Թատրոնի միջազգային օրը մասնագիտական միջազգային տոն է թատրոնի բոլոր աշխատողների պատվին, որը նշվում է ամեն տարի մարտի 27-ին՝ ամբողջ աշխարհում:
Այն առաջին անգամ ողջ աշխարհում նշել են 1961 թվականին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ կյանքի է կոչվել: Սակայն առաջին անգամ Թատրոնի միջազգային օրը տոնել են 1948 թվականին Պրահայում:
Հայաստանում այն սկսել են նշել դեռևս ԽՍՀՄ տարիներին: Խորհրդային միությունը Թատրոնի միջազգային օրվա միջոցառումներին մաս է կազմել 1959 թվականի՝ նախքան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից օրվա պաշտոնական սահմանումը. հենց այդ ժամանակ է Մոսկվայում ստեղծվել Թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը:
«Թատրոնն սկսում է կախիչներից». ռուս գրող և թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկիի մտքերից ծնված այս խոսքը ժամանակի ընթացքում թևավոր ասույթ է դարձել և ճիշտ և ճիշտ բնութագրում է թատերական աշխարհը: Թատրոնում չկան երկրորդական դերեր և մասնագիտություններ, հետևաբար թատրոնի օրը թատերական ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար է՝ դերասանների, թատերական ռեժիսոր-բեմադրողների, պրոդյուսերների, լուսային օպերատորների, հնչյունային օպերատորների, մոնտաժողների, ձևավորողների և նույնիսկ տոմսավաճառների ու հանդերձարանում աշխատողների:
Թատրոնի միջազգային օրը Հայաստանում նշվում է ոլորտի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությամբ:
Այս տարի 23-րդ մրցանակաբաշխության շրջանակում ներկայացված են մի շարք հայտնի և հաջողակ գործեր, անվանի և նոր անուններ: Այս տարի, ինչպես արդեն տեղեկացրել էին, մրցանակաբաշխությունը նվիրված է լինելու ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:
Այս տարի «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում ներկայացված են Արա Դեղտրիկյանը, Տիգրան Գաբոյանը, Իշխան Ղարիբյանն ու Արսեն Գրիգորյանը:
«Լավագույն կին դերակատար» անվանակարգում՝ Թեհմինե Խաչատրյանը, Եվա Զաքարյանը, Արաքսյա Մելիքյանը և Սիրանուշ Լազյանը:
«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում ներկայացված դերասաններն են Էրվին Ամիրյանը, Վարդան Կուղիանոսյանը, Հովհաննես Օհանյանը և Գևորգ Դավթյանը, իսկ «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգում՝ Ելենա Վարդանյանը, Նառա Սանթոյանը և Քրիստինե Ալիխանյանը:
«Լավագույն ներկայացում» անվանակարգում կպայքարեն Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի «Փոքրիկ ողբերգություններ», Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն՝ «Ինկած բերդի իշխանուհին» և «Ֆակտորի փրոդաքշն» Ազատ թատերախմբի՝ «Փայլոու» ներկայացումները:
Հուրի Բաղդասարյան