«Թմրամոլությունը և խաղամոլությունը դարձել է օրակարգ»,- ասում է իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը։
Վերջին շրջանում Google Treands-ի հավաքած տվյալներից հասկանում ենք, որ Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերը օնլայն խաղադրույքի կայքերն են։ Իրավապաշտպանը կարծում է, որ սա արդեն կախվածության ցուցանիշ է, ինչին էլ գումարվում է նաև թմրամոլությունը։
Խոսելով ռիսկերի մասին՝ Նինա Կարապետյանցը պնդում է, որ սա կործանիչ ռիսկեր ունի։
«Շատ մեծ ռիսկեր կան։ Հասարակությանը բարոյալքելու, սնանկացնելու, կախվածության մեջ գցելու համար է սա։ Սա կործանարար երևույթ է, հատկապես մեր նման փոքր երկրների և ժողովուրդների համար։ Այս ռիսկերը ունի նաև թմրամիջոցների կտրուկ աճը։ Հատկապես վերջին տարում սրանք մեծ աճ են գրանցել, մինչև անգամ իրավապահներն են արդեն ակնհայտորեն վատ տեքստով խոսում, խոստովանում, որ չեն հասցնում նման քանակի դեմ, ֆիզիկապես չեն հասցնում կանխարգելման պրոցեսներ իրականացնել։ Սա պատահական պրոցես չի, սրանց տարածումը պատահական բնույթ չի կրում, այլ մտածված է։ Թեպետ շատերը կասեն սա Հավանականության տեսություն է, բայց իրապես փոքր երկիրը քայքայելու համար կան հատուկ տեխնոլոգիաներ։ Տեխնոլոգիայի մաս են կազմում և՛ թմրամոլությունը, և՛ խաղամոլությունը, դրանց ակտիվ տարածումը։ Քիչ եկամուտ ունեցող մարդիկ չեն կարող խաղալ, շատ եկամուտ ունեցող մարդիկ գուցե հաճույքի համար փորձեն, բայց երբ մարդիկ խաղի մեջ դնում են իրենց վերջին գույքն ու ունեցվածքը, ծնողների թոշակը, երեխաների սոց նպաստը, դա արդեն կործանարար է»։
Խոսելով նաև բանակում տարածված թմրամոլության և խաղամոլության մասին՝ իրավապաշտպան Կարապետյանցը պնդում է, որ դա ևս այս քայքայիչ տեխնոլոգիայի մի մասն է։ Բարոյալքել մարդկանց, ապակայունացնել վիջակը ներսից կարելի է հենց այսպիսի գործուղություններով։
«Բոլոր այն զորամասերում, որտեղ նման դեպքեր են արձանագրվել, և կան նաև մահվան դեպքեր դրա հետ կապված, այդ զորամասի սպայական կազմը պիտի պատասխանատվության ենթարկվի։ Նրանք այնտեղ ունեն բավարար չափով անձնակազմ՝ նման պրոցեսներ թույլ չտալու և կանխարգեելու համար։ Ոչինչ այդքան սերնդին չի քայքայում, որքան թմրամոլությունը և խաղամոլությունը։ Փակ տարածքում՝ օրինակ բանակում, թույլ տալ դրանց տարածումը, նշանակում է՝ թույլ տալ ավելի քայքայվել, քան մենք ավելի քայքայված ենք այսօր»։
Այն հարցին թե պետություն ինչ միջոցառումներ է անում, որ ոչ մի արդյունք չկա, Կարապետյանցը նշեց, որ աշխատանքներ պետության կողմից տարվում են, սակայն պետք է բացահայտել դրանց՝ Հայաստանում հարտնվելու աղբյուրը, ինչ եղանակով են գալիս։ Իրավապաշտպանի խոսքով՝ թմրանյութը «օդից չի ընկնում», այսքան մեծ քանակ կա Հայաստանում, որ դա կամ անօրինական ճանապարհով է բերվում, կամ Հայաստանում է ստեղծվում, սակայն Հայաստանում ստեղծվելու համար բարձր որակավորմամբ մասնագետներ են անհրաժեշտ։ Ինչ էլ լինի, պիտի բոլոր ճանապարհները փակվեն բերելու, արտադրելու և վաճառելու։
«Մենք աշխատել ենք ոստիկանության հետ, նրանք ահռելի մեծ աշխատանք են տանում, սակայն նման քանակի դեմ դժվար է մինչև վերջ պայքարել։ Նրանք աջակցություն են խնդրում, որ տեղյակ լինելու դեպքում աջակցենք իրենց»։
Իրավապաշտպանը փաստում է, որ այս խնդրի լուծման գործը ոչ միայն իրավապահների վրա է, ալ նաև ընտանիքի։
«Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն երեխաների հարցում․ տրամադրության կտրուկ փոփոխություն, անկումների, երեխաների ինքնամփոփվելու։ Բոլորս սթրեսի մեջ ենք, բայց պետք սթափ լինել։ Բոլորս բոլորիս հանդեպ պետք է ուշադիր լինենք, սա այդ ժամանակաշրջանն է, ուսուցիչ, հարևան, ծնող, ընկեր։ Պետք է իրար հանդեպ ուշադիր լինենք ինչպես պատերազմի ժամանակ, տարբեր արհավիրքների ժամանակ։ Մենք կտրվել ենք իրարից, ամեն մեկս մեր հեռախոսի մեջ ենք, պիտի վերադառնանք ադեկվատ կյանքի։ Չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը գնա քայքայման, սա մեր պետականության հարցին է կպնում նաև»։
Էմմա Միքայելյան