչական սահմանները ճանաչվեն որպես միջպետական սահմաններ:

3. Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն՝ հաշվի առնելով տարանցիկ երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս թեմայի վերաբերյալ Հայաստանի տեսակետներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կհեշտացնի հաղորդակցությունը երկու պետությունների, տնտեսությունների, ժողովուրդների և միջազգային շահագրգիռ կողմերի միջև: Նման մոտեցումը կենսական նշանակություն ունի երկու երկրների և, ընդհանրապես, տարածաշրջանի միջև խաղաղության, բարգավաճման և վստահության ամրապնդման համար:

Վերջում ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանը 2024 թվականի սեպտեմբերին կհյուրընկալի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Սրտանց հրավիրում եմ բոլոր երիտասարդ խորհրդարանականներին մասնակցելու այդ համաժողովին և զգալու Երևանի ու Հայաստանի ժողովրդի հյուրընկալությունը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, շնորհակալություն եմ հայտնում բոլոր պետություններին, ինչպես նաև խորհրդարանականներին, միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»:




Լրահոս