«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են ներկայացնում։
Մի փոքր հետ գնանք եւ վերհիշենք, թե ինչ կատարվեց նախորդ տարեվերջին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուրջ։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ ԿԿՀ անդամ Նարինե Ավետիսյանը ինքնաառաջադրվելուց հետո չընտրվեցին եւ հետո լքեցին ԿԿ հանձնաժողովը։
Այժմ գրեթե 3 ամիս այս հանձնաժողովը մնացել է առանց նախագահի եւ անդամների ամբողջական կազմի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետը՝ Կարեն Հակոբյանը, այս տարվա մարտի սկզբին լքեց իր պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրա պես շատերն են ուզում լքել հանձնաժողովը՝ դժգոհելով եւ՛ հաստիքների համար քիչ վարձատրվելուց, եւ՛ բարդ ու մտավոր ծանր աշխատանքի անպտղությունից։
Տեղեկացանք նաեւ, որ հանձնաժողովում բարդ աշխատանքների հետ մեկտեղ նախագիծ չի առաջարկվում հաստիքացանկն ավելացնելու համար, նաեւ աշխատանքի վարձատրությունները կատարած աշխատանքի դիմաց շատ ահամաչափ քիչ են։
Ստացվում է, որ իշխանությունները ԿԿՀ նախագահի եւ անդամի ընտրությունները որոշ ժամանակով սառեցրել են, որ գտնեն իրենց «սրտի» ԿԿՀ նախագահին, որպեսզի քաղաքական վրեժ լուծեն ընդդիմախոսներից, եւ հանձնաժողովը աչք փակի կոռուպցիոներ ՔՊ-ականների հարստացման վրա։ Փաստը ցույց է տալիս, որ ՔՊ-ում չունեն իրենց նախընտրելի մարդուն, որը հեշտությամբ կկոծկի իրենց իսկ կոռուպցիոն քայլերը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: